Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեակատարողական բժշկական կենտրոնն առաջարկել է կազմակերպել Միքայել սրբազանին ցուցված վիրահատությունը

Դեկտեմբեր 11,2025 14:48

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում իր հաշվին Միքայել Սրբազանի վիրահատվելու հարցը բարձրացվել էր դեռևս 07.10.2025 թվականի Քրեակատարողական ծառայությանն ուղղված դիմումով: Քրեակատարողական ծառայությունը նշված դիմումը վերահասցեագրել էր «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ին:

Միաժամանակ Միքայել Սրբազանի պաշտպանը 29.10.2025թ. գրավոր դիմում էր ներկայացրել Քրեակատարողական բժշկական կենտրոնին, որին ի պատասխան միայն 28.11.2025թ. Կենտրոնի տնօրենը հայտնել էր, որ Միքայել Սրբազանը հրաժարվել է անվճար վիրահատությունից:

Հետագայում, արդարադատության նախարարը այս իրավիճակը փորձել էր բացատրել, իբրև սահմանված դիմում չներկայացնելու հանգամանքով: Այդպիսի դիմումներ չէին համարել Միքայել Սրբազանի պաշտպանների դիմումները:

Ընդ որում, 2025թ. հոկտեմբերի 7-ից սկսած 2 ամսվա ընթացքում որևէ պաշտոնատար անձ գրավոր կարգով չի պարզաբանել, որ պետք է ձևական որոշ պահանջներ ապահովել, քանի որ միայն այդ դեպքում իրենք հաշվի կառնեն կալանավորված անձի առողջության իրավունքը:

Ըստ այդ ձևական պահանջի, կալանավորված անձը պետք է գրավոր դիմում ներկայացնի քրեակատարողական հիմնարկում տեղակայված բժշկական ստորաբաժանման ղեկավարին և նշի նաև քաղաքացիական բժշկական հաստատության բժշկի անունը, ազգանունը, բժշկական հաստատությունը, որտեղ աշխատում է բժիշկը, վերջինիս կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն):

Ակնհայտ է, որ կալանավորված անձը դժվարություն է ունենալու այս տեղեկությունները գտնելու և ներկայացնելու հարցում:

Ինչևէ, Միքայել Սրբազանի պաշտպանական թիմը կրկին դիմում է ներկայացրել «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ին ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

1) 07.10.2025թ. Բժշկական կենտրոնի տեղեկանքի պատճենը,

2) Քաղվածք հիվանդության պատմագրից,

3) Ուլտրաձայնային հետազոտության արդյունքը,

4) պաշտպանի 07.10.2025թ. դիմումի պատճենը,

5) ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության շտաբի պետի 14.10.2025թ. գրության պատճենը,

6) պաշտպանի 29.10.2025թ. դիմումի պատճենը,

7) պաշտպանի 06.11.2025թ. դիմումի պատճենը,

8.) պաշտպանի 10.11.2025թ. դիմումի պատճենը,

9) ՊՈԱԿ-ի 28.11.2025թ. պատասխանի պատճենը,

10) Միքայել Սրբազանի 09.12.2025թ. համաձայնությունը,

11) Բժիշկների 09.12.2025թ. համաձայնությունը,

12) արտոնագրի պատճենը,

13) Միքայել Սրբազանի 09.12.2025թ. լիազորագիրը:

Նշված դիմումին ի պատասխան, «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը 11.12.2025թ. հայտնել է, որ դիմումը և փաստաթղթերը վերահասցեագրվել է Երևան-Կենտրոն ստորաբաժանում և առաջարկվել է կազմակերպել Միքայել Սրբազանին ցուցված վիրահատական միջամտությունը:

Միքայել Սրբազանի պաշտպանական թիմը շնորհակալություն է հայտնում բոլոր սրտացավ անձանցից, այդ թվում՝ լրագրողներից: 

Միքայել սրբազանի պաշտպանների թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031