«ՔԿ-ի երեկվա հայտարարությունից պարզ էր, որ Միհրանի մարմնական վնասվածքը փորձագետի կողմից համարվել է թեթեւ։ Իմ տարիների փորձը ցույց է տալիս, որ միայն քթի կոտրվածքը, էլ չեմ խոսում ուղեղի ցնցման մասին, ուղղակի չի կարող լինել թեթեւ մարմնական վնասվածք․ միջին ծանրության վնասվածք է դա»,- իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Միհրան Հակոբյանը, հիշեցնենք, օրերս «Դալմա մոլի» ավտոկայանատեղիում ծեծի էր ենթարկվել։ Ծեծողները հայտնաբերվել էին եւ ձերբակալվել։ Երեկ հայտնի դարձավ, որ նրանք ազատ են արձակվել։ Դատարանը մերժել է նախաքննական մարմնի՝ կալանքի միջնորդությունը։ Ծեծը իրականացրել են երեք հոգի, երկուսն էլ օժանդակող են։ Պատվիրատուների մասին տեղեկություններ առայժմ չկան։ Ռուբեն Մելիքյանը տեղեկացրեց, որ ՔԿ-ն կալանավորման միջնորդություն էր ներկայացրել, բայց ձերբակալվածներից ոչ մեկի վերաբերյալ կալանք կկիրառված չէ։ Երեքի՝ բուն ծեծն իրականացնողների նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց, ինչը փաստաբանը նորմալ չի համարում՝ անգամ անմեղության կանխավարկածը նկատի ունենալու պարագայում։ Իր գնահատմամբ, տուժողի՝ Միհրան Հակոբյանի շահերի խախտում է իրականացվել, քանի որ այդ անձանց կողմից կատարվածը կրկնելու հավանականությունը չի բացառվում։
ՔԿ-ն փաստաթղթերը կողմին կտրամադրի երկուշաբթի օրը, հետո միայն կխոսեն փորձաքննության արժանահավատության մասին։ Սակայն, փաստաբանը նկատում է, նման փորձագիտական եզրակացության արդյունքում ավելի մեղմ մեղադրանք է առաջադրվել, մինչդեռ նույն ՔԿ-ի՝ այս գործով մինչ այժմ տարածած տեղեկությունները, այդ թվում նաեւ այն, որ ավտոմեքենայի պետհամարանիշների փոփոխություն է եղել, ցույց է տալիս, որ լավ ծրագրավորված եւ մտածված հանցագործություն է եղել Միհրան Հակոբյանի նկատմամբ։
Այս անձանց հայտնաբերելու գործընթացը ոստիկանության եւ քննչական մարմինների կողմից փաստաբանը համարում է պրոֆեսիոնալիզմ, բայց դրական հատվածն այս ամենով ավարտվում է։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































