Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում Հայաստանի պատվիրակության մասնակցությունը Բաքվում նախատեսված որեւէ միջոցառմանը։ Այս մասին դեկտեմբերի 10–ին, Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված «Էթիկական չափորոշիչները իրավահավասարության եւ հակախտրականության երաշխավորման ոլորտում» համաժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ըստ նրա՝ տարածաշրջանային որեւէ ձեւաչափի միջոցառումներին չմասնակցելը չի կարծում, որ «ճիշտ տրամաբանություն կլինի»։ «Ենթադրում եմ՝ Ստամբուլում կայանալիք համաժողովի շրջանակներում շփումներ կլինեն իմ եւ Ադրբեջանի խորհրդարանի նախագահի միջեւ»,-նշել է Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ։
Դոհայում կազմակերպված քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը հայտարարել էր, որ Երեւանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի եւ նավթամթերքի արտահանման հարցը:
Կարդացեք նաև
«Չեմ ուզում կենտրոնանանք միայն նավթամթերքի վրա։ Բոլոր տեսակի ապրանքների շրջանառություն պետք է լինի եւ մենք դրան պատրաստ ենք։ «Խաղաղության խաչմերուկ»-ը եւ այն խաղաղությունը, որի վերաբերյալ խոսում ենք, հենց դրա մասին է՝ բոլոր տեսակի ապրանքների մասին է խոսքը: Հայաստանը պետք է օգտվի էներգակիրների բոլոր հնարավոր այլընտրանքներից՝ հնարավորություն տալով, որ Ադրբեջանը եւս իր շահն ու հետաքրքրությունն ունենա ՀՀ տարածքով դեպի Նախիջեւան կամ Թուրքիա նույնպես արտահանելու»,-ասաց Ալեն Սիմոնյանը։
Հայաստան-Եվրամիություն նոր փաստաթղթի շուրջ Ադրբեջանից հնչած մտահոգությունները ԱԺ նախագահը չմեկնաբանեց։ «Այս փուլում պատրաստ չեմ մեկնաբանել. ավելի ուշ, կարծում եմ՝ մեկնաբանություն կլինի ԱԳՆ-ի կողմից»,-ասաց նա։
Իսկ հնարավո՞ր է Բաքվի այդ հայտարարությունը հետաձգի խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ հարցին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որովհետեւ աշխատանքները բոլոր ուղղություններով Ադրբեջանի հետ շարունակվում են, եւ պետք է ասեմ, որ այդ պոզիտիվ տրամադրվածությունը թե՛ մեր, թե՛ Ադրբեջանի կողմից կա, եւ պետք է ասեմ, որ այն մտահոգությունները, որոնք որ մեզ մոտ են հնչում, միգուցե մի քիչ այլ ձեւակերպումներով հնչում են նաեւ Ադրբեջանում: Ուստի մենք պետք է շարունակենք քննարկումները, որպեսզի մեկս մյուսի մտահոգությունները փարատենք, ինչպես նաեւ վստահության վերականգնման ճանապարհ անցնենք, որը, կարծում եմ, հեշտ չի լինելու, բայց իրագործելի է»:
Արմեն ԴԱՎԹՅԱՆ


















































