Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ դուք արդարացնում եք իշխանության կողմից կատարվող ակնհայտ ապօրինությունները, դուք անձամբ մասնակցում եք Հայաստանի՝ որպես իրավական պետության կազմաքանդմանը․ Գարեգին Միսկարյան

Դեկտեմբեր 13,2025 11:30

«Նժար» շարժման նախկին անդամ Գարեգին Միսկարյանի ֆեյսբուքյան գրառումը

Սիրելի աթեիստ քույրեր և եղբայրներ, հանրային բանավեճերում մի ծայրահեղությունից մյուսը ընկնելը երբեք չի ծառայում ո՛չ պետությանը, ո՛չ հասարակությանը, ո՛չ էլ ռացիոնալ մտածողությանը։ Այո, մենք բոլորս ականատես եղանք, որ որոշ եկեղեցականներ, անտեսելով մեր հորդորներն ու սահմանադրական կարգի սահմանափակումները, փորձեցին իրենց հոգևոր դիրքն ու հեղինակությունը օգտագործել քաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունենալու համար։

Ոմանք, առանց հասկանալու, նույնիսկ էնքան հեռուն գնացին, որ անգամ հանդես եկան կրոնապետության կառուցելու ակնհայտ կոչերով՝ հակասահմանադրական ճանապարհով իշխանափոխության օրակարգ առաջ տանելով։

Բայց էդ փաստը չի կարող և չի պետք է դառնա պատճառ, որ դուք ընկնեք հակառակ ծայրահեղության մեջ ու սկսեք պետությունն ու եկեղեցին դնել նժարի վրա, փորձել կշռել, թե որն է կարևոր և որը պետք է զոհաբերվի հանուն մյուսի։ Հավատացնում եմ ձեզ՝ նման օրակարգ գոյություն չունի։

Պետականության պահպանման սկզբունքը պարզ է. հակասահմանադրական գործողությանը չի կարելի պատասխանել հակասահմանադրական գործողությամբ։
էստեղ չի կարող լինել «արդարացի վրեժ» կամ «լեգիտիմ հակահարված»։

Օրինականությունից շեղվող իշխանական գործունեությունը չի դարձնում եկեղեցականներին ավելի հանցագործ, բայց պետական պաշտոնյաների լիազորությունների չարաշահումը բացարձակ հանցանք է։ Եվ երբ դուք նման գործողությունը արդարացնում եք, դուք ոչ թե պաշտպանում եք պետությունը, այլ թույլացնում եք պետության հիմքերը՝ օրինականացնելով կամ աչք փակելով ապօրինությունների վրա։

Այսօր Հայաստանում տեղի ունեցող և տեղի ունենալու վտանգ ունեցող ծանր հանցագործությունները՝ էդ թվում Փարաքարի համայնքապետի սպանությունը և նմանատիպ դեպքերը սնվում են հենց էդ տրամաբանությունից՝ վենդետայի մշակույթից, երբ իրավունքի փոխարեն գործում է վրեժի տրամաբանությունը, իսկ պետական հաստատությունների նկատմամբ վստահությունը փոխարինվում է գաղութային տրամաբանությամբ՝ ով ուժեղ է, նա էլ որոշում է։

Երբ դուք արդարացնում եք իշխանության կողմից կատարվող ակնհայտ ապօրինությունները՝ միայն այն պատճառով, որ դրանց թիրախում են հայտնվել ոմանք, ում դուք տհաճությամբ եք վերաբերվում, դուք անձամբ մասնակցում եք Հայաստանի՝ որպես իրավական պետության կազմաքանդմանը։

ԱՆՁԱՄԲ…

Պետության կայացումը սկսվում է նրանից, որ ցանկացած իշխանություն, ցանկացած հոգևոր կառույց, ցանկացած քաղաքական դերակատար գործում է օրենքի շրջանակում։

Իսկ մենք՝ որպես հասարակություն, չենք կորցնում դատողության կարողությունը և չենք դառնում ոչ մի կողմի ծայրահեղ մոտեցումների գերին։ էլ չեմ ասում՝ էդ հողի վրա իրար ատելու մասին…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031