Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրի խնդիրն Ադրբեջանը շահարկել է՝ ԵԽԽՎ բանաձևերով, զեկույցներով ու մեղադրանքներով արդարացնելու Հայաստանի ու Արցախի դեմ ագրեսիան. «Գեղարդ»

Դեկտեմբեր 15,2025 13:59
«Գեղարդ» հիմնադրամ. Ջրի սակավության և դրանով պայմանավորված իրավիճակի հետագա վատթարացման մասին Ադբեջանում խոսվել է դեռևս 1990-ական թվականներից։ Որպես եղածի հետևանք՝ ընդգծվել են խորհրդային համակարգի փլուզումն ու հատկապես Արցախյան առաջին պատերազմի արդյունքները։ Հավանաբար, հաշվի առնելով արտասահմանյան մասնագետների տարբեր կանխատեսումները՝ 2013 թվականին Ադրբեջանի նախագահը նշել էր, որ Արաքս, Կուր և Սամուր գետերն Ադրբեջանի տարածքում չեն սկիզբ առնում, ինչը «ռազմավարական խնդիր է և ջրային անվտանգության սպառնալիք»:

Սամուրը սահմանային գետ է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև։ Գետի գետաբերանի հետ կապված սահմանային բազմաթիվ խնդիրների մասին ադրբեջանական կողմը պարբերաբար ակնարկել է ՌԴ-ին։ Արդյունքում՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև 2013 թվականին ստորագրվել է համաձայնագիր, ինչից հետո Ադրբեջանն առժամանակ ձեռնպահ է մնացել սահմանամերձ և գետափին գտնվող գյուղերի նկատմամբ հավակնություններ ներկայացնելուց, իսկ ռուսական կողմը չի առարկել գետից դեպի Բաքու խմելու և ոռոգման ջրի տեղափոխման համար նախատեսված Տախտաքյորփուի ջրանցքի գործարկմանը:

Ադրբեջանը չհայտարարված ջրային խնդիրներ ունի նաև Թուրքիայի հետ։ Վերջինս վարած ջրային քաղաքականությունը ենթադրում է Թուրքիայից դեպի հարևան երկրներ հոսող ջրային պաշարների հոսքի նվազեցում՝ ջրի մեծ ծավալների ամբարման միջոցով։ Կուր և Արաքս գետերի վրա խոշոր ջրամբարներ կառուցելու թուրքական ծրագրերի մասին հայտնի էր դեռևս 2010 թվականից: Թուրքիան մտադրվել էր անգամ փոխել Կուր գետի հունը՝ կառուցվելիք նոր ջրանցքով ու Ճորոխ գետով ջուրն ուղղելով դեպի Սև ծով: Սակայն, Ադրբեջանի՝ խմելու և ոռոգման ջրի հիմնական աղբյուր հանդիսացող Կուր գետի հետագա ցամաքեցման թուրքական ծրագրերն ադրբեջանական տիրույթում այդպես էլ քննադատության չեն արժանացել։

Ադրբեջանցի մերձիշխանական որոշ բնապահպաններ, հատկապես 2020 թվականից հետո, Կուր գետի մակարդակի աննախադեպ անկման պարագայում նույնիսկ, շարունակել են արդարացնել Թուրքիային: Ու թեև գետի հունը չի փոխվել, բայց թուրքական իշխանությունները ոռոգման և էներգետիկ նպատակներով Կուրի վրա մի շարք ջրամբարներ են կառուցել՝ նվազեցնելով գետի մակարդակը։ Կարսի նահանգի Սարիղամիշ, Քարաքուրթի և Իգդիրի նահանգի Թուզլուջա (Կողբ) շրջաններում՝ Արաքս գետի վրա, կառուցված 2 խոշոր ջրամբարներն էլ էականորեն կրճատել են Արաքսի հոսքը։

Ադրբեջանը սովորաբար Հայաստանին ու Վրաստանին է մեղադրել խմելու և ոռոգման ջրի հիմնական աղբյուր հանդիսացող Կուր գետն աղտոտելու համար: Ադրբեջանի խորհրդարանի Բնական պաշարների, էներգետիկայի և էկոլոգիայի հարցերով կոմիտեի նախագահ Սադիք Գուրբանովի պնդմամբ՝ Կուր գետն Ադրբեջան է մուտք գործում արդեն աղտոտված վիճակում: Ադրբեջանական կողմը Վրաստանից դժգոհել է նաև Ալազան (Գանըխ) գետից ավելի շատ ջրառ իրականացնելու համար։

