Հասմիկ Հովակիմյանն Ակսել Բակունցի «Միրհավ» պատմվածքը անգլերեն է թարգմանել։
«Բակունցի «Միրհավը» թարգմանելու որոշումը ծնվել է շատ վաղուց։ Դպրոցական տարիներից ես առանձնահատուկ սիրով եմ կարդացել այնպիսի պատմվածքներ, որոնք միաժամանակ խոսում են բնության եւ սիրո մասին։ Ճիշտ է՝ «Միրհավը» տխուր պատմվածք է, սակայն ընթերցելիս այն առաջացնում է երկակի զգացողություն՝ եւ տխուր, եւ լուսավոր: Այստեղ բացահայտվում են մարդու եւ բնության անքակտելի կապը, կարոտը, ներքին լարվածությունն ու չարտահայտված զգացումները, որոնք համամարդկային են եւ հասկանալի՝ անկախ լեզվից։ Ինձ համար կարեւոր էր այս նրբին ու զգայական աշխարհը փոխանցել նաեւ անգլախոս ընթերցողին»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց թարգմանիչը։
Մեր հարցին՝ թարգմանության ընթացքում ինչ դժվարություններ են առաջացել՝ իմաստային առումով ասելիքը ճիշտ տեղ հասցնելու համար՝ նկատի ունենալով լեզվամտածողության առանձնահատկությունները, Հասմիկ Հովակիմյանն այսպես արձագանքեց. «Հիմնական դժվարությունները կապված էին լեզվամտածողության տարբերությունների հետ, մասնավորապես՝ այնպիսի բառերի եւ հասկացությունների փոխանցման առումով, ինչպիսիք են «միրհավ», «դայի», «կարաս», «հալվա»։ Անհրաժեշտ էր դրանք ներկայացնել այնպես, որ անգլախոս ընթերցողի համար հասկանալի լինեն, միաժամանակ պահպանելով դրանց ազգային կոլորիտը։ Այդ նպատակով փորձել եմ որոշ բառեր պահպանել հայերեն տարբերակով՝ ուղեկցելով բացատրություններով, որպեսզի չկորչի դրանց իրական իմաստն ու մշակութային նշանակությունը։ Բացի դրանից, հայերենում բնության պատկերներն ու զգացմունքները հաճախ միահյուսված են մեկ ամբողջության մեջ, մինչդեռ անգլերենում պահանջվում է այլ լեզվական կառուցվածք։ Ուստի կարևոր էր գտնել այնպիսի լեզվական լուծումներ, որոնք կպահպանեին այդ միասնությունը՝ առանց իմաստային կամ զգայական կորուստների»։
Մեր դիտարկմանը, որ թարգմանության ընթացքում միշտ կորուստ է լինում, եւ հարցին՝ ինչպես պետք է թարգմանել , որ կորուստը քիչ լինի, թարգմանիչն այսպես արձագանքեց. «Թարգմանության ընթացքում որոշակի կորուստ գրեթե միշտ անխուսափելի է, սակայն թարգմանչի հիմնական նպատակն է այդ կորուստը հնարավորինս նվազագույնի հասցնել։ Դրա համար կարեւոր է ոչ թե բառացի, այլ իմաստային և զգայական հավատարիմ մոտեցումը՝ փորձելով փոխանցել բնագրի ներքին տրամադրությունը, հնչերանգը և ենթատեքստը։ Թարգմանիչը պետք է լավ զգա թե՛ բնագիրը, թե՛ նպատակային լեզվի հնարավորությունները և կարողանա ընտրել այնպիսի լեզվական լուծումներ, որոնք առավել մոտ են բնագրի հոգուն։ Երբ թարգմանությունը դառնում է ոչ թե պարզապես լեզվական փոխադրում, այլ ստեղծագործական երկխոսություն բնագրի հետ, կորուստը զգալիորեն նվազում է, իսկ ստեղծագործության ամբողջական ազդեցությունը պահպանվում է»։
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք, թե ժամանակակից հեղինակներից ու դասականներից ուրիշ ում գործերն է թարգմանել մեր զրուցակիցը։ «Աշխատել եմ թե՛ դասական, թե՛ ժամանակակից հայ հեղինակների ստեղծագործությունների հետ։ Թարգմանել եմ Հրանտ Մաթեւոսյանի «Աշնան արևը» եւ «Գոմեշը», ինչպես նաեւ Վահան Տերյանի «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն։ Ժամանակակից հեղինակներից թարգմանել եմ Ալվարդ Հովսեփյանի մի շարք առակներ, «Մի բուռ մանկություն» ժողովածուն, որն ընդգրկում է 25 բանաստեղծություն՝ տատիկ-պապիկների եւ թոռնիկների ջերմ հարաբերությունների մասին, ինչպես նաեւ «Անտառային պարահանդես» հեքիաթը, Գոհար Գալստյանի «Գունդուչիկ» մանկական բանաստեղծությունների շարքը (2 գիրք)։
Առանձին տեղ է զբաղեցնում նաև Օրբելի եղբայրներին նվիրված լայնածավալ աշխատանքը, որտեղ թարգմանել եմ նրանց կյանքի եւ ստեղծագործական ուղու, գիտական գործունեության, աշխատությունների, ինչպես նաև ընտանեկան և անձնական նամակների վերաբերյալ նյութեր։ Այս աշխատանքը նպատակ ունի Օրբելի եղբայրների գիտական ու մարդկային կերպարը ներկայացնել միջազգային ընթերցողին՝ ամբողջական և արժանապատիվ ձևով։ Ի թիվս այլնի՝ թարգմանել եմ նաեւ Օշական գյուղի, նրա մարդկանց և պատմամշակութային արժեքների մասին պատմող գիրքը՝ հեղինակությամբ Արման սարկավագ Տեր Մխիթար Ահարոնյանի։ Բացի գրական ստեղծագործություններից, թարգմանել եմ նաեւ մի շարք մշակութային հոդվածներ, որոնք վերաբերում են հայ մշակույթին, գրական ժառանգությանը, պատմամշակութային արժեքներին եւ անհատներին»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































