ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ առողջության ապահովագրությունն ավելի նախընտրելի է, քան թոշակների բարձրացումը. «Եթե մենք մարդու թոշակը ամիսը 10 հազար դրամով բարձրացնենք, ինքն իր առողջապահական խնդիրները կարողանալո՞ւ է շատ թե քիչ պատշաճ ձևով լուծել։ Ո՛չ, չի կարողանալու։ Դրա համար մենք ասեցինք՝ եկեք ոչ թե թոշակն ավելացնենք, այլ առողջապահության համակարգ ներդնենք։ Դրանով մենք 65 տարեկանից բարձր տարիքի թոշակառուների ավելացրած թոշակը, առանց իրենց հարցնելու, դնում ենք այնտեղ, բայց իրենք այնտեղ ստանալու են մի քանի անգամ ավել արժեցող ծառայություններ, որոնց կարիքն իրենք, իհարկե, կունենան»:
«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի տնտեսագետ երկու հյուրերն էլ պնդեցին, թե ապահովագրության ներդրումն ուղիղ կապ չունի թոշակների չբարձրացման հետ՝ այդ երկու համակարգերը համադրելու տրամաբանություն չկա:
Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ Դավիթ Անանյանը անդրադառնալով այն հանգամանքին, որ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» ընդունվելիք օրենքի համաձայն՝ փաթեթներն արդեն իսկ կակտիվանան հունվարի 1-ից՝ մասնավորապես ասաց. «Ամենակարևորն այն է, որ հունվարի 1-ից չկան ծախսման մեխանիզմները, ըստ էության՝ չկա ձևավորված հիմնադրամը, և կա մենակ հունվարի 1-ից եկամուտներ գանձելու այդ գործառույթը։ Սա, ըստ էության, ավելի շատ նախընտրական որոշակի քարոզարշավի շրջանակներում իրականացվող քաղաքական ակցիա է»:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն անդրադարձավ կառավարության մեկ այլ նախաձեռնության, որով թոշակները չբարձրացնելը փորձում են փոխհատուցել թոշակն անկանխիկ ծախսելու դիմաց հետվճարով. «Ժամանակին ինքս էլ դեմ էի արտահայտվում, որ կառավարությունն ընդհանրապես իրավունք չունի քաղաքացուն մատուցվող՝ սահմանադրությամբ նախատեսված պարտադիր ծառայությունը, այս պարագայում՝ թոշակը մատուցելուց դնի սահմանափակումներ, պարտադրի, որ քարտով ստանա, որովհետև այսօր հարյուրավոր բնակավայրեր կան, մասնավորապես գյուղական բնակավայրեր, որտեղ ուղղակի բանկոմատ չկա, այսինքն` մարդիկ հնարավորություն չունեն… Նույն գյուղական բնակավայրերում մարդիկ առնում են գյուղմթերք: Այսինքն` ասել, որ այսօր Հայաստանում հնարավոր է ցանկացած գործարք իրականացնել անկանխիկ, ասել՝ դե գնացեք անկանխիկով ստացեք… Երևանում էլ բազմաթիվ գնումներ, առավել ևս գյուղմթերքներ՝ հնարավոր չէ իրականացնել անկանխիկ»։
Կարդացեք նաև
Դավիթ Անանյանն ընդգծեց հստակ պահանջը, որ թոշակներն անպայման հասցվեն գոնե նվազագույն սպառողական զամբյուղի, կենսամակարդակի նվազագույն մակարդակի: Ըստ նրա՝ ինֆլյացիայի համեմատ թոշակների եւ աշխատավարձերի բարձրացման տեմպերն անհամաչափ են. «Թվաբանորեն թվում է, թե գնաճի 3.7%-ի պայմաններում կարծես թե պլուս 5-6% աշխատավարձի աճը ոնց որ թե ավելի շատ է աշխատավարձը աճում, քան օրինակ՝ գնաճը, բայց իրականում գնողունակությունը, իրական բեռը, վարկ մարելու պարտականությունները, այս ամեն ինչը… գնալով մարդիկ այդ թվաբանությունը չեն հասկանում, որովհետև իրենց սեփական գրպանում ամսվա վերջում տեսնում են, որ չկա այն գումարը, որի մասին հայտարարվում է»:
2025թ. 9 ամիսներին արձանագրվել է բավական բարձր տնտեսական աճ, սակայն դրա կառուցվածքը բավական խնդրահարույց է։ Ըստ «Լույս» հիմնադրամի՝ «Աճին հիմնականում նպաստել են ծառայությունների և շինարարության ոլորտները, մինչդեռ արդյունաբերությունում անկում է՝ պայմանավորված մշակող արդյունաբերության զգալի անկմամբ»:
Մեսրոպ Առաքելյանն այս առնչությամբ ասաց. «Այս տարվա արդյունքներով արդյունաբերության ոլորտը, որը նվազել է առևտրի ոլորտից, ծավալային առումով արդեն անկում է ապրել, որը բավականին մտահոգիչ ցուցանիշ է, որովհետև արդյունաբերությունը, անկախ ամեն ինչից, պետք է տնտեսության զարգացման լոկոմոտիվը լինի՝ տեխնոլոգիական գործիքակազմի ներդրումներով, որը մեր մոտ վերջին տարիներին միայն անկում է ապրում։ Եվ այո, առևտրի, ծառայությունների ոլորտի հաշվին ենք կարողանում տնտեսական աճը ապահովել։ Բայց մի այլ արձանագրում անենք. ի վերջո այս տնտեսական աճը, որ այս իշխանությունը անընդհատ խոսում է՝ ի՞նչ անդրադարձ ունի մարդկանց բարեկեցության վրա, որովհետև վաղուց արդեն անցել է այդ մակրոտնտեսական ցուցանիշներով հպարտանալու դարաշրջանը։ Այս պահին գլխավոր արժեքը պետք է լինի մարդը, մարդու բարեկեցությունը: Հիմա նայում ենք՝ այս տարիների ընթացքում աղքատության նվազում գրեթե չկա, այսինքն եկամուտների բևեռացումը շարունակում է մնալ նույնը… Խոսում ենք տնտեսական աճ կա, բայց պարզվում է՝ թոշակների գումար չկա, աշխատավարձերի գումար չկա… Ի վերջո տնտեսական աճի այս կառուցվածքը որևէ էական անդրադարձ մարդկանց բարեկեցության վրա և կարճաժամկետ հատվածում, և որ ավելի կարևոր է՝ երկարաժամկետ հատվածում՝ չունի։ Այս տնտեսական աճը ավելի շատ իներցիոն տնտեսական աճ է, առավելապես արտաքին գործոններով պայմանավորված»:
Դավիթ Անանյանն էլ հանգամանալից հիմնավորելով, որ մեր տնտեսական աճը պայմանավորված է եղել արտաքին և արտածին գործոններով, որոնք կամաց-կամաց արդեն թուլանում են, նվազում՝ առաջարկեց. «Տնտեսության կառուցվածքը պետք է արմատապես փոխվի։ Մենք փոքր երկրի հայեցակարգի հիման վրա պետք է համաշխարհային տնտեսության մեջ ստեղծենք մեր նիշան, և աշխարհին ներկայանանք մեր բարձր տեխնոլոգիական և բարձր գիտելիք պարունակող թողարկվող ապրանքներով և ծառայություններով։ Մենք պետք է դառնանք արտահանելի տնտեսություն ունեցող երկիր։ Սա է պետք անել, մնացածը՝ ինչ որ ասվում է, մեծամասամբ մանիպուլյացիաներ են»:
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ


















































