Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն այսօր Արցախի Ազգային ժողովի հրավիրած լսումների ժամանակ անդրադարձավ արցախցիների սոցիալ-տնտեսական իրավունքներին։
«Այս թեման մեկուսացված չէ արցախցիների վերադարձի թեմայից, որովհետեւ բոլորս էլ քաջ հասկանում ենք, որ առանց ՀՀ-ում արցախցիների հավաքականության պահպանման, վերադարձի մասին խոսակցությունները ժամանակի ընթացքում մարելու են, որովհետեւ պետք է լինեն մարդիկ, ովքեր պետք է այդ իրավունքի կրողը եւ առաջ մղողը լինեն։ Հետեւաբար, մեր բոլորի ջանքերը պետք է ուղղված լինեն առաջին հերթին ՀՀ-ում արցախցիների հավաքական ներկայության պահպանմանը»,- ասաց նա։
Ստեփանյանը նշեց, որ աջակցությունների ծավալի եւ շահառուների թվի կրճատումն էապես խորացրել է տեղահանվածների սոցիալական ծանր իրադրությունը։ «Ամենակարեւոր պրոբլեմը բնակարանային կամ կեցության հարցի հասցեագրումն է։ Գիտեք, որ գոյություն ունի բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիր։ Թեեւ տարբեր հարթակներում բարձրաձայնել ենք, նաեւ մեր հայրենակիցների հետ ունեցել ենք հանրահավաքներ, բայց այդ ծրագիրն իր այսօրվա դրույթներով չի համապատասխանում տեղահանվածների բնակարանային կարիքների ապահովմանը։
Մի քանի տվյալ, որպեսզի պատկերն ավելի հասկանալի եւ ընկալելի լինի։ Թեեւ որոշակի բարելավումների արդյունքում նկատվել է դիմումների աճ, բայց, այնուամենայնիվ, փաստն այն է, որ տեղահանությունից 2 տարի անց 25 հազար տեղահանված ընտանիքներից այդ ծրագրով կարողացել է բնակարան ձեռք բերել ընդամենը 1500-ը։ Նոյեմբերի 20-ի դրությամբ հավաստագիր կոչվածից ստացել է 3500 ընտանիք, որոնցից 1500-ն են կարողացել իրացնել հավաստագիրը։
Կարդացեք նաև
Ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ հավաստագիր ստացածների եւ իրացրածների միջեւ եւս բավականին մեծ տարբերություն կա։ Եվ սա թույլ է տալիս ենթադրել, որ անգամ հավաստագիր ստանալուց հետո մարդիկ չեն կարողանում դրանք իրացնել եւ վերջնականապես լուծել կեցության հարցը։ Սա պայմանավորված է նրանով, որ այն համայնքներում, որտեղ այդ հավաստագրի արժեքը մեծացել է, զուգահեռաբար աճել է նաեւ այդ բնակավայրերի անշարժ գույքի արժեքը։ Սա խոսում է այն մասին, որ նման ծրագրերով այս հարցը կարգավորելը գրեթե անհնար է, եւ պետք է դիտարկել նաեւ որոշակի կառուցապատում իրականացնելու, բնակարաններ կառուցելու եւ դրանք տեղահանվածներին տրամադրելու հնարավորությունները»,- ասաց նա։
Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ առաջարկվող ծրագրերը որեւէ ձեւով չեն աջակցում արցախցիների հավաքական բնակեցմանը։ «Այս ուղղությամբ մեր պնդումներին ու առաջարկություններին կառավարության կողմից պատասխան է հնչում, որ իրենք շահագրգիռ չեն արցախցիների գետտոյացման հարցում, ինչը հիմնազուրկ պնդում է, որովհետեւ հավաքական բնակվելը, հատկապես նույն ազգի ներկայացուցիչների շրջանում ապրելը, որեւէ ձեւով գետտոյացման չի կարող հանգեցնել»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ բնակապահովման ծրագրով ՀՀ քաղաքացիություն ստանալու պահանջը շարունակում է մնալ իրացման խոչընդոտներից մեկը։ Բայց վերջին շրջանում քաղաքացիություն ստանալու դիմումների աճ եւս նկատվել է։ Նոյեմբերի 20-ի դրությամբ քաղաքացիության համար դիմել է 23 107 տեղահանված անձ, եւ 15 500 տեղահանվածներ ստացել են քաղաքացիություն։ Եվս 7500 անչափահասներ ծնողների քաղաքացի դառնալու հանգամանքով պայմանավորված՝ ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն։ Այս հարցում հանդիպող ամենամեծ խնդիրը կորցված փաստաթղթերի վերականգման հարցն է։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































