Օրերս ԷՋ հրատարակչությունը հրատարակեց «Վերջին գիշերը Երկրագնդի վրա» կոմիքսի հայերեն տարբերակը։
Կոմիքսը հրատարակվել է ԵՄ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի կողմից ֆինանսավորվող «Վիզուալ պատմություններ Հայաստանից, Վրաստանից և Ուկրաինայից» նախագծի շրջանակներում, որը իրականացվում է «ԱՐԻ գրականության հիմնադրամի» Վրաստանի գրական նախաձեռնություն կազմակերպության, ուկրաինական Կոմորա հրատարակչության և Նիդեռլանդների «Պատկերելով ժամանակները» հարթակի համագործակցությամբ։
Գիրքը ներառում է երեք պատկերապատում պատերազմների և դրանց հետևանքների մասին կնոջ տեսանկյունից։ Այս պատմությունները կտրում-անցնում են սահմանները և խոսում են մարդկային համատեղ փորձառության մասին՝ պատերազմի աղետի և գոյատևման մասին։
Aravot.am-ի հետաքրքրող հարցերին պատասխանում է ԷՋ-ի համահիմնադիր, խմբագրության և տպագրության գծով ղեկավար Աննա Բաղրամյանը։
Կարդացեք նաև
-«Վերջին գիշերը Երկրագնդի վրա» կոմիքսի հայկական տարբերակը հրատարակվել է «Վիզուալ պատմություններ Հայաստանից, Վրաստանից և Ուկրաինայից» ծրագրի շրջանակներում: Ձեր հրատարակչությունն այս նախագծի մաս է դարձել: Իսկ ի՞նչը ստիպեց դառնալ և դրա արդյունքը հասցնել հայ ընթերցողներին:
-Մեզ գրավեց այս նախագիծը, քանի որ այն առաջարկում էր միջտարածաշրջանային գեղարվեստական համագործակցության հազվագյուտ, բարձրորակ հարթակ: Ծրագիրը միավորում է պատերազմների միջով անցած երեք երկրների (Հայաստան, Վրաստան, Ուկրաինա) կանանց ձայները։ Եվ պատկերել այդ ամենը վիզուալ պատմությունների՝ կոմիքսի միջոցով․․․ սա բացառիկ անմիջականությամբ է փոխանցում զգացմունքներն ու հիշողությունները, ինչը չես կարող համեմատել պատմությունը պատմելու որևէ այլ կերպի հետ։ Մենք զգացինք, որ կարևոր է, որ հայ ընթերցողները տեսնեն, թե ինչպես են մեր փորձառությունները համընկնում Վրաստանի և Ուկրաինայի փորձառությունների հետ, և հասկանան, որ այս պատմությունները խորություն են ձեռք բերում, երբ դրանք դրվում են կողք կողքի։
-Տրավմաների և պատերազմի մասին կոմիքսները տարածված չեն հայկական շուկայում: Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել այս հրատարակությունը տեղացի ընթերցողների համար պատրաստելիս, հրատարակելիս:
-Ամենամեծ մարտահրավերը կոմիքսի ձևաչափն էր, որը շատ հայ ընթերցողներ դեռևս կապում են զվարճանքի, և ոչ թե լուրջ թեմաների հետ։ Մենք պետք է հավասարակշռություն գտնեինք․ մի կողմից հարգել բովանդակության լրջությունը և մյուս կողմից գրաֆիկական վեպի արտահայտչաձևի ներուժը ցուցադրել։ Վերջապես, մենք պետք է մտածեինք տարածման մասին. ինչպե՞ս հասցնել նման գիրքը այն լսարանին, որը գուցե դեռ չի գիտակցում, որ կոմիքսները կարող են լինել տրավմայի և հիշողության ուսումնասիրության հզոր միջոց։ Ու թեև գիրքը դեռ երկու շաբաթ է, ինչ գրախանութներում է, արդեն բազմաթիվ դրական արձագանքներ ենք ստացել և սա ապացույց է, որ նախագիծը իսկապես շոշափել է կարևոր թեմաներ և գտել է իր ընթերցողներին։ Մեզ գրում են թե՛ երիտասարդ արվեստասերներ, թե՛ ընթերցողներ, ովքեր սովորաբար կոմիքս չեն կարդում, բայց գիրքը նրանց վրա ուժեղ ազդեցություն է ունեցել։
-Ինչպե՞ս կբնորոշեք «Վերջին գիշերը Երկրագնդի վրա» կոմիքսի պատմողական ու գեղարվեստական լեզուն․ ի՞նչն է այն դարձնում առանձնահատուկ հենց այս գրքում։
-Կոմիքսի պատմողական ու գեղարվեստական լեզուն առանձնանում է իր երկշերտությամբ։ Մի կողմից՝ պատմությունները կառուցված են շատ անձնական, գրեթե օրագրային ինտոնացիայով, որը ընթերցողին անմիջապես ներգրավում է հերոսուհիների ներաշխարհ։ Մյուս կողմից՝ գեղարվեստական լուծումները հենվում են խորհրդանշանների, լռության ու կերպարային մանրակրկիտ շեշտադրումների վրա։ Գիրքը հատուկ է նրանով, որ նկարներն ու տեքստը փոխլրացնում են միմյանց։ Այսինքն` այն, ինչ բառերով հաճախ դժվար է արտահայտել, տեսնում ես պատկերի մեջ։ Նկարների ու ծանր թեմայի հակադրությունն էլ ստեղծում է յուրահատուկ հուզական լարում, որը ընթերցողին թույլ է տալիս զգալ պատմությունների խորությունը՝ առանց ճնշվելու։ Եվ այս ամենը միասին դարձնում է կոմիքսը ոչ միայն գեղարվեստական պատմություն, այլև զգացմունքային փորձառություն, որում յուրաքանչյուր պատկեր ու յուրաքանչյուր դադար ունի իր նշանակությունը։
-Ի՞նչ եք կարծում, ընթերցողները ինչպիսի զգացողություններ ու մտքեր կունենան «Վերջին գիշերը Երկրագնդի վրա» կոմիքսի հայկական հրատարակությունն ընթերցելուց հետո։
-Կարծում ենք՝ ընթերցողները այս գիրքը փակելուց հետո իրենց հետ կտանեն նախևառաջ զգացողություն, որ պատմությունները սահմաններ չեն ճանաչում․ ցավը, կորուստը, համարձակությունը և հիշողությունները համամարդկային են։ Այս գրքում տեղ գտած պատմությունների գրաֆիկական պատկերումը թույլ է տալիս պատերազմը տեսնել ոչ միայն որպես լուրերի հոսք, այլ՝ որպես շատ անձնական, շատ մարդկային փորձառություն։ Հուսամ՝ գիրքը շատերին կօգնի նաև վերագտնել համերաշխության, ապաքինման և հոգու խաղաղության զգացումը, տեսնել, թե ինչպես են տարբեր ազգությունների կանայք իրենց ձայնը վերածում նկարի ու բառի։ Իսկ մյուսների համար այն գուցե դառնա առաջին քայլը հասկանալու, որ կոմիքսը կարող է լինել ոչ միայն զվարճալի պատմություններով պատկերազարդ գիրք, այլև պատկերների ու տեքստի միջոցով համամարդկային լուրջ թեմաների մասին խոսելու ձև։
Զրուցեց Սամվել Դանիելյանը






















































