«2007-ի օգոստոսի 30-ին է դեպքը տեղի ունեցել, իմ տղայի գործը 18 տարի քննվում է ՀՀ-ում, ունենք Եվրոպական դատարանի վճիռ, իսկ ՀՀ դատաիրավական համակարգը, քննչական մարմինները ոչինչ չեն անում՝ երկրի գլխավոր դատախազի ու վարչապետի հետ միասին»,- բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողների՝ «Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան» ՀԿ-ում անցկացվող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը։
Նա վստահեցրեց՝ Աննա Վարդապետյանն ու Նիկոլ Փաշինյանն իրենց խոստումը չեն կատարում․ «Նրանք խոստանում էին, որ ամեն ինչ կանեն՝ այս գործերը բացահայտվեն։ 2018-ին հենց Նիկոլ Փաշինյանն իջավ ներքև, կառավարության մոտ մենք ակցիա էինք անում, ասաց՝ այս գործերն անպայման պետք է բացահայտվեն։ 2018-ից առ այսօր մեր տղաների գործերի փոփոխությունը եղել է այն, որ մեր բողոքներից հետո հանձնաժողով են ստեղծել, և այն վերանայել է այդ գործերը, արդյունքում տվել է եզրակացություն, որ Տիգրան Օհանջանյանի գործով 150 էջանոց ապացույց կա, որ չի համապատասխանում պաշտոնական վարկածին, որ կատարվել է սպանություն, ոչ թե դժբախտ պատահար։ 150 էջանոց ապացույցն ի՞նչ եղավ։
Խոսքս միշտ ուղղել եմ տիկին Վարդապետյանին ու Նիկոլ Փաշինյանին։ Գիտենք, որ սուտասան եք, բայց այդ աստիճանի՞։ Տիկին Վարդապետյանը ԱԺ-ում հայտարարեց, որ ի սկզբանե վերացել են գործի իրեղեն ապացույցները։ Ո՞վ է վերացրել ապացույցները, վերացրել են քննիչները, դատախազները, որոնք առ այսօր չեն պատժվել։ Եթե նախկինների ժամանակ են սպանել իմ էրեխուն, իրենք նախկիններին թող մեղադրանք առաջադրեն։ Ո՞վ կա այս սպանության հետևում, որ նույնիսկ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Վարդապետյանը վախենում են բացահայտել։ Առ այսօր ոչինչ չեն արել։ 2022-ին Նիկոլ Փաշինյանն ընդունեց մեզ՝ մայրերիս, տիկին Վարդապետյանն ինքն էր զեկուցում՝ ինչ գործողություններ են կատարել։ Հայտարարեց, որ այս բոլորը սպանություններն են, որը պետք է վերաորակում ստանան։ Ոչ մեկը պատասխանատվության չենթարկվեց․ փոխարենը բոլորը բարձր պաշտոններում են»։
Գոհար Սարգսյանը վրդովվեց․ «Եթե երկրի ղեկավարները՝ Նիկոլ Փաշինյանից սկսած, չեն ծառայել, ի՞նչ են իմանալու զինվորի կյանքն ինչ է։ Այսօրվա իշխանության համար զինվորի կյանքը կոպեկի նշանակություն չունի»։
Կարդացեք նաև
Մահացած զինծառայողի մայրը նշեց, որ Աննա Վարդապետյանն իրենց չի ընդունում հետևյալ պատճառաբանությամբ․ «Տիկին Վարդապետյանը միշտ ասում է՝ եթե ձեզ ընդունեմ, շահերի բախում կունենամ։ Ի՞նչ շահերի բախման մասին է խոսքը։ Այսինքն՝ իրենք երևի գիտեն՝ մարդասպանն ով է, ես էլ գիտեմ, բոլորն էլ գիտեն։ Բոլոր դատախազների հետ էլ հանդիպել ենք, ոչ մեկի հետ շահերի բախում չենք ունեցել, իր հետ ինչի՞ պիտի ունենանք։ Այսինքն՝ ինքը մարդասպանին ինչ -որ բան է խոստացել։ Թող բացահայտի այս քրեական գործերը կամ փակի, եթե չեք կարողանում բացահայտել, ուրեմն փակեք։ Երկրի ղեկավարն առ այսօր իր խոստումը չի կատարում, հավատացել ենք, բայց ափսոս։ Հավատքով այս յոթ տարին սպասեցինք, որ մի բան կանի։ Տիգրան Օհանջանյանի գործով իրեղեն ապացույցները վերացել են, թող 2018-ի հեղափոխության ժամանակ սպանված Լևոն Թորոսյանի գործը բացահայտի, որ ասենք՝ նախկինների ժամանակ է եղել մեր տղաների սպանությունը, իրեղեն ապացույցները ոչնչացրել են, դե թող 2018-ին եղած գործը բացահայտի»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