Հայաստանին Բաքուն անհիմն մեղադրել է Ալավերդիի պղնձամոլիբդենային կոմբինատով Կուրի վտակ Դեբեդ գետն, ինչպես նաև՝ Մեծամորի ԱԷԿ-ից, Արարատի մարզի արտադրական օբյեկտներից և Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատից Արաքս գետն ու նրա վտակներն աղտոտելու, սահմանված չափից ավելի ջրառ իրականացնելու համար: Ադրբեջանական զեկույցների համաձայն՝ աղտոտման հետևանքով Արաքսում պղնձի, մոլիբդենի և այլ ծանր մետաղների քանակության նորման գերազանցում է 100 անգամ, ինչի հետևանքով ոչնչանում է գետի միկրոֆլորան և ֆաունան, իսկ բացասական ազդեցությունն անդրադառնում է բնակչության առողջության վրա:

Ջրային պաշարների շահարկմամբ Արցախի հարցի «լուծման» ադրբեջանական պետական քաղաքականության սկիզբը կարող ենք համարել 2012 թվականը, երբ Բաքուն սկսել էր ակտիվորեն առաջ մղել հակահայկական «ջրային» քարոզչությունը: Վերջինս հայկական կողմին մեղադրել էր Արցախի, Տավուշի ու Սյունիքի հատվածներում ջրային ռեսուրսները դեպի Ադրբեջան «արգելափակելու», ադրբեջանական բնակավայրերն «առանց ջրի թողնելու» և, որ առավել ուշագրավ է, Սևանա լիճը «միայնակ օգտագործելու» համար։

Ջրի խնդիրը, Բաքվի կողմից «գեղեցիկ փաթեթավորմամբ» մատուցված այս կեղծ մեղադրանքները, ցավոք, երկրագնդի ճակատագրով մտահոգ և կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունների մեղմմանն ուղղված նախաձեռնությունները ողջունող միջազգային հանրության շրջանում որոշակի ըմբռնում են ունեցել։

Արդյունքում՝ 2016 թվականի հունվարի 26-ին՝ Ապրիլյան քառօրյա պատերազմին «ընդառաջ», Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» թիվ 2085 բանաձևը։ Դրա 5-րդ կետով հղում էր արվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2014 թվականի մայիսի 20-ի հայտարարությանը, որով համանախագահները հույս էին հայտնել, թե «կողմերը համաձայնության կգան՝ համատեղ կառավարելու ջրային ռեսուրսները՝ ի շահ տարածաշրջանի»։ Նշված էր նաև, որ Սարսանգի ջրամբարը վթարային վիճակում է և սպառնալիք է ադրբեջանական բնակավայրերին: Հայաստանին կոչ էին արել զինված ուժերը դուրս բերել Ադրբեջանի տարածքից, ուսումնասիրություններ կատարելու համար չխոչընդոտել անկախ ինժեներների և հիդրոլոգների մուտքը:

Ըստ էության՝ Բաքուն այս փաստաթուղթը կիրառել է որպես Արցախի դեմ ապրիլյան ագրեսիայի արդարացում և հաջողությամբ «ներգրավել» բանակցային գործընթացին։ Այն նոր թափ է հաղորդել ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից Սարսանգի, Մատաղիսի և Արցախի մյուս ջրային պաշարների հարցի շահարկմանը: Հայտնվել են հրապարակումներ այն մասին, իբր թե «1994 թվականի հրադադարով Ադրբեջանը ոչ միայն տարածքներ է կորցրել, այլև՝ ջրային պաշարներ, այդ թվում՝ 1976 թվականին կառուցված և 560 մլն մ3 ծավալով ջրամբարը, որը վերահսկում են հայ անջատողականները՝ ջրազրկելով ադրբեջանական Թարթառի և հարակից շրջանները (շուրջ 480 հազար բնակչություն)»:

2016 թվականի բանաձևը, փաստորեն, Ադրբեջանին իրավունք է տվել Հայաստանը համարել ագրեսոր (ռազմական և «էկոլոգիական» իմաստներով), որով էլ «արդարացրել է» իր հետագա հարձակումները։ Բացի այդ՝ ադրբեջանական իշխանությունները սեփական հանրությանը սնել են «ադրբեջանցիները ջուր չունեն, քանի որ հայերն են փակել ջրի հոսքը» ստերով։

Իրանի հետ ջրային հարաբերությունները Ադրբեջանի կողմից նույնպես քաղաքականացված են։ Դեռևս 2016 թվականի փետրվարին Ադրբեջանի և Իրանի միջև կնքվել էր համաձայնագիր՝ Խուդաֆերինի ջրամբարի (այն ադրբեջանական վերահսկողությանն է անցել միայն 2020 թվականի Արցախի դեմ պատերազմի ընթացքում) համատեղ շահագործման վերաբերյալ։ Դրա համաձայն՝ Իրանը կապահովեր հիդրոհանգույցների ու հիդրոէլեկտրակայանների շինարարության ավարտը, ջրային ու էներգետիկ ռեսուրսների պահպանումն ու շահագործումը՝ մինչև Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը։

