Լրահոս
Օրվա լրահոսը

Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանում մեկնարկել է օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների երկրորդ համաժողովը

Դեկտեմբեր 13,2025 16:39

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Լեհաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանում մեկնարկել է օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների երկրորդ համաժողովը:

Բացմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, Պոզնանի համալսարանի պրոռեկտոր Պշեմիսուավ Վոյտաշեկը, Մխիթար Գոշի անվան հայագիտական ​​կենտրոնի տնօրեն Ադամ Պոմեճինսկին և այլք:

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով համաժողովի մեկնարկի առթիվ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է՝ գիտությունը, մշակույթը և կրթությունը եղել և մնում են այն հիմնասյունները, որոնց վրա կառուցվում է հայ ժողովրդի ապագան: Այս առումով, ԿԳՄՍ նախարարի տեղակալի գնահատմամբ, առաջնային նշանակություն են ստանում օտարերկրյա պետություններում գործող հայագիտական կենտրոնները:

«Այս խորհրդաժողովը կարող է դառնալ այն հարթակը, որտեղ հայագիտական կենտրոնները կարող են ներկայացնել իրենց ձեռքբերումները և փորձը, բարձրաձայնել հայագիտության զարգացման և տարածման գործում առկա մարտահրավերները, քննարկել դրանց լուծման ուղիները, ինչպես նաև ձևավորել համագործակցության նոր ծրագրեր և գաղափարներ: Հայագիտության զարգացման այս բացառիկ իրադարձության շրջանակում ամփոփում ենք մեր անցած ուղին՝ նախանշելով ապագայի նոր տեսլականները։ Այս տեսանկյունից հատկանշական է ցանցային հայագիտական համալսարանի ստեղծումը, որով հնարավոր կլինի միավորել հայագիտական կենտրոններում արդեն իսկ զարգացող կարողությունները և սահմանել դրանց հզորացմանն ուղղված գործուն քայլերի շրջանակը»,- ընդգծել է Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է՝ օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների մասնակցությամբ համաժողովն անցկացվում է արդեն երկրորդ անգամ: Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ մշակվել է առաջիկա հինգ տարիներին գիտության զարգացման ռազմավարությունը, որտեղ առանձնահատուկ շեշտադրված է նաև հայագիտության զարգացումը:

Համաժողովի մասնակիցներին ողջունել է նաև Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը։ Նա կարևորել է նախորդ ամիս բացված Մխիթար Գոշի անվան հայագիտական կենտրոնի գործունեությունը՝ համոզմունք հայտնելով, որ այն կդառնա Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի կարևոր կենտրոններից մեկը և կհանդիսանա Հայաստանի ու Լեհաստանի միջև կրթագիտական ու մշակութային համագործակցության առանցքային օղակ։

Համաժողովի շրջանակում նախատեսված են պանելային քննարկումներ և ելույթներ, այդ թվում՝ հայագիտության զարգացման ռազմավարական ուղղությունների, հայագիտության ոլորտում գործընկերությունների և ակադեմիական ցանցի ձևավորման և այլ թեմաների վերաբերյալ:

ՀՀ ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031