Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Պապոյան, ոգևորվել, ինձ եք կպել, ասեք՝ էլեկտրամոբիլների ներմուծման դեպքում՝ ԱԱՀ-ից ազատման համար ժամկետը սահմանը հատե՞լն է, թե մաքսազերծման ներկայացնելը»․ Թադևոս Ավետիսյան

Դեկտեմբեր 15,2025 12:51

«Այն կանոնը, որ ասում էինք՝ եթե էլեկտրական մեքենան երկու տարվա թարմության է՝ 2024, 2025, 2026 թվականների, դրանք ազատվում են ԱԱՀ-ից, գործում է մինչև հունվարի 31-ը։ Եթե 2020, 2021, 2022 թվականի մեքենաներ են ներմուծում, օրինակ՝ հունվարի 17-ին, նրանց համար ԱԱՀ-ից ազատում կլինի։ Եթե մինչև հունվարի 31-ը քաղաքացիները կբերեն 2024-ից հին էլեկտրամոբիլներ, ԱԱՀ չեն վճարի»,- ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին հարցը (երկրորդ ընթերցմամբ)։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵԱՏՄ վարչապետների նիստում որոշվել է, որ Հայաստանը 2026թ. համար կստանա 15 հազար էլեկտրամոբիլի անմաքս քվոտա։

Գևորգ Պապոյանն ասաց, որ սեպտեմբերից հայտնի է եղել, որ օրենքը երկարաձգվելու է այս տեսքով, բայց մինչև սեպտեմբեր հայտնի չէր, որ ընդհանրապես երկարաձգվելու է քվոտան։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն առաջարկեց, որ հունվարի 31-ի ժամկետը երկարաձգեն մինչև մարտի 1-ը։ Այնուհետև հորդորեց պարզաբանել՝ խոսքը վերաբերում է ավտոմեքենան մինչև հունվարի 31-ը հատի ՀՀ սահմանը, թե՞ ներկայացվի մաքսազերծման, այսինքն՝ ամսաթվի ժամկետը սահմանը հատելո՞ւն է վերաբերում, թե՞ մաքսազերծման ներկայացման։

Գևորգ Պապոյանն ի պատասխան ասաց, որ ժամկետը երկարաձգելու կարիք չի տեսնում․ «Եթե անգամ լինեն առանձին դեպքեր, ապա հանրային շահն ավելի բարձր է, քան առանձին անհատների։ Եթե համարում ենք, որ մեր հանրային շահը պահանջում է, որ մեր երկրում լինեն նոր մեքենաներ, և մեր երկիրը չլինի այլ երկրների շարժիչների, մետաղի աղբավայր, ուրեմն կարծում եմ՝ հանրային շահից բխում է, որ մենք շարժվենք այդ ուղղությամբ։ Հունվարի 31-ից հետո չարժե անել, դա խնդիր է պետության և հանրության համար, ոչ թե դա ուղղակի «կապրիզ է»։ Ուզում ենք կանաչ տնտեսություն ունենանք, նոր մեքենաներ»։

Ի պատասխան հարցի՝ արդյոք հունվարի 31-ի ժամկետը վերաբերում է մեքենայի՝ սահմանը հատելուն, թե՝ մաքսազերծման ներկայացման, Գևորգ Պապոյանն այդպես էլ պարզ չպատասխանեց և օրենքից մեջբերում արեց․ «2026-ի հունվարի 1-31-ը տվյալ կոդերով մեքենաների բացթողում՝ ներքին սպառման համար մաքսային ընթացակարգով ձևակերպումը կամ ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի ներմուծումը և ազատ շրջանառության նպատակով բացթողումը կամ ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումը կամ ՀՀ տարածքում օգտագործումը։ Սա վերաբերում է և′ ներմուծմանը, և′ ազատ շրջանառության նպատակով բացթողմանը»։

Խոսելով իրազեկման մասին բարձրացված դիտարկման մասին՝ նա ասաց․ «Նայում էի իմ կարճ հոլովակների դիտումները․ երեք սոցցանցերում 400,000 դիտում է ունեցել։ Կարծում եմ մեր երկրի համար 400 հազար դիտումը արդեն իսկ մեծ հանրային իրազեկում է»։