2020 թվականից ջրի խնդիրն Ադրբեջանում դարձել է իշխանությունների օրակարգի հիմնական թեմաներից: Ադրբեջանական մամուլը 2020 թվականի ամռան ամիսներին հեղեղվել էր ջրի սակավության մասին լուրերով: Դժգոհությունները ոչ միայն գյուղատնտեսական շրջաններում էին, այլև՝ Ապշերոնում։ Լարվածությունը մեղմելու նպատակով խորհրդարանում նույնիսկ լսումներ էին նախաձեռնվել։ Մասնակիցները շեշտել էին, որ Ադրբեջանը ջրային պաշարների առումով Կովկասում ամենավատ վիճակում է, ինչի պատճառը ջրի աղբյուրների աշխարհագրական տեղադիրքն է, դրանց բաշխվածությունն ու ջրի հիմնական պաշար հանդիսացող գետերի աղտոտվածությունը: Այս առումով՝ Բաքուն պաշտոնապես դիմել էր իրանական կողմին՝ նրա տարածքում ջրառը նվազեցնելու, Արաքսի ջրամբարի թողքն ավելացնելու առաջարկով։ Թեհրանը դրական էր արձագանքել՝ որոշակիորեն մեղմելով Ադրբեջանի դժգոհությունները:

2020 թվականի հուլիսի 23-ի կառավարության նիստում Ադրբեջանի նախագահը նույնիսկ խոստովանել էր, որ ջրի սակավությունը խնդիրներ է առաջացրել գյուղատնտեսության ոլորտում։ Բամբակագործության («սպիտակ ոսկի») զարգացման 2017-2022 թվականների պետական ծրագիրն ապարդյուն է եղել:

Ալիևի խոսքով՝ երկիրն անապատանում է, ինչը կարող է ահագնանալ արդեն 2030 թվականին։ Խմելու և ոռոգման ջրի վերաբերյալ ծրագրերը կառավարության օրակարգային ամենակարևոր հարցեր են հայտարարվել, և կարիքները բավարարելու ուղղությամբ կոչ է արվել առաջիկա տարիներին լրջագույն քայլեր ձեռնարկել: Արդյունքում՝ ընդունվել է «Ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման մասին 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը», որը ենթադրում էր 10 նոր ջրամբարների, ջրամատակարարում չունեցող քաղաքաներում ջրատարների և ոռոգման ցանցերի կառուցում, հորատանցքերի փորում և այլն:

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Արցախի 9 ջրամբար և 30 հէկ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ: Ալիևը 2021 թվականին հայտարարել է, թե Մատաղիսի ջրամբարը «ռազմավարական նշանակություն» ունի Ադրբեջանի համար, և դրա շնորհիվ «կամրապնդվի ադրբեջանցիների ջրային անվտանգությունը, կլուծվի բազմաթիվ գյուղերի ջրի հարցը»: Սակայն դրանից մեկ տարի անց՝ Թարթառի շրջանի բնակիչները դեռևս «ջուր չեն տեսել», և նրանց սպասումները չեն արդարացել: 2022 թվականի հունիսին Արցախի ներկայացուցիչները համաձայնել են ռուս խաղաղապահների հսկողության գոտում մնացած Սարսանգի ջրի մի մասն ամռանը բաց թողնել դեպի Ադրբեջան: Պարզվել է, որ հողային ջրանցքներով (սա հաստատել է նաև Ալիևը) ջրի չնչին մասն է միայն դաշտեր հասնում: Փոխարենը՝ ոլորտի պատասխանատուները սկսել են պատճառաբանել, թե «ականապատված» տարածքներում հնարավոր չէ նորոգման աշխատանքներ իրականացնել։

Այս շարքն Արցախի պարագայում ամբողջացվել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ին՝ «էկոակտիվիստների» կողմից Լաչինի միջանցքի փակմամբ: Սակայն ադրբեջանական անհանգստություններն Արցախով չեն ավարտվել։ 2021-2023 թվականներին ադրբեջանական զորքերն օկուպացրել են Սև լճի, Ալ լճերի, Սևանա լիճը սնուցող աղբյուրների ակունքները։

Արտաքին լսարանին ուղղված հրապարակումներում ադրբեջանական կողմը կիրառել է «տարածաշրջանային արժեք» ձևակերպումը՝ նշելով, թե Հարավային Կովկասի ջրային պաշարների փոքր մասն է միայն բաժին ընկնում Ադրբեջանին: Այդ երկրի խորհրդարանի Բնական պաշարների, էներգետիկայի և էկոլոգիայի հարցերով կոմիտեի նախագահը նշել է, թե Հարավային Կովկասի ջրային պաշարների 62%-ը բաժին է ընկնում Վրաստանին, 28%-ը՝ Հայաստանին, և միայն 10%-ն է Ադրբեջանին: Հաշվի առնելով, որ տարածաշրջանի խմելու ջրի ամենախոշոր աղբյուրը Սևանա լիճն է, ըստ այդմ՝ ձևակերպումը ենթադրում է նկրտումներ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։

