Հավանական է 2023-ի ագրեսիայի հետեւանքով ինքնապաշտպանական մարտերին մասնակցած 8 անձանց հայրենադարձումը
Սիրանուշ Սահակյանի կարծիքով՝ նախաստորագրված խաղաղության համաձայնագրում գերիների մասին դրույթը չնախատեսելը կարեւոր էր հենց Ադրբեջանի համար։ Այս առիթով մանրամասնեց. «Ադրբեջանի համար դա կարեւոր է, որ խնդիրը գտնվեր բացառությամբ նրանց հայեցողության ներքո»։
«Քանի որ դատավարությունները մոտենում են ավարտին, իսկ առանց մեղադրական դատական ակտերի, դատավճռի, Ադրբեջանն այնտեղ պահվող 23 անձանցից որեւէ մեկին ազատ չէր արձակի, կարծում եմ՝ դատավճիռներից հետո հնարավոր է մի խումբ անձանց հայրենադարձում։ Առավել հավանական եմ համարում 2023-ի ագրեսիայի հետեւանքով ինքնապաշտպանական մարտերին մասնակցած ութ անձանց հայրենադարձումը»,-«Առավոտի» դիտարկմանը՝ տեղեկություններ կան՝ հնարավոր է մինչեւ տարեվերջ Բաքվում գտնվող հայ ռազմագերիների հետ կապված լավ լուրեր լինեն, համենայնդեպս միջազգային կառույցներում որոշ փակ հանդիպումների ժամանակ այդպիսի կարծիք է հնչել, Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք, այս պահին նման հնարավորություն Ձեզ համար տեսանելի է, այսպես պատասխանեց Միջազգային ու համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Հիշեցնենք՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու մյուս ռազմագերիների գործով դատաքննությունն ավարտվել է: Ըստ ադրբեջանական պետական լրատվամիջոցի՝ առաջիկայում կհնչեն մեղադրական ճառերը։ Նշենք, որ կեղծ դատավարություններն ընթանում են առանց անկախ լրատվամիջոցների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների: Դատական նիստերի մասին պատմող միակ աղբյուրը ադրբեջանական պետական «Ազերթաջ»-ն է: 15 հայ գերիներին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի հետեւյալ հոդվածներով՝ 100 (ծրագրում, նախապատրաստում, ագրեսիվ պատերազմի սանձազերծում կամ վարում), 102 (հարձակում միջազգային պաշտպանություն վայելող անձանց եւ կազմակերպությունների վրա), 103 (ցեղասպանություն), 105 (բնակչության ոչնչացում), 106 (ստրկատիրություն), 107 (բնակչության տեղահանում կամ բռնի տեղահանում), 109 (հետապնդում), 110 (անձանց հարկադիր անհետացում), 112 (ազատազրկում, որը հակասում է միջազգային իրավունքին), 113 ( խոշտանգումներ), 114 (վարձկանություն), 115 (պատերազմի օրենքների եւ սովորույթների խախտում), 116 (միջազգային մարդասիրական իրավունքի խախտում զինված հակամարտությունների ժամանակ), 118 (պատերազմական կողոպուտ), 120 (դիտավորյալ սպանություն), 192 (ապօրինի բիզնես), 214 (ահաբեկչություն), 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 218 (հանցավոր համայնքի կազմակերպում (հանցավոր կազմակերպություն), 228 (ապօրինի կերպով զենք, դրանց համար բաղադրամասեր, զինամթերք, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, տեղափոխելը, վաճառելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 270-1 (վտանգավոր գործողություններ՝ ավիացիոն անվտանգությանը), 277 (պետական կամ հասարակական գործչի դեմ մահափորձ), 278 (իշխանության բռնությամբ զավթում կամ իշխանության բռնի պահպանում, պետության սահմանադրական կարգի բռնի փոփոխություն), 279 (զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում) եւ այլ հոդվածներով:
Կարդացեք նաև
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն էլ քննվում է առանձին վարույթով:
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն ապօրինի ազատազրկված են Բաքվում 2023 թվականի սեպտեմբերից։ Արցախի ամբողջական օկուպացիայից հետո Ադրբեջանի ուժայինները ձերբակալեցին եւ Բաքու տեղափոխեցին Արցախի նախկին եւ ներկա ռազմաքաղաքական ղեկավարության 8 ներկայացուցիչների։
Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը շարունակվում է: Ռուբեն Վարդանյանը հայ գերիներից միակն էր, որ սեփական միջոցներով ադրբեջանցի փաստաբան ուներ: Տասն օր առաջ նա հրաժարվեց իր պաշտպանից՝ հայտարարելով, որ դատավարությունը ֆարս է, ինքը զրկված է պաշտպանության իրավունքից:
Նշենք, որ դեկտեմբերի 8-ին Բաքվում տեղի ունեցած շինծու «դատավարության» ժամանակ Ռուբեն Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի իրեն քրեական գործին առնչվող փաստաթղթերին ծանոթանալու հնարավորություն ընձեռվի։ Սակայն դեռ պատասխան չի ստացել։ Հաջորդ «դատական նիստը» տեղի կունենա դեկտեմբերի 12-ին։
Սիրանուշ Սահակյանի հետ զրույցում նշեցինք՝ ՀՀ իշխանությունները պնդում են, որ ամենօրյա աշխատանք են տանում գերիների վերադարձի համար եւ վստահեցնում, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի այդ գործին եւ հետաքրքրվեցինք՝ այդ երկու գործընթացներն իրար հետ կապո՞ւմ եք եւ Ձեզ համար արդյոք տեսնելի՞ է ՀՀ իշխանությունների կատարած աշխատանքը, իրավապաշտպանը պատասխանեց. «Պետք չէ բացառել։ Ուղիղ կապ տեսնում են խաղաղության գործընթացի եւ գերիների ազատ արձակման գործընթացի հետ։ Եթե անգամ դա՝ որպես դրույթ համաձայնագրում նախատեսված չէ, միեւնույն է, խնդիրը քաղաքական է, ուստի հարաբերությունների լավացումն ազդեցություն է թողնելու գերիների ազատ արձակման հարցի կարգավորման վրա։ Իմ գնահատմամբ՝ պայմանը հայ-ադրբեջանական հարաբերություններում որոշակի առաջընթաց գրանցելն է, որպես այդպիսին՝ կարող են դիտարկվել սահմանազատման եւ սահմանագծման գործընթացների առաջընթացը, դինամիկան, կամ օրինակ` TRIPP-ի առնչությամբ նոր պայմանավորվածությունների ձեռքբերումը կամ կատարմանը միտված քայլերի ձեռնարկումը։ Եթե նման տեղաշարժեր լինեն, իմ գնահատմամբ՝ կարող է լուծում ստանալ նաեւ որոշակի թվով անձանց ազատ արձակման խնդիրը»։
Սիրանուշ Սահակյանի կարծիքով՝ նախաստորագրված խաղաղության համաձայնագրում գերիների մասին դրույթը չնախատեսելը կարեւոր էր հենց Ադրբեջանի համար։ Այս առիթով մանրամասնեց. «Ադրբեջանի համար դա կարեւոր է, որ խնդիրը գտնվեր բացառությամբ նրանց հայեցողության ներքո։ Որոշումների կայացման տիրույթում գերիների խնդիրը լծակ է, եւ եթե այդ լծակը գործադրվում է, ու տեղաշարժեր են արձանագրվում, ապա դրանց ֆոնին Ադրբեջանը որոշում է կայացնում որոշակի անձանց ազատ արձակման վերաբերյալ եւ դրանով միջազգային հանրությանը ներկայանում է նաեւ մարդասիրական դեմքով»։
Նշենք, որ նախաստորագրված համաձայնագրի 9-րդ կետով սահմանված է, որ անհայտ կորած անձանց եւ բռնի անհետացումների հետ կապված կարգավորումները կբանակցվեն եւ մանրամասն կհամաձայնեցվեն առանձին համաձայնագրով։ Համաձայնագրում մասնավորապես ամրագրված է. «Կողմերը պարտավորվում են հասցեագրել երկու Կողմերի ներգրավմամբ զինված հակամարտությունում անհայտ կորած անձանց եւ բռնի անհետացումների դեպքերը, այդ թվում՝ ուղղակիորեն կամ հարկ եղած դեպքում համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ այդ անձանց վերաբերյալ առկա բոլոր տեղեկությունների փոխանակման միջոցով: Սույնով Կողմերը ճանաչում են այդ անձանց ճակատագրերի բացահայտման, այդ թվում՝ մասունքների որոնման եւ ըստ պատշաճի վերադարձման, պատշաճ քննության միջոցով այդ անձանց առնչությամբ արդարադատության իրականացման կարեւորությունը` որպես հաշտեցման եւ վստահության ամրապնդման միջոց: Այս առնչությամբ համապատասխան կարգավորումները կբանակցվեն եւ մանրամասն կհամաձայնեցվեն առանձին համաձայնագրով»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.12.2025

















































