«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը
Եկեք միասին վերհիշենք, թե վերջին 1-2 տարում ու հատկապես վերջին ամիսներին տեղեկատվական ինչ կեղծ լուրեր ու թեզեր են տարածվել՝ անհայտ ծագմամբ հարթակների և իրենց լրատվամիջոց համարող կայքերի կողմից (հերթականությունը խառն է):
Ֆրանսիական ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ։
Վարչապետը արտերկրում միլիոնավոր դոլարների կարողություն և դղյալներ ունի։
Կարդացեք նաև
«88» սուպերմարկետները պատկանում են վարչապետի տիկնոջը։
Ազգային ժողովի վրայից Հայաստանի զինանշանը անվերադարձ հանում են։
Հայաստան տեղափոխվել պատրաստվող ադրբեջանցիների համար ID քարտեր են տպել։
Կիրանցի եկեղեցին տալիս են ադրբեջանցիներին, տեղը մզկիթ են կառուցելու։
Գրանադայում վարչապետը հանձնել է անկլավներն ու միջանցքը։
Հայկական անձնագրերով թուրքերը մուտք են գործել Հայաստան ու առևանգում են երեխաների։
Դիլիջանի թունելը վերանորոգման պատրվակով փակում են, որ Տավուշում տարածքներ զիջեն։
Ցուցարարները ներխուժել են կառավարության շենք և այնտեղ հանդիպել ամերիկացի դեսանտայինների (2023թ. սեպտեմբեր)։
Բարեկամների՝ միմյանց ուղարկած գումարները հարկվելու են։
Հայտարարագիր չլրացնող մարդիկ դատվելու են։
ՊԵԿ-ը կարող է մուտք գործել ձեր բանկային հաշիվներ։
ՀԷՑ-ը տալիս են թուրքերին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ընտանիքի անդամներն ունեն Կանադայի քաղաքացիություն։
Հայաստանում կենսաբանական զենքի լաբորատորիաներ են հիմնվել։
Վարչապետի ընտանիքը լքել է Հայաստանը։
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորել են Ադրբեջանի դրոշի գույներով։
Շուտով պատերազմ է սկսվելու, պետք է տարհանվել (ՍՄՍ հաղորդագրություններ՝ ռուսական համարներից)։
Հրթիռները Հայաստանի վրայով թռչում են դեպի Իրան, պատերազմից 5 է պակաս։
Հայաստանից զանգվածային արտագաղթ կա, տասնյակ հազարավոր մարդիկ արտագաղթել են։
Ադրբեջանը հարձակվել է, որովհետև Հայաստանն է հրահրել։
Խաղաղության պայմանագրով Հայաստանը պետք է վճարի 100 մլրդ դոլար կամ զիջի Սյունիքն ու Գեղարքունիքի մի մասը։
Պայմանավորվել են, Ջերմուկը տալիս են ադրբեջանցիներին։
Կիրանցի եկեղեցու խաչը հանում են։
Ցեղասպանության ինստիտուտի փաստաթղթերը ոչնչացնում են։
Ատոմակայանը փակում են՝ թուրքերի պահանջով։
Մերձավանի համայնքապետը սպանվել է, որովհետև ընդդիմադիր էր։
Ընդդիմադիր համայնքապետերը կամ սպանվում են, կամ կալանավորվում։
Վարչապետը ժխտում է Ցեղասպանության փաստը։
ՔՊ-ն փորձում է խափանել «Մեր ձևով» շարժման հանրահավաքը՝ անվճար բենզին բաժանելով։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը վերանորոգման անվան տակ քանդում են։
ԼՂ հայրենակիցներին թույլ չեն տալիս գալ Հայաստան (2023թ. սեպտեմբեր)։
Ղարաբաղից ներգաղթած մարդիկ մահացել են, որովհետև նրանց հրաժարվել են բուժօգնություն ցուցաբերել։
Ղարաբաղից ներգաղթածներին ՀՀ քաղաքացիություն չեն տալիս։
Դիլիջանի հրդեհը իշխանություններն են կազմակերպել, որ ուշադրությունը շեղեն այլ թեմաներից։
Բանակում դեղորայք ու առաջին անհրաժեշտության պարագաներ չկան։
Իշխանությունը չի զբաղվում գերիների խնդրով։
Էրդողանի խնդրանքով Երևանում 10 մզկիթ են կառուցելու։
Ադրբեջանական տարածքով եկած ցորենը վտանգավոր է, կարող է թունավոր լինել։
Ցորեն տարանցելու դիմաց Ադրբեջանին զիջումներ են արվելու։
Դպրոցները փակում են, որ գյուղերը դատարկեն։
Դասագրքերի վրա ադրբեջանական դրոշ է։
Զինծառայության ժամկետը կրճատում են, որ պաշտպանունակությունը թուլացնեն։
Կանխիկով առևտուրը արգելվելու է, որ թոշակառուները միայն քարտով առևտուր անեն։
Թուրքական շտապօգնության մեքենայի կասկածելի տեղաշարժը Երևանում …
Ցանկը կարելի է երկար շարունակել, բայց այսքանն էլ բավական է՝ հասկանալու համար, Հայաստանի դեմ այսօր լայնամասշտաբ տեղեկատվական պատերազմ է ընթանում:
Տեղեկատվական պատերազմը, եթե շատ կարճ ասեմ, ֆեյք (կեղծ) լուրերի, ապատեղեկատվության և մանիպուլյացիաների գեներացումն ու ինտենսիվ տարածումն է, որը նպատակ ունի խուճապ ու հուսահատություն սերմանել հասարակության մեջ, ատելություն ու անվստահություն գեներացնել մեկը մյուսի, իշխանության ու պետության նկատմամբ, թուլացնել պետությունը:
Ցավոք սրտի, որքան մոտենան ընտրությունները, ֆեյք լուրերի տարափն ուժգնանալու է: Սրա դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը մեդիագրագիտությունն է, անհայտ ծագման ամեն լուրի չհավատալը և ակնհայտ կեղծիք տարածող, իրենց ԶԼՄ համարող՝ հիբրիդային պատերազմի գործիք հանդիսացող կայքերը անտեսելը:
ԹՈՒՅԼ ՄԻ ՏՎԵՔ ՁԵԶ ԽԱԲԵԼ։


















































