Լուսանկարներում Գյումրու նախկին ռադիոգործարանի հանրակացարանների շենքերն են (հասցեն՝ Գործարանային 8 ա, Գործարանային 2 ա)՝ կիսաքանդ, աղբի մեջ թաղված ու առնետանոցների վերածված, բայց որտեղ այդ իրավիճակում դեռ 11 ընտանիքներ են բնակվում, մանկահասակ երեխաներ մեծանում։
Կարդացեք նաև
Թվում է՝ այստեղ կյանքը երկրագնդից դուրս է. մարդկային ոչ մի օրենքի չի ենթարկվում. իշխողը թշվառությունն ու վախն են։ Լքված հանրակացարանային շենքերում ապրելն այնքան էլ անվտանգ չէ: Բնակիչներն ասում են, որ հաճախակի են անցանկալի «հյուրեր» հայտնվում. տեսնելով կառույցների կիսավեր լինելը՝ հարբեցողներն ու թմրամոլները գալիս են այստեղ՝ իրենց կրքերին հագուրդ տալու։ Իսկ վերջերս ողբերգական մի դեպք էր տեղի ունեցել. մոտակայքում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազայի 20-ամյա զինծառայողներից մեկը գիշերով ինքնասպանություն էր գործել հանրակացարանների շենքերից մեկի մուտքում՝ պատին կյանքի փուչ լինելու մասին գրառում թողնելով (տես՝ լուսանկարում)։ Նրա մարմինն առավոտյան հայտնաբերել էին բնակիչները՝ սարսափահար լինելով։

Այստեղ բնակվող ընտանիքներում գրեթե առողջ մարդ չկա: Ինչպես նշում է բնակչուհիներից մեկը՝ Վարդուհի Առաքելյանը, թշվառ պայմանների պատճառով այս տարիների ընթացքում ինչ հիվանդություն ասես՝ ձեռք չեն բերել: Գրեթե բոլորը հաշմանդամության կարգ ունեն, նրանց մեջ կան նաեւ միայնակ ու լքված, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ։
Հանրակացարանային շենքերի բնակիչները տարբեր առիթներով հայտնվում են սոցցանցերում կամ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում. երկու ամիս առաջ առնետները գիշերով կծել էին Լիանա Սարգսյանի մանկահասակ երեխաներից մեկի՝ 3 տարեկան դստեր դեմքը, նա դեռ բուժում է ստանում հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում։
«Կրթկրթոց լսեցինք, տեղներիցս վեր թռանք, տեսանք՝ մի մեծ կռիս երեխայիս դեմքի վրա, հազիվ կարողացանք հեռացնել։ Երեխային հիվանդանոց հասցրեցինք, ու դեռ բուժվում է»,-պատմեց երիտասարդ կինը։
33-ամյա Լիանա Սարգսյանը 4 տարի է՝ հարս է եկել այստեղ: «Ոչ մի կոմունալ պայման չկա, ջուրը կրում ենք՝ որտեղից պատահի, հիմնականում՝ նկուղից, բայց այս պահին դա էլ չկա, վթար է եղել, ջրագծերը տրաքել են։ Մի սենյակում ե՛ւ ուտում ենք, ե՛ւ քնում։ Աշխատանք չունենք, ամուսինս երկրորդ կարգի հաշմանդամ է, շշեր է հավաքում, հանձնում, որ ապրենք։ «Համահայկական հիմնադրամին» ենք դիմել բնակարանի հարցով, բայց դիմումը մերժվել է։ Այս շենքերի բնակիչներն ամեն ինչի կարիք ունեն՝ վառելիքի, սնունդի, հագուստի, բայց ամենամեծ երազանքը բնակարան ունենալն է։ Միշտ վախ ունենք, որ շենքերը կարող են փլուզվել. խոնավ են, վթարային, մի թեթեւ երկրաշարժի ժամանակ անգամ չենք հասցնում տնից դուրս թռնել, աստիճանները խախուտ են»,-պատմեց նա։
Նրանց ընտանիքում երկու գեղեցիկ, շիկահեր աղջիկներ են մեծանում, մեկը՝ 2 տարեկան, մյուսը՝ 3։ Մեծ դուստրը ներս մտնողներին ժպտում է, փորձում է ինչ-որ բան հասկացնել, երեխան չի կարողանում խոսել։ Մոր ասելով՝ մի ժամանակ խոսել է, ապա՝ դադարել, այժմ լոգոպեդի կարիք ունի։
