Հայաստանի ներկայացվածությունն այս հարթակում ընդգծեց մեր երկրի պրոֆեսիոնալ ներուժը եւ միջազգային վստահելիությունը
Հայաստանի Մասնավոր դետեկտիվների ասոցիացիայի նախագահ եւ Հայաստանի միակ պաշտոնապես գրանցված մասնավոր դետեկտիվ կազմակերպության՝ «Gabrielyan & Partners Detective Bureau»-ի հիմնադիր տնօրեն Հայկ Վրեժի Գաբրիելյանն աշխատանքային այցով նոյեմբերի 24-28-ը մասնակցեց Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում Ռուսաստանի Դետեկտիվների ասոցիացիայի 38-րդ միջազգային գիտա-պրակտիկ կոնֆերանսին։ Նա վերադարձել է:
Մեր զրույցի ժամանակ ասաց, որ կոնֆերանսը համախմբել էր ոչ միայն Ռուսաստանի, այլ նաեւ աշխարհի մի շարք երկրների մասնագետների եւ դետեկտիվ կառույցների ղեկավարների։ Հայկ Գաբրիելյանը հանդես էր եկել ողջույնի խոսքով, պանելային քննարկումների ժամանակ ներկայացրել էր զեկույց Հայաստանի դետեկտիվ ոլորտի զարգացման, օրենսդրական կարգավորումների եւ OSINT մեթոդաբանության կիրառման թեմայով՝ ընդգծելով Հայաստանի դետեկտիվ համայնքի դերը տարածաշրջանային անվտանգության եւ միջազգային համագործակցության մեջ։
Կարդացեք նաև
Նա «Առավոտին» երեկ տեղեկացրեց, որ այցի շրջանակներում կարեւոր աշխատանքային հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դետեկտիվների ասոցիացիայի նախագահ Ալեքսեյ Շչերբենյովի հետ, որի հետ քննարկվել են հայ-ռուսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, համատեղ ծրագրերի իրականացումը եւ փորձի փոխանակումը, ինչպես նաեւ Ռուսաստանի առաջատար մասնավոր դետեկտիվ ընկերությունների ղեկավարների հետ, որոնք հետաքրքրություն են հայտնել Հայաստանի մասնավոր դետեկտիվ համակարգի կառուցվածքի եւ Gabrielyan & Partners-ի աշխատանքային մոտեցումների նկատմամբ։ «Առանձնակի կարեւորությամբ հանդիպում տեղի ունեցավ Դետեկտիվների Համաշխարհային Ասոցիացիայի (W.A.D.) նախկին նախագահ, միջազգային համբավ ունեցող «Վլաստա Քոնսալթինգ» ընկերության գործադիր տնօրեն Ալեքսեյ Սոլոմոնոդինի հետ։ Քննարկվեցին համաշխարհային պրակտիկաները, միջազգային սերտ համագործակցության ծրագրերը եւ համատեղ նախաձեռնությունների հնարավորությունները Հայաստանի մասնակցությամբ»,-ասաց Հ. Գաբրիելյանը:
Առհասարակ, նկատելի են Հայկ Գաբրիելյանի ջանքերը մեր պետությունը լավագույնս ներկայացնելու, նրա մասնակցությունը կոնֆերանսին ամրապնդեց Հայաստանի դիրքերը մասնավոր հետաքննության համաշխարհային համայնքում՝ հաստատելով երկարաժամկետ գործընկերության նոր ուղիներ։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.12.2025



















































