-Դա ասված էր հումորով: Գուցե հաջող էր կամ անհաջող էր, բայց ասված էր հումորով: Ես 68 տարեկան մարդ եմ, որից 45 տարին աշխատում եմ թատրոնում, 30 տարի ինստիտուտում եւ այդ տարիների ընթացքում երբեւէ ոչ մեկը չի լսել ինձնից բռնության կոչ կամ վիրավորական խոսք որեւէ մեկի հասցեին չի լսել: Պարզ է, որ դա բացարձակապես հումորային էր ասված, դե հիմա այդպես է ընկալվել, ես հո չեմ արդարանալու ու ասեմ՝ ես ուղտ չեմ,- Aravot.am-ին ասաց Տիկնիկային թատրոնի ռեժիսոր, հանրային խորհրդի անդամ Ռուբեն Բաբայանը՝ պարզաբանելով Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած իր աղմկահարույց հայտարարությունը:
Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում օգտատերերը քննադատեցին Ռուբեն Բաբայանին՝ Հանրայինի եթերում հարցազրույցի ընթացքում հնչեցրած իր կարծիքների համար։
«Ամբաղ-զամբաղ խոսելու համար Միքայել սրբազանին 2 տարի տալը խիստ է։ Առաջարկում եմ ներմուծել Իրանից պատժամիջոց․ ճիպոտահարել: Կարծում եմ, որ մեր շատ ամբաղ-զամբաղ խոսողները, եթե իմանային, որ այդպիսի պատիժ գոյություն ունի, կխուսափեին դրանից։ Մի անգամ կնշանակվեր 10 ճիպոտ, մյուս անգամ՝ 15, հաջորդ անգամ հրապարակային»,- ասել էր Ռուբեն Բաբայանը:
«Մարդն իր կյանքով է ապացուցում իր աշխարհայացքը: Եթե այդպես են ընկալվել իմ ասածները, ցավում եմ դրա համար, բայց դա լուրջ չէ: Հումորը ես սովոր եմ լուրջ դեմքով ասել»,- հավելեց պարոն Բաբայանը:
Կարդացեք նաև
Մենք նրանից հետաքրքրվեցինք, իսկ եթե ամբաղ-զամբաղ խոսողներին ճիպոտահարելը հումորով էր առաջարկել, ապա լրջորեն ինչ պատիժ կառաջարկի, ի պատասխան ասաց. «Ես չգիտեմ՝ իրավաբանները ճիշտ կլինի ասեն…տուգանք: Ամբաղ-զամբաղ խոսակցությունները շատ են ու կոնկրետ միայն այդ մարդու դեպքում է նման պատիժ սահմանվել, սա ուրիշ տպավորություն է մի քիչ թողնում: Հանրային խոսքի համար, որն իր մեջ պարունակում է կոչեր եւ այլն, բայց որոնք չեն պարունակում կոնկրետ գործողություներ կամ գործողությունների պլանավորում, պետք է ուրիշ պատիժ լինի: Այս դեպքում կա դատարանի որոշում, ինչպես արդեն ասացի՝ կարծում եմ՝ շատ խիստ է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































