Լրահոս
Օրվա լրահոսը

«Աննա Վարդապետյանն ասում է՝ ակտիվ քննչական գործողություններ են անում, ես ասում եմ՝ ոչինչ չի արվում, որ բացահայտվեն այս քրեական գործերը»․ Նանա Մուրադյան

Հուլիս 07,2022 21:40

«Շուտով կլինի մեկ տարի՝ մեզ տվել են եզրակացությունները։ Բայց ոչինչ չի արվել մինչև այսօր»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայող Վալերիկ Մուրադյանի իրավահաջորդ, նրա մայրը Նանա Մուրադյանը։

Նա հայտնեց՝  ասում են՝ ձերբակալել են ինչ-որ մեկին, գործողություններ են իրականացնում, որ Ռուսաստանից բերեն, բայց մտահոգություն հայտնեց, որ նորից քննությունը տանում են դեպի ինքնասպանության հասցնել ու վրդովվեց․ «Ոչինչ չեն ուզում անել, որ քննեն սպանության գործը։ Աննա Վարդապետյանն ասում է, որ ակտիվ քննչական գործողություններ են անում, ես ասում եմ հակառակը․ ոչինչ չի արվում, որ բացահայտվեն այս քրեական գործերը»։

Նանա Մուրադյանն ուրախ է, որ ՀՀ գլխավոր դատախազն Աննա Վարդապետյանն է լինելու։ Նա պարզաբանեց․ «Նա շատ լավ ծանոթ է մեր գործերին։ Եղել է վեց իրավաբաններից բաղկացած խմբի ղեկավար, որոնք կետ առ կետ ուսումնասիրել են մեր գործերը։ Շատ լավ ուսումնասիրել են և լավ տեղյակ են։ Իրենք էլ են պաշտոնական վարկածները կասկածի տակ դնում։ Տեսել են՝ ինչ հանցագործություններ են կատարվել այս քրեական գործերում։ Մենք պահանջելու ենք, որ Աննա Վարդապետյանն այս բոլոր գործերին ի վերջո լուծում տա, և հանցագործներն իրենց պատիժը կրեն»։

Ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայող Անդրանիկ Մկրտչյանի իրավահաջորդ, նրա մայրը Նարինե Մկրտչյանը վստահեցնում է, որ իր որդին ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ նրան սպանել են։ Այս առիթով ասաց․ «Չէր կարող 26 տարեկան կապիտանը տնից գնալ մի նպատակով, որ պետք է իր վաշտը ճանաչվեր լավագույնը, հաջորդ պահին լուր ստանայինք, որ նա ինքնասպան է եղել։ Ժամը 12։30-13։00-ի սահմաններում խոսել եմ հետը, որ պետք է զորքը տաներ ճաշարան, ինձ զանգեր, այդպես էլ չզանգեց։ Շատ շնորհակալ ենք խմբի աշխատանքից։ Տիկին Վարդապետյանը լիովին տիրապետում է այս գործերին, գիտի՝ այս չորս գործն էլ սպանություն են։ Իսկ քննիչների ու դատախազների անգործությունը բերում է նորանոր դեպքերի, որոնք չեն բացահայտվում»։

«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցն էլ նշեց․ «Այդ ո՞նց է լինում, որ գործը կոծկած քննիչին ԱԺ-ում քվեարկում, դարձնում են հակակոռուպցիոն դատարանի դատավոր։ Սա էն վիճակն է, ինչի մասին խոսել ենք։ Ես շատ ուրախ եմ ծնողների խիզախության և հետևողականության համար։ Ինձ համար շատ կարևոր է, որ մայրերն ունեն ձեռքի տակ վերլուծություն, որն արվել է։ Տիկին Վարդապետյանն այս գործերով ծանր իրավիճակում է։ Ինքը ամենալավն է ծանոթ այս գործերին։ Նա արդեն գլխավոր դատախազի կարգավիճակ ունի և պարտավորություն է կրում որպես գլխավոր դատախազ և զուտ մարդկայնորեն։ Եթե դու մարդկանց աչքերի մեջ նայել ես, ընդունել ես, որ խնդիր կա, համաձայնվել ես, նշանակում է, որ դու նաև մարդկայնորեն ընդունում ես, որ այստեղ խնդիր կա։ Այս գործերը Աննա Վարդապետյանի աշխատանքի ցուցանիշ են լինելու»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031