Լրահոս
Օրվա լրահոսը

Չարիքի մոտիվացիան եւ իրական հավատը

Դեկտեմբեր 17,2025 14:00

Ինչ կարելի է հակադրել զորքին, փողին եւ պաշտոնին

Մարիո Վարգաս Լյոսայի «Աշխարհի վերջի պատերազմը» վեպը (1981թ.) պատմում է 19-րդ դարի վերջի, ըստ էության, քաղաքացիական պատերազմի մասին: Մի կողմում Բրազիլիայի մի քանի տարի առաջ հաստատված հանրապետության կանոնավոր բանակն էր, մյուս կողմում՝ Կանուդոս գյուղում իրենց համայնքը հիմնադրած մոլեռանդ քրիստոնյաները, որոնք զինված դիմադրություն էին ցուցաբերում: Երկու կողմն էլ աչքի էին ընկնում ֆանտաստիկ դաժանությամբ, եւ արյունալի պատերազմի տեսարանները վեպում բազմաթիվ են: Դժվար է ասել, որ հանրապետականներն ավելի «առաջադեմ են», քան նոր՝ քաղաքացիական կարգերին հակադրվողները՝ չնայած վերջիններիս մոտ նախապաշարումները այսօրվա եւ 1970-ականների տեսանկյունից անհեթեթ են:

Այդքանով հանդերձ՝ հնարավոր չէ չնկատել հեղինակի որոշակի համակրանքն ապստամբների հանդեպ: Խեղճուկրակ, չքավոր, միամիտ, անգրագետ մարդկանց միավորում էր ԳԱՂԱՓԱՐԸ, որը, թեեւ չափից դուրս պարզեցնում էր, խեղաթյուրում էր քրիստոնեական ուսմունքը, այնուամենայնիվ, նրանց ներքին ուժ, դիմադրողականություն էր հաղորդում: Կանուդոսի բնակիչների մեջ կար համերաշխություն եւ սեր, եւ նրանց նկատմամբ «հաղթանակը», ավելի շուտ վախի, անհանդուրժողականության եւ կույր ատելության հաղթանակ էր, քան ճշմարտության, արդարության հաստատում: Ապստամբների առաջնորդի` Ուսուցչի, Խորհրդատուի (Counselor-ի) կողքին, բացի նախկին եւ ապաշխարած ավազակներից, կար, օրինակ, Beatito-ն: Beato իսպաներենից թարգմանած նշանակում է «երանելի», հետեւաբար դրա փաղաքշականը՝ փոքրիկ երանելին:

Մարդիկ սրբազան պատերազմ էին վարում, եւ դա նրանց առավելություն էր տալիս մեծաքանակ եւ ավելի լավ զինված հակառակորդի նկատմամբ: Մնացած մոտիվացիաները պատերազմում թույլ են, փխրուն: Իսկ հավատը, սրբազան նպատակների վերաբերյալ համոզմունքները «ցեմենտում են» համայնքը, հանրությունը, հասարակությունը, ստեղծում կուռ միասնություն, համերաշխություն մարդկանց միջեւ: Ինչպես նշում է ամերիկացի քաղաքագետ Սեմյուել Հանթինգթոնը՝ երկրները հաղթում էին պատերազմներում, որովհետեւ զինվորներն ինտենսիվորեն (այդ բառը հեղինակն ընդգծում է – Ա.Ա.), նույնականացնում էին իրենց՝ զինակից եղբայրների հետ. «Իսկ երբ հնարավոր չէ փոքր խմբում միասնական գիտակցություն դրսեւորել, դա անխուսափելիորեն բերում է պարտության»:

Արդյոք այդպես չէ՞ ներքին հակամարտություններում՝ ազատության, արդարության համար պայքարում: Իշխանության ձեռքում են բոլոր ուժային լծակները, դատարանները, ամբողջ ռեպրեսիվ ապարատը: Իշխանական չինովնիկների, քարոզիչների, ուժայինների մոտիվացիան փողն է ու պաշտոնը, նման այլ բաներ:

Լավ օրինակ բերեմ. Փաշինյանի մոտ ծառայության անցած եպիսկոպոսներին հնարավոր եղավ դավանափոխ անել` մեկին բնակարան տալով, մյուսի՝ «ապօրինի գույքի» գործը ջրելով, երրորդի՝ «մեղքերը մոռանալով» եւ այլն: Արդյո՞ք դա ծառայելու հուսալի մոտիվացիա է: Բնականաբար՝ ոչ: Որովհետեւ մեկ, պայմանականորեն ասած, բնակարանը կարող է հակառակ կողմի առաջարկով փոխարինվել ավելի մեծ բնակարանով: Եվ մորթապաշտությանը կարող է հաղթել միայն իրական հավատը, իրական, անշահախնդիր նվիրվածությունը գաղափարին: Եթե կա: Եթե չկա՝ բողոքելու տեղ չունենք:

…1968 թվականի օգոստոսի 25-ին 7 հոգի ցույց էր անում Կարմիր հրապարակում՝ բողոքելով Խորհրդային զորքերի՝ Չեխոսլովակիա ներխուժելու դեմ: Ցույցը տեւեց մի քանի րոպե եւ արագ ցրվեց իրավապահների կողմից: Հետագայում ցույցի մասնակիցները ենթարկվեցին դաժան բռնաճնշումների: Ի՞նչ կարող էր անել 7 հոգանոց խումբը մեկ միլիոնանոց զորքի, ԿԳԲ-ի, ոստիկանության, պետական մեքենայի դեմ: Շատ բան: Եթե արած չլինեին, մենք նրանց այսօր չէինք հիշի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.12.2025

Լուսանկարը՝ Չեխական լրատվական գործակալության. «Իվա՛ն, գնա տուն», – չեխոսլովակացի կինը Պրահայում դիմում է տանկի վրա նստած խորհրդային զինվորներին՝ բողոքելով ներխուժման դեմ (1968 թ.):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031