«ԱԱԾ-ն այնպիսի հաջողությամբ է կատարել հանցավոր կազմակերպություններում ագենտների ներդրման պլանը, որ ներկայումս գործում են տաս հանցավոր կազմակերպություններ, որոնք կազմված են բացառապես ԱԱԾ աշխատողներից»․ այս հումորն այսօր Քաղաքական իրավունքի հայկական կենտրոնի (ՔԻՀԿ) կազմակերպած «Քաղաքական իրավունքները եւ հետապնդումները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց կազմակերպության համահիմնադիր, փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
ՔԻՀԿ-ն հրապարակել է 2025 թվականի զեկույցը, այն՝ «Անարդարադատությունը Հայաստանում» խորագիրն ունի։
Նրա գնահատմամբ, իրավապահները Հայաստանում կանաց-կամաց վերածվում են հանցավոր ոտնձգություններ կատարող հանցախմբի, քանի որ բացահայտ հայտարարվում է՝ նրանց կարելի է ամեն ինչ անել, նաեւ մարդկանց անձնական կյանք ներխուժել։
Հովհաննես Խուդոյանը փաստում է՝ Հայաստանում քաղաքական հետապնդումները ուղեկցվում են ապօրինի գաղտնալսումներով, դրանց հիման վրա գործեր հարուցելով․ այդպես էր ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանի պարագայում, «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի, «Սրբազան պայքարի» գործով եւ այլն։ Նա հայտարարեց՝ կան նաեւ հակադարձ քրեական վարույթներ։
Կարդացեք նաև
Հովհաննես Խուդոյանն անդրադարձավ ՀՅԴ-ականների նկատմամբ իրականացվող հետապնդումներին, մասնավորաբար Անդրանիկ Չամիչյանի գործին։ Հովհաննես Խուդոյանը նաեւ կարծում է, որ ՀՅԴ-ի նկատմամբ քաղաքական հակաքարոզչությունն է մեծացել, ՔՊ-ականները բացահայտ հայտարարում են, որ ՀՅԴ-ն ահաբեկչական կառույց է պետք է ճանաչել, մեծացել է նաեւ ՀՅԴ-ի նկատմամբ զրպարտությունը։
Խոսելով Միքայել Սրբազանի գործի մասին էլ՝ փաստաբանն ասաց․ «Պատկերացնենք, իրոք, բարձրաստիճան հոգեւորականը կատարել է հանցագործություն, քննչական մարմինների մոտ կարիք է առաջացել վարույթ նախաձեռնել վերջինիս նկատմամբ։ Ի՞նչ է անում սովորական պայմաններում ադեկվատ քննիչը՝ զանգում, նույնիսկ որպես հարգանքի դրսեւորում, գնում է Գյումրի, ասում է Սրբազանին՝ ձեր նկատմամբ վարույթ կա, գնանք հարցաքննության։ Ի՞նչ է անում նիկոլական քննիչը. իրենք փորձում են այդ գործողությունն անել այն ժամանակ, երբ որ Սրբազանը գտնվում է Մայր Աթոռում, ներխուժում են Մայր Աթոռ։ Սա ոչ միայն հետապնդում է Միքայել Սրբազանի նկատմամբ, այլ որպես առաջանային խնդիր՝ ուժի ցուցադրությամբ ներխուժում Մայր Աթոռ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































