Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների գործերով պետությունը անգործություն է ցուցաբերում․ պատասխանատուները Փաշինյանը և Վարդապետյանն են»․ Արայիկ Պապիկյան

Դեկտեմբեր 10,2025 12:35

«Խաղաղ պայմաններում զորամասերում կամ հերթապահության ժամանակ սպանված զինծառայողների գործերով պետությունը շարունակում է ցուցաբերել անգործություն։ Այս տխուր պատկերի պատասխանատուները վարչապետ Նիկոլ Փաշինյանը և գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն են»,- բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողների՝ «Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան» ՀԿ-ում անցկացվող մամուլի ասուլիսի ժամանակ ահազանգեց Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ փաստաբան, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը։

Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության օրն է։ Արայիկ Պապիկյանի վստահեցմամբ՝ ՀՀ-ում մարդու իրավունքները պաշտպանված չեն․ «2025-ի ընթացքում քննության փուլում գտնվող 5 գործերով՝ Անդրանիկ Մկրտչյանի, Վալերիկ Մուրադյանի, Արթուր Ղազարյանի, Տիգրան Օհանջանյանի, Լևոն Թորոսյանի գործերով որևէ տեղաշարժ չի եղել։ Այս հինգ գործերի բացահայտման պատասխանատուն ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է, որը գործերի բացահայտման բանալին ունի դեռևս 2021-2022-ից, որի մասին անձամբ մի քանի անգամ զեկուցել է Նիկոլ Փաշինյանին։ Դեռևս այս չբացահայտման պատասխանատուները մնում են անպատիժ, իսկ նրանց հովանավորները երկրի վարչապետն ու գլխավոր դատախազն են՝ ըստ էության»։

Արայիկ Պապիկյանը մտահոգություն հայտնեց, որ խաղաղ պայմաններում զինված ուժերում մահացած զինծառայողների գործերով ոչինչ չի արվում․ «Տիգրան Օհանջանյանի գործի վերաբերյալ անցյալ տարվա ընթացքում քննությունը ոչինչ չի կատարել․ բազմաթիվ գործողություններ, որոնք պիտի կատարվեին, չեն կատարվել, կամ չեն ցանկանում կատարել։ ՀՀ քննչական կոմիտեն զինվորական, քննչական գլխավոր վարչությունը և մյուս պատասխանատու մարմիններն այս գործով ցուցաբերում են անգործություն։ Վալերիկ Մուրադյանի գործով մի մասն առանձնացվել և ուղարկվել է դատարան քննության՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Օրեր առաջ տեղի ունեցան առաջին հիմնական դատալսումները, որի ժամանակ հայտնեցինք դատավարության հետ մեր անհամաձայնությունը։ Արթուր Ղազարյանի գործով բացարձակ ոչ մի քայլ չի կատարվում։ Մեկ տարի քննչական մարմինը և դատախազն աշխատավարձ են ստացել մեր վճարած հարկերի հաշվին, որ ոչինչ չկատարեն։ Անդրանիկ Մկրտչյանի գործի կապակցությամբ մեզ հայտնի է մեկ-երկու փոքրիկ քննչական գործողություն, բայց այլ գործողությունների մասին մենք տեղեկություն չունենք։ Լևոն Թորոսյանի գործով դարձյալ նույն պատկերն է»։

Անդրանիկ Պապիկյանն ասաց, որ Վալերիկ Մուրադյանի և Տիգրան Օհանջանյանի գործով ունենք Եվրոպական դատարանի վճիռները, Արթուր Ղազարյանի և Անդրանիկ Մկրտչյանի գործով ԵԴ-ում արդեն գանգատներ կան։ Շուտով կլինի Լևոն Թորոսյանինը։ ԵԽ նախարարների կոմիտեն դեռ անցյալ տարի իր նստաշրջանի ժամանակ որոշում էր կայացրել պարտավորեցնել ՀՀ-ին՝ 2025-ին առարկայական քայլեր կատարել ու տեղեկություններ տրամադրել։ Սա ևս չի կատարվել»։

Արայիկ Պապիկյանը վստահեցրեց՝ շարունակելու են պայքարը․ «Փաշինյանները և վարդապետյանները գալու և գնալու են։ Այս ծնողները 2007-ից սկսած բազմաթիվ վարչապետեր, նախագահներ, դատախազներ են ճանապարհել։ Նրանցից շատերը գնացել են անհետագիծ, սրանք ևս գնալու են անհետագիծ, պատմության մեջ մնալու են՝ որպես մարդիկ, որոնք դատաիրավական համակարգը սարսափելի խայտառակ վիճակում թողեցին»։

Արայիկ Պապիկյանն ասաց՝ ծնողների հետ իրենք են ապացույցներ հայթայթել շատ դեպքերում․ «Մենք, ցավոք, հույսներս չենք դրել ոչ Փաշինյանի, ոչ Վարդապետյանի վրա։ Հույսներս դրել ենք, որ արդարադատությունը հաստատվելու է։ Իհարկե, չենք հավատում, որ այս իշխանության օրոք կլինի, քանի որ այս իշխանությունները պատասխանատուներին պաշտոններ է բաժանել։ Հիմա նոր քաղաքականություն են որդեգրել այս հինգ գործերով։ Գործերը թերի քննված անմխիթար վիճակում ուղարկում են դատարան։ Դատախազությունը շատ խորամանկ քայլ է մտածել․ պատասխանատվությունն իրենց վրայից գցեն, վեճը տեղափոխեն ծնող-դատարան հարաբերությունների դաշտ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031