2022 թվականի տվյալներով՝ հարևան երկրներից Ադրբեջան մուտք գործող ջրային ռեսուրսները կազմում են 19-20.3 կմ3: Ջրի տարեկան միջին ծավալն այդ երկրում 36 մլրդ մ3 է, սակայն ընդամենը 12 մլրդ մ3 է օգտագործվում: Բնական պաշարների միջազգային ինստիտուտի (WRI) կանխատեսմամբ՝ կլիմայի փոփոխության հետևանքով աշխարհի երկրների 1/5-ում մինչև 2040 թվականն ի հայտ կգան ջրի հետ կապված խնդիրներ, և Ադրբեջանի տարածքը նույնպես չորացման վտանգի սպառնալիքի առջև է:

2021 թվականին Ադրբեջանի նախագահն անդրադարձել է ջրային ոլորտում հետամնաց և կորստաբեր տեխնոլոգիաներին՝ ընդունելով, որ ջրի սակավության պատճառներից մեկը 70% կազմող հողային ջրանցքներն են: Ոլորտի անարդյունավետ կառավարման մասին վերջին տարիներին սկսել են խոսել այլ պաշտոնյաներ ևս։ Որպես լուծում առաջարկվել է ջրի սակագնի բարձրացումը՝ ընդգծելով, որ Բաքվի կանաչ տարածքներում, մասնավոր այգիներում ու լվացման օբյեկտներում խմելու ջուր է օգտագործվում, մինչդեռ քաղաքացիների համար ջուրը «ժամով» է հասանելի: Ջրային ոլորտի խնդիրների պատճառներից են նշվել նաև շինարարական նորմերի խախտումները, անորակ ջրատարների կառուցումը, ապօրինի կառուցապատումներն ու ջրօգտագործման մեծ ծավալները, բնակչության աճը: Նախատեսվել է նաև Կասպից ծովի ջրի աղազերծման (խմելու համար պիտանի դարձնելու) գործարանի կառուցում, սակայն նախագծի մանրամասները մինչ օրս գաղտնի են պահվում:

2024 թվականի Բաքվի COP29 կլիմայական գագաթնաժողովին ընդառաջ ջրային խնդիրներին նվիրված միջոցառումներն Ադրբեջանում էլ ավելի հնչեղ են ներկայացվել։ Մասնավորապես՝ մարտին Բաքվում կայացել է «Ջրի շաբաթ» միջազգային համաժողովը: Առաջին անգամ անցկացվել է «Ջրային տնտեսություն» միջազգային ցուցահանդեսը: Պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ միջոցառումները նվիրված են եղել ջրի համաշխարհային պակասորդի և կլիմայի փոփոխության, Ադրբեջանի և Կասպյան տարածաշրջանի ջրային պաշարների արդյունավետ և կայուն օգտագործման, էկոլոգիայի բնագավառում նորարարությունների և այլ թեմաներին:

Ադրբեջանական մամուլը 2024 թվականի ընթացքում շարունակել է ահազանգել մայրաքաղաքում և հարակից շրջաններում ջրի խնդրի առկայության մասին: Ջուրն իրականում անարդյունավետ է օգտագործվում ոչ միայն «հարևանների», այլև հին ու մաշված համակարգերի, կառավարման թերությունների և անպատասխանատու տնտեսվարման պատճառներով: Բացի այդ՝ կան վկայություններ, որ Ադրբեջանում մի շարք ջրամբարներ ու լճեր յուրացված են օլիգարխ պաշտոնյաների կողմից և ծառայում են մասնավոր շահերի:

Փաստորեն՝ Ադրբեջանը, չնայած իրավիճակի վատթարացման կանխատեսումներին, իրականում ունի բավարար ջրային պաշարներ, մինչդեռ երկրի հասարակ բնակչությանն այդ ռեսուրսները հասանելի չեն: Ադրբեջանական իշխանությունները, փաստացի, անտեսել են առկա բնապահպանական խնդիրներն ու բնակչության կարիքներն այն աստիճան, որ ոչ միայն հեռավոր գյուղերն ու քաղաքները խմելու և ոռոգման ջրով ապահովված չեն, այլև Բաքվի կայուն ջրամատակարարման խնդիրը չի լուծվել։ Փոխարենը՝ ջրի խնդիրն այդ երկիրը շահարկել է ռազմաքաղաքական նպատակների համար՝ ԵԽԽՎ բանաձևերով, զեկույցներով ու մեղադրանքներով արդարացնելու Հայաստանի ու Արցախի դեմ ագրեսիան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031