Հոգևորականների` քաղաքականությամբ զբաղվել չզբաղվելու մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել և թվում է` ամեն ինչ պարզ է, սակայն որոշ շրջանակների համար այդ թեման անընդհատ շահարկման նյութ է դառնում։ Նրանք հոգևորականությանը մեղադրում են քաղաքականությամբ զբաղվելու մեջ։
Արհեստականորեն առաջ քաշված այս թեման հիմնականում շահարկվում է իշխանական ու մերձիշխանական կեղծ քարոզիչների կողմից։ Եթե նկատի ունենանք միայն վերջին տարիների եկեղեցու պատմությունը, ապա, անշուշտ, ունեցել ենք նախադեպ, երբ ֆորսմաժորային իրավիճակում էր հայտնվել հայաստանյան ներքաղաքական կյանքը, և միասնական ընդդիմությունը ինքն է առաջարկել ու խնդրել, որպեսզի հոգևորականը դառնա վարչապետի թեկնածու։ Հոգևորականի կոչումն ու պատիվը անհամեմատ ավելի բարձր է, քան որևէ քաղաքական պաշտոնյայի կոչումն ու պաշտոնը և, հետևաբար, եթե հոգևորականը գնում է այդ քայլին, ապա այդ քայլը, ըստ իս, պետք է դիտարկել որպես ինքնազոհողություն հանուն ազգայի շահի։
Ինչպես միշտ, այնպես էլ այժմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց կաթողիկոսության առաքելության կարևորագույն մաս է կազմում ամբողջ աշխարհի հայության հոգևոր անվտանգության ապահովումն ու համազգային միասնությունը, սակայն անասելի դժվարանում է Հայ Եկեղեցու կողմից իր սրբազան առաքելության իրականացումը, երբ Հայ Եկեղեցուն սկսում են հալածել բուն Հայաստանում և երբ հասարակական կյանքում արհեստականորեն ներմուծվում են ատելության խոսքն ու բռնաճնշումները։
2018 թվականից սկսած քաղաքական առանցքային պաշտոններին արկածախնդիր ու ոչ արհեստավարժ մասնագետների նշանակմամբ հասարակության մեջ նոր բաժանարար գծեր գծվեցին, ինչի արդյունքում Հայոց Եկեղեցու համար նորանոր խնդիրներ առաջացան։ Վերջին շրջանում ամեն կիրակի ինչ-որ մի նոր բնակավայրում պատվերով «պատարագներին» ներկա գտնվելով ու իրենց ակնհայտ կեղծ բարեպաշտությամբ հավատացյալների հոգևոր անդորրը խախտելով, օրինազանց իշխանությունները վիրավորում են բոլոր հավատացյալների և հատկապես տեղաբնակների կրոնական զգացումները։
Կարդացեք նաև
Ներկա ներքաղաքական իրավիճակում հոգևորականների շրջանում օրիգինալ մեթոդով լյուստրացիա է կատարվում։ Բազմաթիվ հոգևորականներ իրենց հոգևոր գործունեությունը ստիպված են բարեզարդել քաղաքական հստակ դիրքորոշմամբ և դա, կարծում եմ, չպետք է ընկալվի որպես քաղաքական քայլ կամ աջակցություն որևէ քաղաքական ուժի։
Այլապես ի՞նչ է ստացվում, ՔՊ կրոնա-քաղաքական աղանդին քննադատելը քաղաքականությամբ զբաղվել է, իսկ նրան քծնելն ու շողոքորթելը քաղաքականությամբ զբաղվել չէ՞։ Եկեղեցականի քննադատությունը չի ենթադրում թշնամանք, այլ ենթադրում է առաջարկ վերանայելու այն ընթացքը, որը, ըստ քննադատողի, ապազգային ու հակաեկեղեցական է։
Ի՞նչ կարիք կա այդ ամենը հիվանդագին ընդունելով անսխալականի պատմուճան հագնել ու անկանոն շարժումներ անել, երբ սեռաշեղված հայացքով երկրին հակառակ կողմից եք նայում։ Հոգևորականության ու հայ ժողովրդի արժանապատիվ մասը զինակից ու աջակից է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն ու Վեհափառ Հայրապետին, իսկ Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետն ունի բավարար չափով համբերություն և իմաստություն՝ Տիրոջ կամքով ու ժողովրդի աննահանջ աջակցությամբ դիմագրավելու տարաբնույթ կրոնա-քաղաքական աղանդների եկեղեցահալած նկրտումներին։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ


















































