-Շատ սրտաճմլիկ հարց եք տալիս,- այսպես է արձագանքում Զանգակատան միջնակարգ դպրոցի տնօրեն Հայկազն Ադամյանը մեր հարցին, թե իրեն ու դպրոցի մանկավարժական կազմին դո՞ւր է եկել Պարույր Սեւակի աղմուկ հանած կիսանդրին, որը քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը նվիրել է դպրոցին:
-Ես ձեռնպահ եմ մնում կարծիք արտահայտելուց: Մենք ծանոթ ենք քննադատություններին, նաեւ անհանգստացած ենք, լավ չենք զգում այդ քննադատությունից: Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը որպես արվեստագետ իր ձեւով մեկնաբանել է այդ արձանի իմաստն ու գաղափարը, այդ արձանի մեջ ե՛ւ Սեւակ է տեսնում, ե՛ւ միտք, ե՛ւ գաղափար, ե՛ւ հոգեբանություն եւ այլն: Կրկնում եմ իր խոսքերը: Միջավայրը ոնց է դա ընդունում, դա արդեն ցույց կտա քվեարկությունը: Այն աստիճանի է հասել, որ համայնքն է որոշելու կիսանդրին մնա՞, թե՞ ոչ: Մենք էլ որպես կրթության ոլորտի աշխատողներ այդ նվերն ընդունենք որպես նվեր ու որպես արժեք, աշխատանք: Պետք է փորձենք դրա մեջ տեսնել Սեւակին,- Aravot.am-ին ասաց Հայկազն Ադամյանը:
Տնօրենը մանրամասնեց՝ կիսանդրու շուրջ ստեղծված աղմուկն է պատճառ դարձել քվեարկության համար, բացառապես Զանգակատան բնակիչները քվեարկությամբ կորոշեն կիսանդրու ճակատագիրը. «Քվեարկությունը օնլայն է, դրված է համայնքի բնակիչների համար, թե երբ կավարտվի քվեարկությունը՝ չգիտեմ: Ասում են՝ ժողովուրդը չի սխալվում, համայնքը չի սխալվում, եթե նման վատ կարծիքներ կան, չենք կարող անտեսել, հաշվի չառնել: Եթե կորոշվի ապամոնտաժել, փոխել, թող փոխվի, եթե որոշվի մնա նույն ձեւով՝ թող այդպես մնա, ես ինչ կարող եմ ասել»:
Լեւոն Թոքմաջյանը մեզ հետ զրույցում ասաց՝ շատ վիրավորված է ե՛ւ քննադատություններից, ե՛ւ այն հանգամանքից, որ կիսանդրու ճակատագիրը դրել են քվեարկության. «Գյուղացի՞ն պիտի որոշի՝ մնա, թե ոչ: Շատ վիրավորական է »:
Կարդացեք նաև
Լեւոն Թոքմաջյանի հետ զրույցը ամբողջական կներկայացնենք հաջորդիվ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































