Լրահոս
Օրվա լրահոսը

Այլևս 3-րդ և հաջորդ երեխաների համար 1 միլիոն դրամ և ավելի չեն ստանա․ առաջարկվում է համահարթեցնել միանվագ նպաստի չափը

Դեկտեմբեր 15,2025 18:55

«Նախագծով առաջարկվում է գործող միանվագ նպաստների համահարթեցում կատարել․ բոլոր երեխաների համար վճարել ընտանիքին նպաստ նույն չափով։ Այժմ առաջին, երկրորդ երեխայի դեպքում 300․000 դրամ է վճարվում, 3-րդ և 4-րդի դեպքում մեկ միլիոն, հինգերորդ երեխայից հետո մեկուկես միլիոն դրամ։ Առաջարկում ենք այդ միանվագ վճարը դարձնել 500․000 դրամ, և նաև վստահ ենք, որ սա այն գումարն է, որ ընտանիքներին ավելի քան կբավարարի երեխայի ծնունդով պայմանավորված բոլոր ծախսերը և առաջին անհրաժեշտության գնումները կատարելու համար»,- ՀՀ ԱԺ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։

Նա նշեց, որ ամսական 50․000 դրամների փորձնական ծրագիրը, քանի որ դարձնում են նպաստ, այս առաջարկները փոխկապակցված են։

Նիստի ընթացքում քննարկվեց պետական նպաստների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերը։

Դավիթ Խաչատրյանը հայտնեց, որ 2018-ին և դրանից առաջ տարվա ընթացքում ծնվում էր մինչև 8300 երեխա, որոնք երրորդ կամ ավելի բարձր կարգաթվով ծնված երեխաներն էին։ 2024-ին այդ թիվը հասել էր 11200-ի․ շուրջ 45 տոկոս, տարեկան միջինը 7 տոկոս աճ է գրանցվել երրորդ և հաջորդ երեխաների մասով։ Իրենց առաջարկների մասին ասաց․ «Օրենքն ընդունվելու դեպքում աջակցությունը կդառնա հերթական նպաստներից մեկը և կլինի ամրագրված երաշխիք բոլոր ընտանիքների համար։ Այն ընտանիքները, որոնք մինչ օրս ստացել են, կստանան մինչև երեխայի 6 տարին լրանալը։ Հունվարի 1-ից օրենքը ընդունվելու դեպքում այն նպաստի տեսքով կշարունակվի վճարվել նաև նոր շահառուների։ Առաջարկում ենք թե′ երրորդ, և թե′ յուրաքանչյուր հաջորդ երեխայի առաջարկվող նպաստը և միանվագ ծննդյան նպաստը տրամադրել այն ընտանիքներին, որտեղ ծնված երեխան դիմելու պահին կհանդիսանա ՀՀ քաղաքացի»։

Դավիթ Խաչատրյանը նաև հայտնեց, որ կառավարությունը նոր կարգ կսահմանի, որի համաձայն՝ 2026-ի ապրիլի 1-ից բոլոր այդ վճարումները կիրականացվեն անկանխիկ եղանակով։

Պատգամավորները փոխանցեցին՝ քաղաքացիները մտահոգություն ունեն, որ հունվարից սեպտեմբեր 50․000-ները չեն ստանալու, Դավիթ Խաչատրյանն արձագանքեց․ «Տեղեկացնում ենք, որ երրորդ և հաջորդ ծնված երեխայի՝ արդեն նպաստի համար իրենց տեսանկյունից որևէ փոփոխություն չի լինելու։ Ինչպես մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը ծնված երեխան իրավունք կունենա ստանալ 50,00 դրամ, այնպես էլ հունվարի մեկից հետո ծնվածը։ Ինչ վերաբերվում է սեպտեմբերի 1-ին, սեպտեմբերի 1-ի սահմանումը կապված է միանվագ ծննդյան նպաստի՝ գործող չափերը պահպանելու հետ։ Սեպտեմբերի 1-ից հետո նոր այս առաջարկվող համահարթ չափը կսկսի գործել, մինչ այդ կշարունակեն ստանալ նույն չափով, ինչպես այսօր է»։

Հանձնաժողովը «կողմ» քվեարկեց օրենքների նախագծերի փաթեթը 24-ժամյա ռեժիմով քննարկելու՝ ՀՀ կառավարության առաջարկին:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031