Լիանան պատմեց, որ որպես վառելափայտ ինչ ասես օգտագործում են՝ աղբ, շոր, կոշիկ, ամուսինն է հայթայթում աղբանոցներից, շատ դեպքերում տանը վերարկուով են ման գալիս, Գյումրու քաղաքապետարանն է պարբերաբար ծառի ճյուղեր բերում բնակիչներին։
Լիանան նախքան երեխաներ ունենալն աշխատել է որպես աման լվացող՝ տարբեր սպասարկման օբյեկտներում, նա ասում է՝ աշխատելն ամոթ չէ, ամենաշատը թերեւս աշխատանքի կարիք ունեն, շիշ հավաքելով՝ անհնար է ապրելը։
Արդեն 32 տարի է, որ հանրակացարանային կիսավեր շենքում է բնակվում նաեւ 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող 71-ամյա Սիլվա Սաքանյանը: Նրա 48-ամյա որդին վերջերս է մահացել հիվանդությունից, եւ Սիլվան հիմա միայնակ է ապրում:
«Եղանակի տեսություն էի լսում, որ չասեց՝ անձրեւ պիտի գա կիրակի օրվանից, մոլորվեցի… չգիտենք՝ ինչ անենք, պիտի պատրաստվենք, դույլերը պիտի դնենք։ Կռիսները վխտում են, ինձ հենց հարցնում են՝ միայնա՞կ ես ապրում, ասում եմ՝ չէ, կռիսների հետ կապրիմ։ Ո՞վ է տերս, Վարդանը (ի նկատի ունի Գյումրու քաղաքապետին-Ն.Ա.) իբր մի բան պիտի աներ, էն էլ խեղճ մարդուն բռնին, տարան, գցեցին գաղութներն ու հիվանդանոցները։ Մենք Փաշինյանին դիմելու չունենք, ինքը մեզ ավելի շուտ կգցի թուրքի ջանը, քան օգուտ կտա։ 20 հազար նպաստս է, 36 հազար էլ թոշակս է, դե արի, ապրի… Մտածում եմ՝ դուրս գամ, վարձով ապրեմ, բայց ինչպե՞ս տամ գումարը»,- ասաց միայնակ կինը։
Նա նաեւ դժգոհեց, որ 15 օր է՝ թաղի ջրագծերը վնասվել են, բայց չեն սարքում, նույնիսկ հնարավորություն չունեն որեւէ տեղից ջուր կրել-բերելու։
«Մենք երկրագնդի վրա գոյություն չունեցող մարդիկ ենք, թող գոնե մեր նմաններին տիրություն անեն, մի տեղ տան, թեկուզ հանրակացարան գնանք, բայց գոնե ջուր չկրենք»,-ասաց մեր զրուցակիցը։
Սերգո Գալստյանն այստեղ ապրում է մոտ 20 տարի՝ իր տարեց, հաշմանդամություն ունեցող մոր եւ 7 տարեկան տղայի հետ: Նա իր բնակավայրը բնութագրում է այսպես. «Հայաստանի մեջ կորած տեղ է»։ Նա շատ է վրդովված Նիկոլ Փաշինյանի արարքից։ Նրա պատմելով՝ երկրի վարչապետը վերջերս այցելել է պետական միջոցներով վերանորոգված մոտակա թիվ 38 դպրոց, երբ նրան առաջարկել են հանդիպել ու տեսնել Գործարանային հանրակացարանների շենքերում բնակվող մարդկանց պայմանները, կոպտորեն մերժել է։
«Ես այդ օրվանից լրիվ համոզվեցի, որ մեր երկիրը ղեկավար չունի, իրեն առաջարկում են՝ մի հատ արի տես, թե մարդիկ ինչ պայմաններում են ապրում, ինքը ավտոն նստավ ու փախավ։ Եթե մարդկանց նեղին չպիտի հասնես, էլ ի՞նչ ղեկավար: Փառք պիտի տանք Աստծոն, որ երբեմն բարերարներ են գալիս, բայց կառավարության ղեկավարը մեզ տեսնել անգամ չի ուզում։
