«Շատ կարևոր նորություն իմացանք երեկ՝ Բեռլինում։ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանն ասաց, որ մյուս տարվանից՝ հունվարից կամ փետրվարից Գերմանիայի դեսպանատանն այլևս հերթեր չեն լինելու»,- Գերմանիա պետական այցի արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտնեց, որ ԵՄ գործընկերներին մշտապես փոխանցում են՝ ՀՀ-ում մարդիկ իրենց ասում են՝ լուրերով նայում ենք՝ ԵՄ-ի հետ հարաբերությունները կարգավորվել են, իսկ միայն վիզա ստանալու դիմում հանձնելու համար իրենք տասը ամիս ստիպված են սպասել․ «Առաջին արձագանքը ՀՀ-ում Գերմանիայի դեսպանինն էր, որը պաշտոնապես հայտարարեց, որ մյուս տարվա սկզբից հերթեր չեն լինելու»։
Նիկոլ Փաշինյանը, հիմնվելով իր ներկայացրած այն վիճակագրության վրա, որ 2018-ի համեմատ դեպի ԵՄ ուղևորությունները մոտ 400-500 տոկոսով աճել են, ասաց․ «10 ամսվա էլ բոլոր դեսպանատներում հերթ կա։ Դա նշանակում է, որ 600-700 տոկոսով են աճել ուղևորությունները։ Երբ խոսում եմ տնտեսական աճի մասին, բարեկեցության մակարդակի աճի մասին, ասում են՝ ի՞նչ ես խոսում, էլի գնացիք, կաբինետում փակվեցի՞ք։ ԵՄ մեկնողները ձեռքերը թափ տալով, ծակ կոշիկով, սոված, կարկատած շալվարով են գնո՞ւմ Հռոմ կամ Բեռլին։ Բոլորը մոռացել են, որ ՀՀ-ում ասենք՝ ավիատոմսը մի անհասանելի բան էր՝ աստղաբաշխական գներով։ Այսօր մարդիկ կարող են 35, 40, 50 եվրոյով տոմս առնել ու ասեն՝ դե ոչ մի բան է, ոնց եկան, ի՞նչ տարբերություն, ի՞նչ է փոխվել։ Ոչ մեկը չի հիշում։ Ես խմբագիր եմ եղել․ ավիատոմսերի մենաշնորհի հետևում գործող կոռուպցիոն սկանդալի մասին տարիներով քննարկումներ են եղել։
Երկրորդն էլ՝ այդ մարդիկ ինչո՞վ են գնում Ե․ հյուրանոցում պիտի ապրեն, սնվեն։ Ֆեյսբուքում եմ տեսնում, մարդիկ գրում են՝ դե շաբաթ-կիրակի գնացինք Վիեննա, կոֆե խմեցինք, ման եկանք, հետ եկանք․․․ ոչ մի բան չի փոխվել։ Մարդիկ Սևանի փոխարեն գնում են ԵՄ, բայց ասում են՝ կառավարությունը սուտ է ասում, նկարում է թվերը․ էդ թվերն էլ ԵՄ-ն է մեզ տվել»։
Կարդացեք նաև
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































