Դեկտեմբերի 11-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ամփոփեց «Թվապատում 2025» ամենամյա լրագրողական մրցույթի արդյունքները։
Արդեն տասնմեկերորդ տարին անընդմեջ անցկացվող «Թվապատում» մրցույթի առանցքում որակյալ և պատասխանատու լրագրության զարգացումն է, մարդակենտրոն պատմությունների ստեղծումն ու տարածումը, նորարար մոտեցումների, ժամանակակից գործիքների կիրառումը, մասնագիտական էթիկայի սկզբունքների պահպանումը և արժևորումը։
Կարդացեք նաև
Պահպանելով «լրագրողներին պետք է գնահատեն լրագրողները» սկզբունքը՝ այս տարի հանձնաժողով էինք հրավիրել «Թվապատման» հավատարիմ գործընկերներին՝ այն լրատվամիջոցներին, որոնք իրենց նյութերով նպաստել են մրցույթի կայացմանը, որակյալ լրագրության զարգացմանը և լսարանին ցույց են տվել մասնագիտության մարդկային, խիզախ, կիրթ ու նվիրված կողմը։
«Թվապատում 2025» մրցութային հանձնաժողովի կազմում էին վերջին 10 տարվա ընթացքում ամենաշատ մրցանակներ ստացած լրատվամիջոցների՝ «Հետք»-ի, «Մեդիամաքս»-ի և «Ինֆոքոմ»-ի պատվիրակները․
Դավիթ Ալավերդյան, գլխավոր խմբագիր, Մեդիամաքս,
Տիրայր Մուրադյան, լրագրող, Հետք,
Սևակ Մամյան, խմբագիր, Ինֆոքոմ
Ավանդաբար ժյուրիի կազմում է ընդգրկվել Թվապատում 2024-ի «Գործող անձ» անվանակարգի մրցանակակիր՝ «Առավոտ»-ի լրագրող Տաթևիկ Հարությունյանը։
Արտակարգ գրություն անվանակարգում աշխատանքները գնահատել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին, իսկ Լուսաբանելով գիտությունը անվանակարգի գնահատմանը մասնակցել է Գիտուժ նախաձեռնության Հանրայնացման և հասարակության հետ կապերի ղեկավար Լիլիթ Մարգարյանը։
Հանձնաժողովի գնահատականների և ամփոփիչ քննարկման արդյունքում ընտրվել են հաղթողները, որոնք մրցանակաբաշխության ընթացքում ստացան դրամական պարգևներ և «Թվապատում» խորհրդանշական արձանիկներ:
«Թվապատում 2025»-ի Գործող անձ (Homo Agendi) անվանակարգում հաղթող ճանաչվեց «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյանի՝ 4 տարի, 1454 պարկ աղբ․ Հակոբ Միկոյանի մաքուր պայքարը ազդեցիկ ու ինքնատիպ պատմությունը և 250․000-ական դրամական պարգև շնորհվեց նյութի հեղինակին և հերոսին։ Հիշեցնենք, որ «Գործող անձ» ավանդական անվանակարգի առանցքում հերոսն է՝ իր նախաձեռնություններով, միջավայրն ու իրավիճակը փոխելու և բարելավելու ձգտումով։ Այս անվանակարգում հատուկ մրցանակի և 150․000 դրամ պարգևի արժանացավ նաև «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հասմիկ Սմբատյանը՝ իր «Հունց ապրինք» շարքի համար։ Նույն անվանակարգում խրախուսական մրցանակի 50․000 դրամ պարգևի արժանացավ Լուսինե Հակոբյանը՝ Պայքար երկու ճակատում․ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն Անդրանիկ Ավետիսյան պատմության համար։
Դիտակ հետաքննական լրագրության անվանակարգում մրցանակակիր դարձավ և 200․000 դրամով պարգևատրվեց «Ազատություն» ռադիոկայանի խմբագիր Հեղինե Բունիաթյանը իր Երբ, ով և ինչ է բանակցել Մեղրիի շուրջ՝ ըստ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերի նյութի համար։
Տուն և տեղ անվանակարգում հաղթող ճանաչվեց և 200․000 դրամով պարգևատրվեց Սիվիլնեթի լրագրող Լուսինե Վարդանյանը՝ Դիսկո «Զարթոնք»․ տիեզերք հասած հայկական կոլխոզը տեսանյութի համար։ Այս անվանակարգում դիտարկվում են քաղաքային ու գյուղական համայնքերի զարգացման մասին պատմությունները:
Ականջօղ անվանակարգում, որը խրախուսում է կնոջ ու տղամարդու հավասարության, նրանց դերերի ժամանակակից ընկալումների լուսաբանումը, հանձնաժողովը հաղթող ճանաչեց և 200․000 դրամով պարգևատրեց Ամփոփ մեդիայի լրագրող Լիլիթ Հովհաննիսյանին՝ Դատարկ աթոռներ, լռեցված ձայներ․ Գենդերային հավասարության պայքարը ՏԻՄ-երում նյութի համար։
Այս անվանակարգում հանձնաժողովն առանձնացրեց նաև Բուն TV-ի լրագրողներ Լիլիթ Մուսյուկի և Արեն Ոսկանյանի հեղինակած «Ազատագրված տղամարդիկ» շարքը մասնագիտական բարձր որակի տեսանկյունից։
Ճգնաժամերի և հակամարտությունների մարդասիրական խնդիրներին առնչվող Արտակարգ գրություն անվանակարգում հաղթող ճանաչվեց և 200․000 դրամով պարգևատրվեց Սիվիլնեթի լրագրող Հայկ Ղազարյանը Սեպտեմբերի 25․ վերջին «կրակը» մարող Արցախում տեսանյութի համար։ Այս անվանակարգում հանձնաժողովը հատուկ մրցանակ շնորհեց և 150 000 դրամով պարգևատրեց Մեդիալաբի լրագրող Վահե Ներսիսյանին՝ Ջեկո ձի պատմությունը կոմիքսների միջոցով հետաքրքիր ներկայացնելու համար։
Լուսաբանելով գիտությունը անվանակարգում հանձնաժողովը հիմնական մրցանակ չշնորհեց։ Այս անվանակարգում հատուկ մրցանակ և 150․000 դրամ պարգև ստացավ Սիվիլնեթը գիտական թեմաները հետևողականորեն և շարունակական հանրահռչակելու համար։
«Թվապատում 2025» լրագրողական մրցույթը կազմակերպվում է «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի շրջանակում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։
«Թվապատում 2025» լրագրողական մրցույթի «Արտակարգ գրություն» և «Լուսաբանելով գիտությունը» անվանակարգերին աջակցում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և «Գիտուժ» նախաձեռնությունը:




















