Շատ վատ պայմաններում ենք, չգիտես՝ գլխիդ ինչ կգա, հնարավոր է քնես ու չզարթնես, շենքը փլուզվի գլխիդ։ Սրանք ամենավտանգավոր շենքերն են՝ 4-րդ կարգի վթարային, ահավոր վիճակ, մանավանդ 3-րդ եւ 4-րդ հարկերում։ 4-րդ հարկից ջուրը չռռում է առաջին հարկ, պատերը քայքայվել են ջրից։ Շունը որ շուն է, երեւի թե մի ժամ էլ չմնա շենքի մեջ, բայց մենք ապրում ենք։ Շատ տեղեր ենք դիմել, որ գոնե ժամանակավոր բնակարանով ապահովեն, թեկուզ հանրակացարանային շենքով, որովհետեւ մեր շենքի հիմքերը խարխվել են, կառավարությանն ենք դիմում գրել, բայց պատասխան եկավ, որ բյուջեն փող չկա, երբ եղավ, մեր մասին կմտածեն ու հլը մտածում են։ Վարդան Ղուկասյանը շատ էր ուզում, որ մեզ համար լավ լիներ, ապահովեր մի կառույցով, բնակարանով, բայց տեսաք ինչ ձեւի հետը վարվեցին, սապոն դրեցին տակը, աթոռից հանեցին. ովքեր որ Նիկոլ Փաշինյանի կողքին չեն, միշտ էդ մարդկանց դեմ է ելնում։ Պարգեւավճարներ են ստանում, թանկարժեք մեքենաներ գնում, տակները լցնում, իսկ էստեղ մարդիկ չեն էլ շնչում»,- նեղվեց Սերգո Գալստյանը։
Նա գտել էր գորշ, խոնավությունից խունացած պատերը ծածկելու միջոցը՝ տարբեր նկարներ էր փակցրել։ Նրա խոսքով՝ մարդիկ նկարները թափում են, ինքը գտնում, բերում, փակցնում է պատերին։ Նա եւս աշխատում է քաղաքի աղբանոցներում։
Բնակիչները, որոնք տարբեր ճակատագրերի բերումով են հայտնվել այստեղ, խնդիրների դեմ պայքարում դարձել են հնարամիտ. ընտանիքներից մեկը անձրեւաջրերի դեմ պայքարում էր առաստաղը պոլիէթիլենե տոպրակով ծածկելով, այդ նույն տանն առնետների դեմ պայքարում էին 4 կատու պահելով։ Այս շենքերի բնակիչները թեեւ ուտելու հաց չունեն, բայց ստիպված են շուն ու կատու պահել, որպեսզի առնետները իրենց կատարյալ տեր ու տիրակալ չզգան։
Շենքի ամենահին բնակչուհին՝ 67-ամյա Կարինե Բաղդասարյանը, որը 37 տարի ապրում է այստեղ, ժամանակին աշխատել է ռադիոգործարանում: Պատմում է, որ այդ հանրակացարանները ժամանակին եղել են նորմալ կառույցներ, տրամադրվել են տարբեր տեղանքներից Գյումրու այդ գործարանը աշխատանքի եկած մարդկանց։ Երկրաշարժից հետո էլ, երբ օթեւան չունենալով՝ մարդիկ եկել են բնակության, տուն ստանալուն պես՝ քանդել ու իրենց հետ տարել են դռները, պատուհանները։ Իսկ ժամանակի ընթացքում որեւէ ուշադրության եւ խնամքի չարժանանալով՝ այդ շենքերը մնացել են նաեւ առանց տանիքների։
«Անընդհատ ասում են՝ տուն կտանք, կէղնի, համբերեք, բայց մեր երկու շենքերը օդի մեջ են, սաղ խաբում են»,- դժգոհեց Կարինե Բաղդասարյանը։
Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Մալխասյանը մեզ տեղեկացրեց, որ հարցը քննարկվել է ավագանու նիստում. մշակել են նախագիծ՝ հանրակացարանային շենքերի բնակիչների համար բնակարաններ վարձակալելու ու տեղափոխելու, այդ երկու կառույցներն ամրացնելու, վերակառուցելու ու որպես սոցիալական բնակարաններ ծառայեցնելու։ Ներկա փուլում կատարվում են հաշվարկներ, թե որքան գումար է անհրաժեշտ այս նպատակի համար։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարներում՝ կյանքը Գյումրու գործարանային հանրակացարանների շենքերում, որտեղ վխտում են առնետները ու իշխում թշվառությունը։
«Առավոտ» օրաթերթ
12.12.2025












































































