Լրահոս
Կրոն և բարեգործություն
Օրվա լրահոսը

«Թոշակների բարձրացումն արդեն կենսական անհրաժեշտություն է, առավել ևս՝ նվազագույն թոշակի բարձրացումը». Մեսրոպ Առաքելյան

Դեկտեմբեր 14,2025 18:00

Ազգային վիճակագրական կոմիտեն ներկայացրել է ապրանքների գների փոփոխությունն այս տարվա առաջին 10 ամիսներին՝ համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ 2025 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում թթվասերը թանկացել է 5.6%-ով, կաթնաշոռը՝ 5.2%-ով, մածունը՝ 4.8%-ով, կաթը՝ 4%-ով, միսը՝ 1.4 տոկոսով, ձուկը՝ 18.3-ով, միրգը՝ 7.8-ով, բանջարեղենը՝ 14.6-ով, սուրճն ու թեյը՝ 13.9 տոկոսով։ Սննդից էժանացել է, կարելի է ասել, միայն շաքարավազը՝ 5.3 տոկոսով եւ պանիրն ու ձուն՝ 1.6 տոկոսով։

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում անդրադառնալով այս տվյալներին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը մասնավորապես ասաց. «Գնաճի մեջ կան բազմաթիվ ապրանքներ, որոնցից աղքատ բնակչությունը, թոշակառուները չեն օգտվում: Այսինքն` երբ սկսում ես ապրանք առնել՝ սկսում ես առնել սննդամթերքից հետո, եւ երբ որ փողդ հերիքում է՝ նոր առնում ես ապրանքներ, որոնք գնաճի կառուցվածքում ավելի քիչ են բարձրանում… Այդ առաջին 50,000 դրամ ծախսով գնվող ապրանքները միշտ ավելի շատ են թանկանում, որը մոտավորապես 10% է կազմում: Այսինքն` եթե գնաճը մոտ 3-4%-ի սահմաններում է, այդ առաջին անհրաժեշտության ապրանքները, սննդամթերքը մասնավորապես՝ մոտ մինչև 10% թանկացում են ունենում: Եվ հետևաբար, եթե ավելի ճիշտ հաշվարկենք՝ պետք է ոչ թե գնաճի հետ համադրենք, այլ սննդամթերքի, այսինքն` առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճի մասով։ Այդ տեսանկյունից եթե նայում ենք՝ այս տարի գնաճը մի քիչ մեղմ է, բայց մի երկու տարի առաջ այդ սննդամթերքի գնաճը նաև պաշտոնական տվյալներով մոտ 20% էր նույնիսկ հասել: Այսինքն` այս տեսանկյունից թոշակների բարձրացումը արդեն կենսական անհրաժեշտություն է, առավել ևս նվազագույն թոշակի բարձրացումը:

Նվազագույն թոշակը այս պահին Հայաստանում մոտ 36,000 է: Առնվազն երկու չափանիշ կա սպառողական զամբյուղի՝ առողջապահության նախարարության հաշվարկներով և նաև համաշխարհային բանկի, որ 60-ից մինչև 75,000 դրամի սահմաններում է տատանվում: Այսինքն` առնվազն մինչև մոտ 70,000 դրամ նվազագույն կենսաթոշակը պետք է կրկնապատկվի, և ոչ թե բոլորինը բարձրացվի»:

Մեսրոպ Առաքելյանը նաեւ շեշտեց, որ այսպիսով բյուջեի վրա նաեւ ավելի քիչ բեռ է լինում, եթե սկսենք ավելի ցածր կենսաթոշակ ստացողների կենսաթոշակները բարձրացնելուց:

Մեսրոպ Առաքելյանի եւ Դավիթ Անանյանի զրույցն ամբողջությամբ՝ 22.00-ին

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031