Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիբրիդային պատերազմ ասելով՝ ամբողջ նյութական գումարներն օգտագործվելու են ընդդիմադիր ուժերին պախարակելու և մնացած գործողությունների համար»․ Դանիելյանը՝ ԵՄ օգնության մասին

Դեկտեմբեր 15,2025 13:52

«Իհարկե, միջամտություն է»,-հարցին՝ այն, որ ԵՄ-ն պատրաստվում է 12 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրել Հայաստանին երկրում 2026 թվականի ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հնարավոր հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու, ինչպես նաև կիբեռանվտանգությունն ամրապնդելու հարցով, սա միջամտություն չէ՞ ՀՀ ներքին գործերին, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Ըստ նրա՝ ստացվում է, որ ՀՀ իշխանությունները, նաև հերքումը չկա, այդ գումարները «քերում են» Եվրոպայից սեփական կարիքների համար․ «Էդ հիբրիդային պատերազմ ասելով՝ ամբողջ նյութական գումարներն օգտագործվելու են ընդդիմադիր ուժերին պախարակելու և մնացած այլ գործողությունների համար։ Կեղծ ապատեղեկատվության, ֆեյքերի ՊՈԱԿ-ի մասին է խոսվում․ ամբողջ ռեսուրսը դրա վրա է օգտագործվելու»։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարություն է տարածել, որ Հայաստանն իրենցից այնպիսի օգնություն է խնդրել, ինչպիսին Մոլդովային են շնորհել՝ արտաքին վնասակար ազդեցության դեմ պայքարելու համար։

Լրագրողները փաստեցին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այն կարծիքին է, որ ԵՄ երկրների ժողովրդավարության փորձն ու պատմությունը և տարբեր տեսակի հիբրիդային հարձակումների՝ իրենց հաջողված փորձը պետք է կիրառել, Գառնիկ Դանիելյանն արձագանքեց․ «Եթե ԵՄ փորձը նկատի ունեն Ռումինիայի փորձը, որ ընտրվել էր նախագահ, չեղյալ էին ճանաչել, ՍԴ դատարանով հաղթել էր, բայց չէին թողել, որ լինի Ռումինիայի նախագահ, դա իրենց ձեռնտու է։ Պատճառն այն էր, որ ասել էին՝ Ռումինիայի նախագահը դրական է վերաբերվում Վլադիմիր Պուտինին։ Եթե եվրոպական փորձը համարում եք Ռումինիայի փորձը, ուրեմն իրենք ամեն կերպ ամեն ինչ անելու են, որ հետընտրական փուլում էլ, եթե այդ սցենարը լինի, նույն ռումինական սցենարը կիրառեն ու ասեն, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները»։

Գառնիկ Դանիելյանը նկատեց՝ հիբրիդային պատերազմ ասելով՝ ենթադրելի է, որ նկատի ունեն ՌԴ-ն․ «Իսկ եթե դա ՌԴ-ից չէ, ուրիշ երկրից է, օրինակ՝ Ուկրաինայից, դա նորմա՞լ է, դա հիբրիդային պատերա՞զմ է, թե՞ ոչ։ Նախ` պետք է խաղի կանոնները որոշենք։ Մենք ամեն անգամ նամակ ենք ուղարկում ԱԱԾ՝ ասելով՝ եթե նման բան կա, հրապարակեք, ասեք»։

Հարցին՝ արդյոք ընտրություններից առաջ խնդիր տեսնո՞ւմ եք այս ֆինանսավորման հետ կապված, Գառնիկ Դանիելյանը պատասխանեց․ «Խնդիր եմ տեսնում, որ մինչև այս պահը եվրոպացի մեր գործընկերները հստակ գնահատական չեն տվել ՀՀ-ում տիրող բռնաճնշումների հետ կապված, կան քաղբանտարկյալներ, իրավական համակարգը գործում է՝ ոնց սիրտդ տա։ Այս ամենի վերաբերյալ այդ մարդիկ կարծիք ունե՞ն, թե՝ ոչ։ Մասնավոր զրույցներում ունեն կարծիք, ասում են՝ խնդրահարույց է եկեղեցու հետ կապվածը։ Քանի որ այս իշխանություններն անընդհատ գնում, ասում են՝ աչք փակեք, սրանք ռուսի «շպիոններ» են, էդ մարդիկ էդ սկզբունքով են առաջնորդվում։ Եթե երկակի ստանդարտներով ենք առաջնորդվում, ուրեմն խնդիր ունեմ այդ թեմայի հետ»։

Հարցին՝ ընդդիմադիր ուժերի գործը չի՞ դժվարանում, երբ ԵՄ-ն պայքարի մեջ է մտնում իր գումարներով, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց․ «Դժվարանում է, բայց դա մեզ համար նորություն չէ։ Ձեզ թվում է, թե այս ընթացքում չեն օգնե՞լ իրենց։ Իհարկե, օգնում են»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031