Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկացած հասարակության, հաստատության մեջ, այդ թվում՝ եւ եկեղեցում, անպայման ներմուծվում են հատուկ անձինք, ովքեր ճիշտ ժամանակին պետք է ամբողջովին ծառայեն ոչ Աստծուն, ոչ Հայ եկեղեցուն, այլ` իշխանությանը». Լարիսա Ալավերդյան

Դեկտեմբեր 15,2025 22:02

ՀՀ առաջին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում խոսելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա հարձակումներին հոգեւորականների մասնակցության մասին՝ ասաց. «Ցանկացած հասարակության, ցանկացած հաստատության մեջ, այդ թվում՝ եւ եկեղեցում, անպայման ներմուծվում են հատուկ անձինք, ովքեր հենց ճիշտ ժամանակին պետք է ամբողջովին ծառայեն ոչ Աստծուն, ոչ Հայ Եկեղեցուն, այլ այն իշխանությանը, որը այսօր է։ Այնպես չէ, որ դրանք այսօր նոր-նոր ինչ-որ բան են։

Դրանք ներմուծված են եղել շատ վաղուց, լինի Ազգային անվտանգության ծառայություն, թե ԿԳԲ, որ ասվում է մինչ այսօր։ Մենք արդեն գիտենք, թե ովքեր են այդ տասը հոգեւորականները, որ բացահայտվել են։ Բայց նրանք այնքան փոքրամասնություն են կազմում։

Ես ասել եմ. որտեղ՝ մարդ, այնտեղ՝ մեղք։ Ո՞րն է այս անձնավորության գործիքը։ Ճիշտ այնպես, երբ որ ինքը եղել է դեղին, ամենադեղին թերթիկի խմբագիրը, նա նույն այդ գործն է անում։ Այսօր վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը զբաղվում է նույն գործով, որով տարիներ շարունակ զբաղվել է։ Այսինքն, մենք պետք է հասկանանք, որ այսօր այդ ճշմարտության պահերից մեկն է, երբ որ հայտնաբերվել են ամենա-ամենա անձինք։

Այո, չի բացառվում, որ փոքր կամ ոչ այդքան աննշան մեղքեր են գործվել։ Կրկնում եմ. որտեղ՝ մարդ, այնտեղ՝ մեղք։ Բայց պետք է հստակ մի բան ասեմ։ Նրանք, ովքեր Աստծուն են հավատում, այլ ոչ թե այդ «ոսկյա ցլիկին», որոնք հավատքով են, այլ ոչ թե փողով, նրանք էլի մեծամասնություն են։

Ես ասել եմ, որ այս իշխանությունները նման են քայքայիչ աղանդների։ Հիմա տեսեք, որ իրականում իշխանությունները այսօր Հայաստանում գործում են որպես տոտալիտար քայքայիչ աղանդ; Երբ ասում եմ՝ տոտալիտար, նշանակում է, որ իրենք կապեր ունեն տոտալիտար քայքայիչ կենտրոնների հետ։ Եվ այստեղից է իրենց, այսպես ասած, ուժը։

Իրականում իրենք իրենցից որպես անաստված, որպես հակաքրիստոնյա, որպես Աստծուն քաղաքական գործիք օգտագործող իշխանություն, արդեն դատապարտված են եւ գտնվում են անեծքի տակ։ Եվ այս առումով ես կրկնելու եմ քրիստոնեական ճշմարտությունը. «Ատիր մեղքը եւ աշխատիր մեղսավորի հետ»։

Հարցնում են, թե ինչու չեն արձագանքում միջազգային կենտրոնները։ Կներեք, դրանք ամբողջովին իրենց պլանավորած եւ ուղղորդած գործողություններն են։ Ես կրկնում եմ այն, ինչ մեր հասարակական կազմակերպությանն ասել են 2003 թվականին ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում, երբ որ մեզ ընդունել էր ոչ թե գլխավոր քարտուղարը, այլ երկրորդական տեղակալներից մեկը։ Ինչ-որ մեկը խոսել էր ցեղասպանության մասին։ Եվ արձագանքը, որ եղել է, ասել են. «Ինչու եք դուք այդքան խոսում Թուրքիայի կողմից իրականացված այդ հանցագործությունների մասին։ Այո, մեծ ողբերգություն է։ Բայց ապագայագետները, այսինքն, ֆուտուրոլոգները, արդեն իսկ կանխատեսում են, որ մինչեւ 2050 թվականը Հայաստանը դառնալու է Թուրքիայի վիլայեթներից մեկը»,-ասաց տիկին Ալավերդյանը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031