Լրահոս
Օրվա լրահոսը

«Շրջանառվում է H3N2 ատիպիկ գրիպը, այս պահին չունենք այն համաճարակային իրավիճակը, որ գնանք ընդհանուր դասապրոցեսի կանգնեցմանը»․ Անահիտ Ավանեսյան

Դեկտեմբեր 11,2025 13:08

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ սուր շնչառական վարակների տարածվածությանը։ 

«Սուր շնչառական վարակների մասով ունենք ակտիվացում, թե ամբուլատոր օղակում դիմելիության եւ թե հիվանդանոցային։ Իհարկե, մեր հսկողության տակ է, եւ ամենօրյա մոնիթորինգ ենք իրականացնում թե դուրս գրված, թե նոր դեպքերի մասով։ Մենք աշխատում ենք կրթության նախարարության մեր գործընկերների հետ՝ գործարկելու այս մեխանիզմը, որ այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20 տոկոսից ավելի է, ապա նրանք հնարավորություն ունեն անցնելու հեռավար դասերի։ Ամենօրյա բացակայությունների թիվը եւս մենք իրար փոխանցում ենք եւ աշխատում ենք դպրոցների հետ։ Այս պահի դրությամբ չեմ կարող ասել, թե քանի դասարան է անցել հեռավար կրթական պրոցեսի, բայց դասապրոցեսների հետ կապված որոշումները կայացվում են՝ հիմնվելով իրավիճակի վրա։ Եվ մենք այս պահին չունենք այն համաճարակային իրավիճակը, որ գնանք ընդհանուր դասապրոցեսի կանգնեցմանը»,- ասաց նա։

Ավանեսյանը նշեց, որ շրջանառվող շտամը՝ H3N2 ատիպիկ գրիպն արտահայտվում է ջերմության բարձրացմամբ, կայուն ջերմություն է առաջացնում մանավանդ մինչեւ 18 տարեկանների մոտ։ Երեխաները, խոցելի խմբերն ու տարեցներն ավելի ծանր են տանում այս հիվանդությունը։ «Ուստի, եթե չունեք ախտանշաններ, մանավանդ ռիսկի խմբերին կոչ եմ անում՝ անպայման պատվաստվեք, որովհետեւ մեր ցուցանիշները նաեւ ցույց են տալիս՝ պատվաստված անձինք կամ չեն վարակվում, կամ վարակվելու պարագայում շատ թեթեւ են տանում ախտանշանները»,- նշեց նախարարը։

Անդրադառնալով թոքաբորբի տարածվածությանը՝ Ավանեսյանն ասաց, որ թոքաբորբեր առաջացնում է ոչ միայն այս շտամը, շրջանառվում են նաեւ այլ վարակներ։ «Եվ, այո, մենք դիտարկում ենք նաեւ հիվանդանոցային օղակում թոքաբորբերի ցուցանիշները։ Բայց որեւէ ահագնացող կամ մտահոգություն առաջացնող պատկեր այս պահին չունենք»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031