«Եթե մենք այս հիմնարար հարցերին լուծումներ չենք տալիս, անիմաստ է ընդհանրապես խոսել խաղաղության գործընթացի մասին։ Խաղաղությունը չի կարող անտեսել մարդու իրավունքները»,- «Անհայտ կորած անձանց հարցը որպես մարդու իրավունքների չլուծված հրատապ խնդիր» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով անհայտ կորած անձանց խնդիրների մասին՝ ասաց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր ղեկավար, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
Ըստ նրա՝ մենք պետք է ամեն ինչ անենք, որ Ադրբեջանը չկարողանա այս հարցերով մեզ մանիպուլացնել և «այդ հարցերը վաճառել» մեզ վրա․ «Խաղաղության համաձայնագրում ամրագրված է ընդամենը, որ կողմերը հասցեագրում են անհայտ կորածների մասին դեպքերը և ասում է՝ հարկ եղած դեպքում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցաբար նրանց վերաբերյալ տեղեկություններ փոխանակելու միջոցով։ Սա թույլ ձևակերպում է․ ի՞նչ է նշանակում հարկ եղած դեպքում։ Դեռ մի բան էլ ամրագրված է, որ մանրամասները կբացահայտվեն առանձին համաձայնագրով ու կհամաձայնեցվեն։ Անորոշ դրույթով թողնվում է հետագային, անհասկանալի է մնում, թե այդ ի՞նչ համաձայնագիր է լինելու, ի՞նչ պայմաններում են բանակցությունները լինելու»։
Արման Թաթոյանը փաստեց՝ Արցախի տարածքում Ադրբեջանը կատարում է շինարարություն, հայտարարում զանգվածային արտաշիրիմումների մասին․ «Մենք ի՞նչ գիտենք՝ ովքեր են այդ մարդիկ, հայե՞ր են, թե՝ ոչ, ո՞ր դեպքերի հետ են կապված, ի՞նչ է հետո մեզ բերելու, պահանջելու, մեր առաջ դնելու։ Չունենք միջազգային վերահսկողության մեխանիզմներ, որ այդ մեխանիզմներով կարողանայինք Ադրբեջանին պահանջներ ներկայացնենք։ Երկկողմանիորեն չի կատարվում, քանի որ Ադրբեջանն այս հարցերը միջազգային հանրության աչքից մեկուսացրել է։
Կարդացեք նաև
Հիմա, եթե մենք միջազգային վերահսկողությունը հանում ենք, և միջազգային վերահսկողությունը մեկուսացվում է ու ամրագրում ենք միայն այս պայմանագրով, հետո, եթե գնանք, միջազգային մարմիններին դիմենք, ասենք՝ օգնեք, այս տեղեկությունները ստանանք, ասելու են՝ գնացեք, առաջինը ձեր հարցերը կարգավորեք․ առանձին նախատեսված է։
Այս գործընթացը շարունակական է այնքան ժամանակ, մինչև ընտանիքները լիարժեք տեղեկություններ չստանան իրենց հարազատների ճակատագրերի վերաբերյալ։ Այստեղ շեմը չափազանց բարձր է, և միջազգային մեխանիզմներն այստեղ մեզ կարող են մեծ օգնություն ցուցաբերել, որ թույլ չտանք, որ Ադրբեջանը նման կերպ վարվի։
Սրանից այն կողմ կարևորագույն հարց գոյություն չունի․ մարդու ճակատագրի հարցն է։ Ամեն ինչ անում են, որ քաղաքականությունը տանեն միջազգային դիվանագիտության բնագավառ, որ մարդու իրավունքների հարցեր այդ տեսանկյունից առաջ չքաշվեն, որ կարողանան հետո չարաշահումներ անել։ Ընտանիքներն ունեն կարևորագույն իրավունքներ․ նրանք ունեն լիարժեք իրավունք ստանալու տեղեկություններ իրենց հարազատների, տղաների, հերոս որդիների՝ գտնվելու վայրի, պայմանների մասին։ Դա չի հանդուրժում հետաձգում»։
Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































