«Այդ օրենքը կիրառական մակարդակով ոչինչ չի տալիս, զրո նշանակություն ունի։ Բայց այն նստվածք է թողնում այն առումով, որ Հայաստանը ռազմավարական կողմնորոշման փոփոխության առումով դա անշրջելի է համարում, ինչը առանց համապատասխան երաշխիքների և առանց պրոցեսի կանխատեսելիության խնդիրեր է հարուցում այլ տեղ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով Եվրամիությանն անդամակցելու մասին օրենքին, որն ԱԺ-ն ընդունեց գարնանը։
Սուրեն Սուրենյանցը համարում է, որ այդ քայլը «հակառուսական քեյս» է, և դրանով պետք չէ ԵՄ գնալ։
Խոսելով 2026թ․ ընտրություններին ընդառաջ տեղի ունեցող գործընթացների մասին՝ նա չի բացառում, որ կկրկնվի Գյումրի քաղաքի նախադեպը, երբ անցողիկ շեմը հաղթահարած, բայց ամենաշատ ձայները չստացած ուժերով միավորվեցին և քաղաքապետ ընտրեցին Վարդան Ղուկասյանին։ Իսկ ամենաշատ ձայներ ստացած «Քաղաքացիական պայմանագիրն» այդ քաղաքում զրկվեց քաղաքապետ ունենալու հնարավորությունից ու ավագանիում դարձավ ընդդիմադիր խմբակցություն։ Եվ Սուրեն Սուրենյանցն ասում է, որ Գյումրիում ընդդիմադիր ուժերի այդ համախմբման գործում ինքը մեծ դեր է ունեցել։
Սուրեն Սուրենյանցը բացահայտում է, որ իր կուսակցությունը նախընտրական դաշինք կարող է կազմել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ։ Բացառում է նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գլխավորած ուժերի հետ նախընտրական համագործակցությունը, բայց հնարավոր է համարում նրանց հետ ետընտրական կոնսոլիդացիան՝ Գյումրիի օրինակով։
Կարդացեք նաև
«Բայց նախկին համակարգի որևէ ներկայացուցիչ կոնսեսուսի կենտրոնում չի կարող լինել։ Վստահ եմ։ Իսկ որ ընտրությունից հետո ընդհանուր կոնսոլիդացիայի մաս կազմեն, առարկություն չունեմ։ Իսկ թե ով կլինի կոնսոլիդացիայի կենտրոնում, կորոշի հասարակությունը»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































