Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է եւս մեկ հնարավորություն ընձեռել եւ մինչեւ 2026 թ. դեկտեմբերի 31-ը հաշվառել ինքնակամ կառույցները

Դեկտեմբեր 15,2025 16:42

2021 թվականին ընդունված ինքնակամ կառույցների կառուցապատման օրինականացման գործառույթները կանոնակարգող օրենսդրական փաթեթով սահմանվել էր արգելք, որով օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված որեւէ ինքնակամ շինություն այլեւս օրինականացման ենթակա չէր: Կառավարությունը զուգահեռ հաստատել էր ինքնակամ կառույցների հաշվառման կարգը՝ յուրաքանչյուր բնակավայրի համար սահմանելով ժամկետ: Երեւանի համար ժամկետ սահմանվել էր մինչեւ 2022 թվականի ավարտը, քաղաքային բնակավայրերի, խոշորացված համայնքների համար՝ մինչեւ 2023 թվականի ավարտը, իսկ գյուղական բնակավայրերի համար՝ մինչեւ 2024 թվականի ավարտը: Կադաստի կոմիտեի տեղեկատվական շտեմարան էր ներմուծվել մոտավորապես 70.000 ինքնակամ շինություն:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում դեկտեմբերի 15-ին քննարկվել է ««ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն առաջին ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:

2021 թվականին իրականացվել է նաեւ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի օդային լուսանկարահանում: Այս լուսանկարներն ինտեգրվել են կադաստրային քարտեզին: Այդ ամենը տեղադրված է Ազգային գեոպորտալում:

Սուրեն Թովմասյանի խոսքով բնակչության մի հատված տարբեր պատճառներով չէր հասցրել հաշվառել իր ինքնակամ կառույցը, ինչի առթիվ ստացվել են բազմաթիվ դիմում-բողոքներ, որոնցով պայմանավորված էլ առաջարկվում է օրենսդրական նոր կարգավորում:

Առաջարկվում է ինքնակամ շինությունը կապակցել օդային լուսանկարին, որն արձանագրում է 2021 թվականի իրավիճակը: «Նկարին նայելով՝ փաստացի տեսնում ենք այդտեղ կա՞ շինություն, թե՝ ոչ»,- նշել է Կադաստրի կոմիտեի ղեկավարը: Օդային լուսանկարի վրա կառուցման տարեթիվը հաստատող ինքնակամ շինությունների կառուցապատողները մեկ տարվա ընթացքում կրկին հաշվառման դիմելու հնարավորություն կունենան:

Բազմաբնակարան շենքերի ներսում գտնվող ինքնակամ հատվածների պարագայում (դրանք օդային լուսանկարում հնարավոր չի լինի նշմարել) վարչարարության համար համապատասխան հաշվառում ներկայացնող չափագրողներից լրացուցիչ տվյալներ կպահանջվեն: «Մենք նախատեսում ենք, որ մոտ 70.000 միավորի կարգի հաշվառում կլինի ինքնակամ շինությունների»,- ընդգծել է Սուրեն Թովմասյանն ու կոչ արել քաղաքացիներին օրենքն ընդունվելուց հետո հաշվառման համար անմիջապես դիմել որակավորված մասնագետներին եւ չսպասել վերջնաժամկետի ավարտին:

Հարակից զեկույցում Ալխաս Ղազարյանը կարեւորել է օրենսդրական առաջարկի ընդունումը:

Հարցուպատասխանի ու ելույթների ձեւաչափում անդրադարձ է եղել որակավորված չափագրողների թվին, քաղաքացիների համար կադաստրային քարտեզի պատճառով առաջացած խնդիրներին, ինքնակամ շինությունների հաշվառման գործընթացին: Կարեւորվել է քաղաքացիների իրազեկումն օրենսդրական փոփոխության ու գործընթացի վերաբերյալ:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031