«2025թ մեր թատրոնի համար եղել է նշանակալից տարի, աշխատել ենք գերհագեցած գրաֆիկով՝ առաջնախաղեր, փառատոներ, կրթական ծրագրեր եւ ամենակարեւորը՝ վերանորոգում: Մեր դահլիճը վերջապես վերանորոգվեց կառավարության եւ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Մենք ունենք ժամանակակից դահլիճ, հարմարավետ աթոռներ, եւ այսուհետ մեր հանդիսատեսը կարող է դիտել ներկայացումները էլ ավելի լավ մթնոլորտում»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը։
«Երկրորդ կարեւոր իրադարձությունը տեղի կունենա վաղը. մենք ունենք առաջնախաղ՝ Կուպրինի «Փոսը» ներկայացումը, որի ռեժիսորը Գոռ Մարգարյանն է: Դա մի հետաքրքիր աշխատանք է, որը վաղը կհանձնենք մեր հանդիսատեսի դատին: Նաեւ երկու նոր առաջնախաղ ունենք: Դեկտեմբերի 17-ին մեր մանուկների դատին կհանձնենք ամանօրյա «Սանտա Կլաուս» ներկայացումը՝ հայերեն լեզվով եւ Дед Мороз-ը՝ ռուսերեն: Այնպես որ առաջարկում ենք եւ հայալեզու մանկական ներկայացում, եւ ռուսալեզու»,-հավելեց Սուրեն Շահվերդյանը:
Նա նշեց, որ դեկտեմբերի 21-ին եւս մեկ պրեմիերա ունեն. «Խոսքը Սառա Քեյնի «Փսիխոզ 4.48» ներկայացման մասին է: Ես այդ ներկայացումը բեմադրել եմ 2006թ.Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում… Այդ ներկայացումն իմ ճակատագրում շատ բեկումնային էր, որովհետեւ իմ ռեժիսորական կարիերան սկսվեց հենց այդ ներկայացումով՝ բազում փառատոներ, մրցանակներ, հաղթանակներ եւ վերելք:
Դեկտեմբերի 21-ին այդ ներկայացումը կխաղացվի մեր թատրոնի նոր հարթակներում; Սա էքսպերիմենտ է: Ներկայացումը խաղացվելու է եւ տնօրենի աշխատասենյակում, ինչը կարծում եմ եզակի երևույթ է Հայաստանի հանրապետությունում, եւ մեր նկուղում՝ բեմի տակ: Շատ հետաքրքիր միջավայր է, դեռ որոշում չեմ կայացրել, թե առաջնախաղը որտեղ ենք խաղալու՝ իմ աշխատասենյակում, թե՞ նկուղում: Մոտ օրերս կկայացնենք այդ որոշումը, երկու միջավայրերում էլ փորձվում է»:
Կարդացեք նաև
Ռեժիսորը պարզաբանելով միջավայրերի ընտրություն՝ նշեց, որ ներկայացումը խաղում են մեկ սեղանի շուրջ, եւ ցանկացած տեղ կարելի է այդ սեղանը տեղադրել ու խաղալ. «Աշխարհում ընդունված պրակտիկա է հանդիսատեսին ներկայացման պրոցեսին մասնակից դարձնելը: Եվ դա մեզ մոտ ստացվել է: Այդ սեղանը՝ ներկայացման դեկորը, մեր թատրոնում արդեն մի քանի տարածքներում դրվել եւ փորձվել է: Եվ այնքան լավ է ստացվում ամենուր, որ դեռ որոշում չենք կայացրել»:
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