Թադևոս Ավետիսյանն արձագանքեց․ «Կարդացիք նույն բանը, վստահաբար նույն անորոշությունը մնաց։ Պարզ պատասխանեք, քանի որ մարդիկ ուզում են հասկանան՝ ինչ անեն։ Շատ լավ է, որ ձեր էջը 400 հազար դիտում ունի, գուցե ավելանալու հակումներ կունենաք կամ ոչ, չգիտեմ՝ Ձեր ձգտումներն են, իրավական առումով Ձեր էջը օրենք չէ։ Ինչ Դուք Ձեր էջում եք ասում, դեռ օրենքը չէ»։

Գևորգ Պապոյանն էլ արձագանքելով ասաց, որ տեսել է՝ Թադևոս Ավետիսյանը դեմ է քվեարկել այս նախաձեռնությանը և ասաց․ «Եթե հանձնաժողովի անդամները քվեարկեին Թադևոս Ավետիսյանի նման, այս օրենքը չէր ընդունվի, և մեր քաղաքացիները ստիպված կլինեին վճարել ԱԱՀ էլեկտրական մեքենաների համար»։

Թադևոս Ավետիսյանը վրդովվեց․ «Մանիպուլացնում եք։ Նոր հանրային շահից էիք խոսում, բա պարոն Պապոյան, էդ պոստը, որ զբաղեցնում եք, թո՞ւյլ է տալիս, այս չափ մանիպուլացնեք։ Ձեռնպահ եմ քվեարկել մի պատճառով, որ մինչև երկրորդ ընթերցում այդ լուծումներն ունենանք։ Նաև իմ ներկայացմամբ մեր խմբակցությունը այս նախագծին առաջին ընթերցմամբ «կողմ» է քվեարկել, նաև ես։ Բա եղա՞վ, ուր եք տանում։ Դուք հանրային շահի մասին եք խոսում։ Պարոն Պապոյան, ոգևորվել, ինձ եք կպել, ասեք՝ ժամկետը սահմանը հատե՞լն է, թե մաքսազերծման ներկայացնելը»։

Գևորգ Պապոյանն արձագանքեց․ «Ձևակերպումը հստակ է գրված, նույն ձևակերպումն է՝ մինչև դեկտեմբերի 31-ը բերված մեքենաներն այս կանոնի մեջ են։ Այստեղ կանոնի փոփոխություն չկա։ 2025-ի կանոնը նույն կերպ է գործում․ նույն տրամաբանությամբ շարունակվում է»։

ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ նշեց․ «Եթե ժամկետը սահմանենք մարտի 1-ին, վաղը կսկսեն էլեկտրամոբիլներ պատվիրել։ Մենք անգամ կարող էինք հունվարի 31-ն էլ չանեինք, որովհետև պատվիրված մեքենաներն արդեն մինչև դեկտեմբերի 31-ը հասած կլինեին։ Այսինքն՝ եթե մեկը կա, որ որոշել է հոկտեմբերի վերջին էլեկտրամոբիլ բերի կամ նոյեմբերի կեսերին, ինքն էլ որևէ հիմք չունի պնդելու, որ այդ մասին չի իմացել»։

Այնուհետև հարցրեց՝ 15000 քվոտան ինչպե՞ս է բաշխվելու, Գևորգ Պապոյանը պատասխանեց․ «15000-ի մի մասը բաշխելու ենք դիլերների, մյուս մասը ֆիզիկական անձանց միջև։ Այս պահին քննարկման փուլում է, թե որ մասը որին է տրվելու։ Մենք այս տարի շուտով կառավարության որոշում ենք ընդունելու, որտեղ ասում ենք, որ եթե դիլերներին տրված քվոտաներից մնա քանակ, տրամադրելու ենք ֆիզիկական անձանց։ Տեսնում եմ, որ մի քանի հարյուր մնալու է։ Ֆիզիկական անձանց այդ քանակը տրամադրվելու է՝ ըստ իրենց ներմուծման հերթականության»։

ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ այս առիթով ասաց․ «Չվերցնենք էլի 15000-ի կեսը տանք դիլերներին։ Խնդիր ունենք, ճիշտ հաշվարկ պիտի անենք՝ քաղաքացիների շահերը հաշվի առնելով»։

Նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031