Տեղեկացանք, որ թեմական խորհրդի հայտարարությունից հետո հոգեւոր թեմի տիրադավ առաջնորդը, այնուամենայնիվ, ուղիներ է փնտրել՝ թեմական խորհրդի որոշ անդամների հետ հանդիպելու համար, եւ փորձել է արդարանալ, ապա նաեւ խնդրել-աղաչել, որ իր նկատմամբ այդքան անողոք չլինեն եւ փորձեն հասկանալ, արդարացնել իր քայլերը, որ մեղմվի իր նկատմամբ արցախցիների վրդովմունքը։ Սակայն նրա հետ հանդիպման համաձայնել են գնալ երկու հոգի, մեկը՝ թեմական խորհրդի անդամ, Քաշաթաղի նախկին պարետ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանը, որը նաեւ Վրթանես եպիսկոպոսի թեզի ղեկավարն է եղել, մտերիմ հարաբերություններ ունի հոգեւոր առաջնորդի հետ, մյուսը՝ թեմի գրասենյակի ղեկավար, թեմի խորհրդի անդամ Մելանյա Բալայանը՝ Արցախի ՀՅԴ-ական պատգամավոր Վահրամ Բալայանի կինը, որը, ասում են, առաջնորդանիստում աշխատավարձ ստացող միակ աշխատակիցն է։
Այդ հանդիպումից հետո Ալեքսան Հակոբյանը զրուցել էր «Հրապարակի» հետո՝ ասելով, որ սրբազանն իրենց տեղկացրել է, որ իրենք վարչապետին հորդորել են դադարեցնել իր քայլերը, հաշտվել կաթողիկոսի հետ, սակայն վարչապետը հայտարարել է, որ միայն մեկ դեպքում կվերանայի իր դիրքորոշումը` եթե կաթողիկոսը հեռանա: «Ուլտիմատում է դրել, իր վերջին խոսքը դա է եղել, եւ դրանով ավարտվել է խոսակցությունը»,- ասել էր Հակոբյանը: Իսկ թե ինչու են Վրթանես եպիսկոպոսը եւ մյուսներն այդ ուլտիմատումից հետո` հենց հաջորդ օրը շարունակել սատարել Փաշինյանի դավադիր ծրագրին եւ երկու օրը մեկ նոր հայտարարություն են տարածում` վերահաստատելով իրենց «դիրքորոշումը», պարզ չէ:
Ինքը` Վրթանես եպիսկոպոսը, այդ հարցին խուսափել է հստակ պատասխանել: Սակայն անգամ դրանից հետո թեմական խորհրդի անդամ Ալեքսան Հակոբյանը փորձում է արդարացնել Վրթանես եպիսկոպոսի պահվածքը․ «Ես առաջարկեցի, որ մենք էլ գնանք հանդիպման վարչապետի հետ, նա ասաց, որ չի կարող նման հարցում միջամտել: Ըստ երեւույթին, նա այդ հարցում չի եղել ամենաակտիվը: Նա կարծում է, որ եթե գնացել է որպես Արցախի թեմի առաջնորդ եւ այդպես էլ ներկայացել է, ապա այդ քայլով լեգիտիմացրել է Արցախի կառույցը կառավարական մակարդակներում` որպես գործող կառույց: Մենք սիրում ենք իրար, ներողամտաբար ենք իրար վերաբերվում եւ շարունակելու ենք մեր աշխատանքը: Աղոթում ենք, որ սխալ բաներ չլինեն»։
Մելանյա Բալայանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Ալեքսան Հակոբյանի հետ հանդիպել է թեմի առաջնորդին, այլ հարցերի հրաժարվեց պատասխանել։ Լեռնիկ Հովհաննիսյանն էլ ասաց, որ սխալ է այդ հանդիպումը ժողով անվանելը, ժողով չի հրավիրվել, գուցե մի քանի հոգի հանդիպել են թեմի առաջնորդի հետ, բայց ոչ ինքը։ «Հանդիպելու անհրաժեշտություն, իմաստ չեմ տեսնում, խորհրդի հայտարարությունից առաջ ենք հանդիպել, ամեն ինչ պարզ է` էլ ի՞նչ հանդիպեմ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ գուցե թեմի խորհրդի որոշ անդամներ հանդիպեն՝ մարդկային հարաբերություններից ելնելով, բայց խորհրդի հայտարարությունը դրանից չի փոխվում, բոլորը համակարծիք են եղել այն ընդունելիս: «Մեր հայտարարությունն արվել է համախոհությամբ, համատեղ, թեմական խորհրդի անդամներն ազատ են ցանկացածի հետ հանդիպելու, իրենց կարծիքը հայտնելու, ես խնդիր չեմ տեսնում, բայց որ բոլորը համակարծիք են եղել հայտարարության ոգուն ու տեքստին եւ մասնակցություն են ունեցել տեքստը կազմելուն, դա միանշանակ է, կասկած չկա»։
Կարդացեք նաև
Հարցրինք՝ իսկ ինչո՞ւմ են թեմական խորհրդի որոշ անդամներ արդարացնում թեմի առաջնորդին։ «Մարդը դեռ թեմի առաջնորդ է եւ կարող է հանդիպել․․․ չեմ կարող ասել։ Նույն Ալեքսան Հակոբյանը, Մելանյան համաձայն են եղել հայտարարությանը, ավել բան չեմ կարող ասել»։ Ի դեպ, թեմական խորհրդի կազմը փոխելու իրավասությունը հոգեւոր առաջնորդինն է, բայց դա պետք է հաստատի Վեհափառը։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում


















































