Լրահոս
Օրվա լրահոսը

«Տունը տակնուվրա են անում, անգամ ներքնազգեստի մեջ մտնում, բայց իրենց ուզածը չեն կարողանում գտնել, որովհետև գոյություն չունի»․ Զարուհի Փոստանջյան

Դեկտեմբեր 15,2025 13:32

Հակակոռուպցիոն դատարանում այսօր ընթացավ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և մյուսների գործով դատական նիստը։

Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը մինչ դատական նիստի սկսվելը՝ ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ՝ կարծիք հայտնելով, որ Հայաստանի Հանրապետությունում գործում են «արտակարգ դատարաններ», քանի որ, ըստ նրա, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացրած որոշումները, որոնք բողոքարկվում են վերաքննիչ դատարան, չգիտես ինչ հիմքերով հայտնվում են ՀՀ հակակոռուպցիոն դատարանում։

«Եթե մեկի տուն անհրաժեշտություն է խուզարկել, ինչ-որ իր գտնել, բերում են այս դատարան, և ստացվում է այնպես, որ Երևանում գտնվող դատավորները պիտի դատական ակտ կայացնեն, այլ ոչ թե դեպքի վայրում, այսինքն՝ մարզերում գտնվող դատարանները։

Վաղը այս դատարանում պիտի քննվի Տիգրան Ավագյանի խափանման միջոցի հարցը, Տիգրանը Գյումրիի ավագանու անդամ էր, հրաժարվեց մանդատից, որպեսզի քվորումի հետ կապված խնդիր չլինի։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրան երկամսյա կալանքի էր ենթարկել, մենք բողոքարկեցինք վերաքննիչ դատարան, որը փոխեց առաջին ատյանի որոշումը, տնային կալանք սահմանեց, բայց հիմա էլ քննիչը միջնորդություն է ներկայացրել այս հարցով հակակոռուպցիոն դատարան։ Ամբողջ դատական համակարգը նման խառնաշփոթի մեջ են մտցրել։

Ինչ կապ ունի հակակոռուպցիոն դատարանը զանգվածային անկարգության մեղադրանքով գործերի հետ»,-հարցում է Զարուհի Փոստանջյանը։

Նա նշեց, որ Վարդան Ղուկասյանի ձերբակալման օրը Վարդանանց հրապարակում զանգվածային անկարգություններ կազմակերպելու գործով չկա գեթ մեկ տուժող, բայց կան 40-ից ավելի կալանավորված մարդիկ։

Անդրադառնալով հակակոռուպցիոն դատարանում կայացած նիստերից մեկից հետո խուլիգանության հոդվածով Վարդան Ղուկասյանի ու որդու նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուն, փաստաբանը նշեց, որ դատարանում երկու հոգու խոսակցություն է եղել, ոչ մեկը չի լսել հայհոյանք, բայց այդ մեղադրանք էր առաջադրել, որովհետև դա իրենց անհրաժեշտ էր, որպեսզի միջնորդեին Սպարտակ Ղուկասյանին երկու ամսով կալանավորելու։

«Սա ահաբեկման պրոցես է, ստալինյան ժամանակներում տրոյկա դատարաններ են եղել, այդպես են մարդկանց մահապատժի ենթարկել, ուղարկել սիբիրներ»,-հայաստանյան ներկայիս դատարանների հետ նման համեմատություն անցկացրեց Զարուհի Փոստանջյանը։

Ըստ նրա, հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մուսինյանը փոխանակ զանգվածային անկարգությունների վերաբերող գործերի դեպքում հրաժարվի դրանք քննելուց, ասի՝ իմ վարույթի գործը չէ, չեմ ընդունում վարույթ, ընդունում է ու դատարանի որոշմամբ՝ մարդկանց տները խուզարկելու իրավունք տալիս։

«Ման են գալիս, ման են գալիս, չգիտեմ ինչ են ման գալիս, մտնում են տունը, տակնուվրա են անում, ներքնազգեստի, ամեն ինչի մեջ մտնում են, և վերջիվերջո իրենց ուզածը չեն կարողանում գտնել, որովհետև իրենց ուզածը գոյություն չունի»,-ասում է Զարուհի Փոստանջյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031