Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանին հաջողվել է «լիովին կամ հիմնականում» փոխել հայաստանցիների 38,5 տոկոսի մտածելակերպը․ «ՉԻ»

Դեկտեմբեր 13,2025 10:10

Հետաքրքիր է՝ 2018-ի ապրիլին քանի՞ հոգի կմնար Հանրապետության հրապարակում, եթե մարդիկ իմանային, որ յոթուկես տարի անց պատերազմում պարտված, 5 հազար զոհ տված ու նվաստացված ենք լինելու, Արցախում ոչ մի հայ մնացած չի լինելու, ՀՀ տարածքից ավելի քան 200 քկմ օկուպացված է լինելու, չորս եպիսկոպոսներ անհեթեթ մեղադրանքներով կալանավորված են լինելու, աշխարհի երկու ամենահարուստ հայերից մեկը Բաքվի բանտում է լինելու, մյուսը՝ Երևանի, ոստիկանական ուժերը եկեղեցիներից վռնդելու են հոգևորականներին, որպեսզի Նիկոլ Փաշինյանն այնտեղ ինչ-որ միջոցառման մասնակցի, եկեղեցում Կաթողիկոսի անունը հնչեցնողներին թևերը ոլորելով դուրս են բերելու «տարածքից», միաժամանակ տարբեր տրամաչափի չինովնիկ-չինովնիկուհիները նույն Կաթողիկոսին անվանելու են «ռուսական լրտես», իսկ «նոր Հայաստանի» իշխանություններն Ադրբեջանին խնդրելու են Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» չանվանել՝ դրա դիմաց խոստանալով երբևէ չխոսել արցախցիների վերադարձի իրավունքի մասին։ Վստահաբար՝ հրապարակում մարդ չէր մնա։ Կմնային միայն հարթակում կանգնածները (նրանք, ովքեր այսօր տներ են առնում 50-60 հազար դոլարի «զարմանահրաշ զեղչերով»), մեկ էլ՝ երևի, Չալոն։

Բայց յոթուկես տարի է անցել, և մարդկանց գիտակցությունը կամաց-կամաց փոխվել է։ Նիկոլ Փաշինյանը կարողացել է նրանց «աչքերը բացել» և համոզել, որ այն, ինչ տեղի է ունեցել, այսինքն՝ թվարկված բոլոր աղետները, իրականում փայլուն հաջողություններ են։ Եթե հնարավոր լիներ հերքել այդ փաստերը՝ կհերքեր, բայց ինչպե՞ս հերքի, օրինակ, Արցախի հայաթափումը, 5 հազար զոհերը, ՀՀ տարածքի օկուպացիան, Եկեղեցու ասպատակումը կամ քաղբանտարկյալների առկայությունը։ Ստիպված դրանք ներկայացնում է որպես հաջողություն, և զարմանալիորեն՝ այն, ինչը յոթուկես տարի առաջ անհնար էր թվում (որևէ ողջամիտ մարդ չէր հավատա, որ հնարավոր է այդ աղետները ներկայացնել որպես հաջողություն), այսօր իրականություն է։ Վերջին հարցումների համաձայն՝ հայաստանցիների 38,5 տոկոսը լիովին կամ հիմնականում հավանություն է տալիս Նիկոլ Փաշինյանի գործունեությանը։ Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է «լիովին կամ հիմնականում» փոխել հայաստանցիների 38,5 տոկոսի մտածելակերպը։

Ճիշտ է, ըստ նույն հարցումների՝ եթե ընտրությունները տեղի ունենային առաջիկա կիրակի, ՔՊ-ին ձայն կտար ընտրողների ընդամենը 16,5 տոկոսը, բայց այդ թիվը, միևնույն է, կրկնակի մեծ է, քան որևէ ընդդիմադիր ուժի վարկանիշը։ Այլ հարց է, որ Նիկոլ Փաշինյանի այդ վարկանիշը, մեծ հաշվով, ապահովում է Ալիևը, որովհետև վարկանիշի հիմքում ՀՀ սահմաններին կրակոցների բացակայությունն է, իսկ դա Ադրբեջանն է «ապահովում»։ Ինչևէ։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ Իշխանությունում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031