Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրանի մտահոգությունները մնում են նույնը՝ դրանք տարածաշրջանում արեւմտյան կամ ամերիկյան ներկայության մասին են»․ Մովսես Քեշիշյան

Դեկտեմբեր 16,2025 16:58

«Առավոտ»-ի զրուցակիցն է Թեհրանում լույս տեսնող «Արաքս» պարբերականի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը։

Պարոն Քեշիշյան, Իրանի հոգեւոր առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ՀՀ դեսպանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ TRIPP-ը նույն «Զանգեզուրի միջանցքն» է, որի անունն է պարզապես փոխվել, եւ Իրանը դեմ է դրան։ Նաեւ մտահոգություն է հայտնել, որ «այդ միջանցքը կարող էր Իրանի հյուսիսում ՆԱՏՕի ներկայության հիմքեր ստեղծել եւ Իրանի հյուսիսի ու ՌԴ հարավի անվտանգությունը լուրջ մարտահրավերի առաջ կանգնեցնել»։ Այսինքն՝ Իրանում ռիսկե՞ր են տեսնում «Թրամփի ուղի» նախագծի հետ կապված, ի՞նչ քննարկումներ կան։

-Ես կարծում եմ, որ պետք է կարեւորել Իրանի պաշտոնական դիրքորոշումը։ Իսկ Իրանի պաշտոնական դիրքորոշումը՝ եւ նախագահի, եւ արտգործնախարարության մակարդակով այն է եղել, որ դա իրենց չի խանգարում, եւ Իրանը դեմ չէ դրան՝ պայմանով, որ արտատարածքային անվտանգային ու ռազմական ուժեր չհաստատվեն տարածաշրջանում, եւ չխաթարվեն տարածաշրջանի երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանները։ Այսինքն՝ Իրանի պաշտոնական դիրքորոշումը սա է։ Իսկ իրանցի որոշ փորձագետներ, որոնք ավելի մոտ են ռուսական դիրքորոշմանը, ավելի կտրուկ են եւ դեմ են արտահայտվում այս նախագծին։ Եվ նաեւ կան մարդիկ, որոնք կարծում են, որ «Թրամփի ուղին» ընդհանրապես տնտեսական առումով է Իրանին վնաս եւ արժեզրկում է Իրանի դերակատարությունը Ադրբեջան-Նախիջեւան եւ Ադրբեջան-Թուրքիա ցամաքային կապի հարցում։ Այսօր Ադրբեջանն օգտագործում է Իրանով անցնող ճանապարհը, եթե Հայաստանի տարածքով ճանապարհները բացվեն, անկախ նրանից՝ դա TRIPP-ն է, թե այլ ճանապարհներ, դա կարող է ազդել, որ իրանական ճանապարհից ավելի քիչ օգտվեն։ Համենայնդեպս, մտահոգությունները մնում են նույնը, որոնք արծարծում է Ալի Աքբար Վելայաթին՝ դրանք արեւմտյան կամ ամերիկյան ներկայության մասին են։ Եվ երբեմն թվում է, թե չափազանցվում է, որպեսզի հարցն արծարծվի, որպես մտահոգություն հնչեցվի։ Եթե ՆԱՏՕ-ի մասին են խոսում, ՆԱՏՕ-ն արդեն Իրանի հետ սահման ունի՝ Թուրքիայում նստած է։ Հայաստանի փոքր սահմանը գրեթե ոչ մի դերակատարություն չի կարող ունենալ այդ հարցում։

Բայց ես ուզում եմ դարձյալ անդրադառնալ այն հարցին, որ սա իրանական պաշտոնական դիրքորոշումը չէ։ Իրանի նախագահն իր ելույթում հայտարարեց այդ մասին հենց օգոստոսի 8-ի վաշինգթոնյան համաձայնություններից հետո, եւ արտգործնախարարությունն էլ հայտարարեց, որ «Իրանի կարմիր գծերը հատված չեն, հարգված են Իրանի շահերը»։ Դրանից հետո Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը եղավ Իրանում՝ բացատրություն տալու այդ հարցի վերաբերյալ, բացատրեցին, որ հաշվի է առնվել իրանական կողմի շահերը։ Այսօր էլ մենք տեսանք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների խոսքերում, որ Իրանի շահերն ու զգայունությունները հաշվի են առնված։

Կարո՞ղ է ստացվել այնպես, որ ինչոր փուլում Իրանի փորձի գործնական քայլեր անել ու խոչընդոտել TRIPP-ի ստեղծմանը։ Ո՞ր դեպքում է դա հնարավոր։

-Ես չեմ կարծում, որ իրանական կողմը նման քայլի կգնա, որովհետեւ նման քայլը ուղղակիորեն Հայաստանի հետ հակադրվելու, Իրանի մրցակիցներին նոր առիթներ տալու հարց կստեղծի։ Իրանը ինչո՞ւ պետք է նման քայլերի գնա, Իրանին այսօր շատ ավելի ձեռնտու է աշխույժ աշխատանք տանել Հայաստանի «Հյուսիս-հարավ», իսկ իրանական կողմից՝ «Հարավ-հյուսիս» ճանապարհն աշխատեցնելու ուղղությամբ, դրանով արդեն ամեն ինչ ասված կլինի։ Այսինքն՝ եթե իրանական կողմը մտահոգվում է Հայաստանում իր ներկայությունն ու ազդեցությունը կորցնելու հարցով, սա է հիմնական անելիքը՝ Իրանի ներկայությունը «Հյուսիս-հարավ» ճանապարհին է։ Ես չեմ կարծում, որ Իրանը դեմ կգնա մի բանի, որից ինքը շահ չունի։ Իրանը չի ուզենա Հայաստանից կտրվել, հարաբերությունները վատացնել հարեւանի հետ, ում հետ հարաբերությունները համարվում են պատմական, քաղաքակրթական ու բարեկամական։ Մտահոգություններ հայտնելը մի բան է, բայց կտրուկ քայլեր անելը լրիվ այլ բան է։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031