Անդրադառնալով «Թրանսփարենսի Ինթերնեյշնլի» այն հայտարարությանը, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց չի գրանցվել, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Դա վատ չէ, մենք ռեգրես չունենք, պրոգրես ենք ունեցել հեղափոխությունից անմիջապես հետո, եւ այդ պրոգրեսը պահպանվել է մինչեւ հիմա:
Այսինքն, բոլոր այն մտահոգությունները, որոնք բարձրաձայնվում են որպես ռեգրես, փաստենք, որ չեն համապատասխանում իրականությանը այն պարզ պատճառաբանությամբ, որ կոռուպցիայի ընկալման համաթիվն առնվազն մնացել է նույնը, ինչը չի նշանակում, որ մենք չպետք է ստեղծենք այնպիսի հնարավորություններ, որ համաթիվը փոփոխվի դրական առումով: Եվ այդ փոփոխությունների հիմքում ընկած գաղափարներն այսօր նախագծերի տեսքով մենք ներկայացրինք եւ քննարկեցինք»:
Ինչ վերաբերվում է այն հարցին, թե համակարգային կոռուպցիա կա, այս մասին էլ նշեց. «Իմ պատասխանը մեն է, միանշանակ է, որ Հայաստանի Հանրապետությունում համակարգային կոռուպցիա չկա, եւ հասկանալու համար, թե ինչ եմ ասում, պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում համակարգային կոռուպցիա: Իմ ասածը բնավ չի նշանակում, որ մեր երկրում չկա կոռուպցիա: Մեր երկրում կան կոռուպցիոն դրսեւորումներ, ինչպես որ կա աշխարհում, ուղղակի մենք հաջողել ենք այնպիսի մեխանիզմներ ստեղծելու հարցում,որոնք այլեւս ունակ են, բացահայտելու նմանատիպ դեպքերը»:
Լրագրողի հարցին, որ ներկայիս որոշ պաշտոնյաներ եկել են իշխանության եւ միանգամից մի քանի գույք են ձեռք բերել, ինչպես, օրինակ, Ռոմանոս Պետրոսյանը, Սրբուհի Գալյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Երբ դու ունես կայուն աշխատավարձ եւ քո վրա տարածվում են անհամատեղելիության պահանջներ, մասնավորապես չես կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ եւ այլն, քո ստացած եկամուտը փորձում ես ինչ-որ տեղ ներդնել, բիզնեսում չես կարող, բայց ապագայի համար գոնե մեկ-երկու տուն ես ձեռք բերում…
Կարդացեք նաև
Բոլոր պաշտոնատար անձինք ներկայացնում են հայտարարագրեր, որոնք հասանելի են կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքում: Մարդիկ աշխատում են, կատարում են ծանր աշխատանք»:
Լրագրողի մեջբերմանը, որ շատերն այս այս իշխանությունների մասին ասում են՝ սոված եկան իշխանության, հիմա տներ են առնում, Սրբուհի Գալյանը հետեւյալ կերպ պատասխանեց. «Ես իմ մասին եմ խոսում, երբեք սոված չեմ եղել, չեմ եւ չեմ էլ լինելու, որովհետեւ լավ եմ սովորել եւ լավ աշխատանք ունեմ, վաղն էլ եմ լավ աշխատանք ունենալու…»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































