Դեկտեմբերի 10-ին Արցախի Ազգային ժողովը լսումներ էր կազմակերպել՝ «Վերադարձ Արցախ. խնդիրներ, մարտահրավերներ, հնարավորություններ» թեմայով, որտեղ Արցախի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Դանիելյանը հայտարարեց, որ Արցախի իշխանություններն ու արցախցիներն այս լսումներով բացում են պայքարի նոր էջ։ Լսումների մասնակիցները երեկվա իրենց ելույթներում շեշտադրում էին արցախցիների անվտանգ վերադարձի, ինքնորոշման իրավունքի իրացման եւ գերիների վերադարձի հարցերը։ Իսկ այսօր հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Արցախի ներկայացուցչությունում։ Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը հայտնել է, որ խուզարկության վերաբերյալ դատարանի որոշում կա, ինչ-որ փաստաթղթեր են փնտրում ներկայացուցչությունում։
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց, որ խուզարկությունը շարունակվում է, քննչական մարմինը բացատրություն չի տալիս իրենց, թե ինչ գործողություններ են իրականացնում։ «Բայց եթե երեկ նաեւ ադրբեջանական լրահոսին եք հետեւել, ակնհայտ հրահանգ կար Ադրբեջանի կողմից՝ հերթական բռնաճնշումների ալիքն իրականացնելու կամ մեծացնելու բռնաճնշումները, ինչը հիմա փաստացի տեղի է ունենում։ Եվ, այո, դա հստակ կապված է այն հանգամանքի հետ, որ երեկվա օրակարգը բացարձակ գործնական օրակարգ էր, որը բնական է, նաեւ ենթադրում է հետեւանքներ զուտ աշխատանքային առումով։ Եվ պարզ երեւաց, որ արցախյան եւ հայաստանյան քաղաքական դաշտը, անկախ ներքին հակադրություններից, Արցախի հարցի շուրջ որեւէ այլ տարբերակ չեն դիտարկում, քան համառ աշխատանքը։ Եվ կա այն գիտակցումը, որ վերադարձի հարցը որեւէ կերպ փակված չէ, վերադարձի հարցը փութաջանորեն փակում են միմիայն Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները։ Հետեւաբար, պետք է համառ աշխատանք։ Սա ընդամենը քաղաքական օրակարգ է եղել՝ որեւէ խնդիր չառաջացնող ՀՀ համար եւ չխաթարելով առանց այն էլ խաթարված անվտանգությունը։ Բայց այս իշխանությունները դա հենց իրենց իշխանությանն ուղղված վտանգ են դիտարկում»,- ասաց նա։
Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ քննչական մարմիններին անօրեն հրահանգ է տրված։ «Վստահ եմ՝ որոշումն էլ ունեն, թե որոշումն ինչպիսին է լինելու այդ խուզարկության արդյունքում, այս պահին չգիտենք, բայց շուտով կտեսնենք նաեւ դրա հետեւանքները»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































