Այսօր՝ դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, AntiFake.am-ի թիմը խորհրդանշական ակցիա է իրականացրել Ազատության հրապարակում «Իմնեմինիմի» փոդքասթի վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի՝ շուրջ մեկ ամիս ապօրինի կալանավորման առնչությամբ։
Ազատության հրապարակում տեղադրվել է «Ազատություն քաղբանտարկյալներին» գրությամբ Նարեկ Սամսոնյանի և Վազգենի Սաղաթելյանի նկարներով և «Իմնեմինիմի» փոդքասթի լոգոյով մեծադիր պաստառ, դրա դիմաց՝ երկու դատարկ աթոռներ, իսկ մեծադիր պաստառի և աթոռների դիմաց՝ մեծ ճաղավանդակ՝ ի նշան այն բանի, որ Նարեկն ու Վազգենն ապօրինի անազատության մեջ են և զրկված են իրենց հեղինակային հաղորդումը վարելու հնարավորությունից։
Ակցիան մեկնարկել է «Իմնեմինիմի» փոդքասթի հեղինական երաժշտությամբ և Նարեկի ու Վազգենի բացման խոսքով․
Վազգեն Սաղաթելյան․ «Բարի երեկո, սիրելի ընկերներ»։
Կարդացեք նաև
Նարեկ Սամսոնյան․ «Բարի երեկո մեզ շատ սիրող և հատկապես չսիրող մարդիկ։ Եթերում է «ամենաօբյեկտիվ» և «ամենաանաչառ», «դասական լրագրության մեռած» առաջին քրեաքաղաքական փոդքասթը․․․»։
Խորհրդանշական ակցիայի ընթացքում AntiFake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը ներկայացրել է AntiFake.am-ի, Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ տեղի ունեցող ապօրինությունները։
Տասնյակ քաղաքացիներ լուսանկարվել են ճաղավանդակների ֆոնին, իսկ «Աբսուրդի պատին» իրենց դիրքորոշումն են արտահայտել Հայաստանում ռեժիմի կողմից «հետույք» բառի համար կալանավորված, ինչպես նաև մեր երկրում տեղի ունեցող քաղաքական հալածանքների վերաբերյալ։
Ակցիան Ազատության հրապարակից տեղափոխվել է Հյուսիսային պողոտայի սկզբնամաս և տևական ժամանակ շարունակվել այդ հատվածում։


















































