«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչվել է բոլոր միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից, որոնք արձանագրել են, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման հիմական սկզբունքների հիման վրա»,- Արցախի Ազգային ժողովում «Վերադարձ Արցախ. խնդիրներ, մարտահրավերներ, հնարավորություններ» թեմայով լսումների ժամանակ ասաց Արցախի ԱԺ նախագահ, Արցախի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Դանիելյանը։
Նա ներկայացրեց Արցախի իշխանությունների օրակարգում առկա հարցերը։ Ասաց, որ առանց Լեռնային Ղարաբաղի ընտրված իշխանությունների հետ որեւէ խորհրդակցություն իրականացնելու կամ համաձայնության ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման դիմում ներկայացվեց։
«Սա այն դեպքում, երբ այս կառույցներն են սահմանել Լեռնային Ղարաբաղի ընտրված ղեկավարության՝ հակամարտության կարգավորման գործընթացին լիարժեք մասնակցելու իրավունքը։ Եվ տարիներ շարունակ տարածաշրջան այցելությունների ժամանակ անպայման հանդիպումներ էին ունենում նաեւ Արցախի նախագահի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Մինսկի խմբի լուծարումն իրականացվել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների դիմումի հիման վրա։ Այդ դիմումը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքը, արդարացնում է Արցախի հայ բնակչության դեմ իրականացված ցեղասպանությունն ու էթնիկ զտումը եւ անտեսում է 150 հազար մարդու՝ սեփական հայրենիք վերադառնալու ու ինքնորոշվելու անօտարելի իրավունքը։ Այս որոշումը համապատասխանում է Ադրբեջանի իշխանությունների երկար տարիների ձգտումներին, որոնց համար պարզապես կանաչ լույս վառեցին Հայաստանի Հանրապետության իշխանությունները»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Մյուս խնդիրն այն է, որ, Աշոտ Դանիելյանի խոսքով, հակամարտությունը կարգավորված չէ։ Ներկայիս իրավիճակը ստեղծվել է ռազմական ագրեսիայի հետեւանքով՝ խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը եւ միջազգային իրավունքի նորմերը։ Իսկ միջազգային իրավունքն ասում է, որ ինքնորոշման իրավունքն իրացրած ժողովրդի նկատմամբ ռազմական ագրեսիա, էթնիկ զտումներ ու ցեղասպանություն կիրառող պետությունը հանցագործ է եւ միջազգային ատյաններում պետք է ստանա համապատասխան գնահատականներ։
Մանրամասները՝ տեսանյութում
«Մեր գլխավոր նպատակն է իրացնել Արցախի ժողովրդի իրավունքները՝ վերադառնալ սեփական հայրենիք, անվտանգ ապրել եւ ինքնորոշման հիման վրա որոշել քաղաքական կարգավիճակը։ Արցախի ժողովրդի անունից հանդես գալու լիազորություն ունեն միայն Արցախի իշխանությունները, ուստի, անհրաժեշտ ենք համարում համապետական ընտրությունների կազմակերպում, որին պետք է մասնակցի Արցախի ժողովուրդը։ Հայտնի պատճառներով հիմա անհնար է ընտրությունների անցկացումը, ուստի, պետք է ընտրություններ կազմակերպել առաջին իսկ հնարավորության դեպքում»,- նշեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































