«Ինչ-որ պահի Հայաստանի ժողովուրդը ստիպված կլինի ընտրություն կատարել». կրկին հիշեցում ՌԴ-ից
«Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը նպատակ չէ, բայց մյուս կողմից Եվրամիության անդամ դառնալը նպատակ է։ Մենք հասկանում ենք, որ Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միաժամանակյա անդամակցությունը հնարավոր չէ։ Մենք հասկանում ենք, որ կա ինչ-որ մի կետ, որ պետք է որոշում կայացնել, բայց այսօր այդ կետը չէ, այսինքն՝ այսօր նման որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա։ Երբ կլինի այն պահը, երբ եկել ենք, հասել ենք այդ կետին եւ պետք է որոշում կայացնենք, այդ ժամանակ կկայացնենք այդ որոշումը»,- անցյալ շաբաթ Համբուրգում, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով հարցին, թե երբ է պատրաստվում Հայաստանը դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից եւ երբ է ի վերջո ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնելու։
Նա հավելել է, որ Հայաստանի խորհրդարանը ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքն ընդունել է, քանի որ դա ՀՀ կառավարության համար լրացուցիչ խթան է, որպեսզի շարունակի ժողովրդավարական բարեփոխումները եւ լրացուցիչ խթան ունենա բոլոր ոլորտները համապատասխանեցնելու Եվրամիության ստանդարտներին։ «Քանի դեռ մենք օբյեկտիվորեն այդ ստանդարտներին չենք համապատասխանում, մենք չենք կարողանա Եվրամիության անդամ դառնալ։ Հետեւաբար, այդ ճանապարհին առաջին խնդիրը Եվրամիության ստանդարտներին համապատասխանող երկիր ունենալն է։ Երբ մենք կլինենք այդ կետում, մենք կդիմենք Եվրամիությանն անդամակցելու հարցով։ Երբ մենք դիմենք ԵՄ անդամ դառնալու հարցով, երկու տարբերակ կա՝ մեզ կամ կընդունեն, կամ չեն ընդունի։ Հիմա մեր պլանի էությունն այն է, որ երբ մենք հասնենք այդ կետին, անկախ նրանից՝ մեզ կընդունեն Եվրամիություն, թե չեն ընդունի, մենք շահած դուրս գանք։ Որովհետեւ, եթե այդ պայմաններում մենք կդառնանք ԵՄ անդամ, շատ լավ, չենք դառնա, էլի շահած կլինենք, որովհետեւ կլինենք ԵՄ ստանդարտներին համապատասխանող պետություն»,- նշել է Փաշինյանը։
Իհարկե, Փաշինյանը չի խոսում այն մասին, որ անհնար է միաժամանակ երկու տնտեսական միություններին անդամակցելը, քանի որ տնտեսական միությունները ենթադրում են միասնական մաքսային տարածք, առեւտրային ռեժիմ եւ պարտադիր միասնական նորմեր։ Հետեւաբար երկու` տարբեր միություններում մասնակցությունը հնարավոր չէ։
Կարդացեք նաև
Այսինքն, Հայաստանը պետք է ընտրություն կատարի, որի մասին պարբերաբար Ռուսաստանից հիշեցնում են: Ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրոպական միության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ. երկու դաշինքներում միաժամանակ մնալը անհնար է, անցյալ շաբաթ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, նկատելով. «Մենք բազմիցս ենք ասել այս մասին, կարծում ենք, որ անդամակցությունը երկու ինտեգրացիոն միավորումներին անհամատեղելի է: Ինչ-որ պահի Հայաստանի ժողովուրդը ստիպված կլինի համապատասխան ընտրություն կատարել»,- ասել է Օվերչուկը։ Նա նաեւ նշել է, որ ընդհանուր առմամբ Հայաստանն ու Ռուսաստանը լավ կապեր են պահպանում, սակայն առեւտրաշրջանառությունը այս տարի զգալիորեն նվազել է. «Անցյալ տարի մեր երկրների միջեւ առեւտուրը կազմել է 12,4 միլիարդ դոլար: Այս տարի այն հավանաբար կկազմի 6 միլիարդ դոլար: Սա շատ զգալի անկում է»։ Օվերչուկը հարկ է համարել նշել` «ռուսական բիզնեսները զգուշանում են Հայաստանի հետ աշխատելուց»:
Այսինքն, Փաշինյանի բանաձեւը` ԵԱՏՄ-ից դուրս գալը նպատակ չէ, սակայն ԵՄ անդամ դառնալը նպատակ է, որոշակիության առումով` մշուշոտ գնահատական է, որը ապահովագրում է իշխանություններին կտրուկ գործողություններից, հստակ քայլերից, եւ նույնիսկ պարտավորությունների կատարումից: Երկրի ներսում կարելի է ունենալ բռնաճնշումների տարբեր դրսեւորումներ, սակայն հայտարարել, որ Հայաստանը դեպի ժողովրդավար ԵՄ-ի չափանիշներին է ձգտում: Սակայն մյուս կողմից` Հայաստանը կշարունակի մնալ ԵՄ-ի հակառակորդ ՌԴ-ի հովանավորյալ միություններում:
ՀՀ-ԵՄ համագործակցության նոր փաստաթուղթ, Երեւան ու Բրյուսել գործընկերության նոր օրակարգ
Դեկտեմբեր ամիսն իրադարձություններով հարուստ էր` ՀՀ-ԵՄ հարաբերությունների առումով: Օրերս ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել էր ԵՄ եւ ԵՄ անդամ պետությունների՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։ Նրանք քննարկել էին Բրյուսելում ավելի վաղ ընդունված ՀՀ-ԵՄ գործընկերության նոր՝ ռազմավարական օրակարգը։ Միրզոյանը շեշտել է, որ դա բավականին հագեցած փաստաթուղթ է, որը ամրագրում է երկկողմ հարաբերություններում ձեռք բերված հաջողությունները, ինչպես նաեւ այն ուղղությունները, որոնց շրջանակներում մտադիր են հետագայում խորացնել հարաբերությունները:
Դեկտեմբերի 2-ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպմանը Միրզոյանն ու Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը ստորագրեցին համագործակցության նոր՝ ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթուղթը։ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն ասել է, որ խորհրդակցությունները կշարունակվեն նաեւ ապագայում. «Դա կնշանակի նաեւ, որ մենք նաեւ նրա միջոցով՝ որպես փոխնախագահ եւ բարձր ներկայացուցիչ, կգնահատենք եւ կհետեւենք զարգացումներին տարբեր շատ ոլորտներում, օրինակ՝ ինչպես, եւ դա կախված է նաեւ, անշուշտ, նրանից, թե ինչի կարիք դուք ունեք, բայց նաեւ՝ թե ինչ տեղի կունենա Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետո, ինչպես մենք կարող ենք օգնել, եթե Ռուսաստանն անի սա, սա, սա: Մի ոլորտում, որն ուղղակի իմաստով անվտանգություն եւ պաշտպանություն չէ, բայց բառի ավելի լայն իմաստով՝ այո, մենք համագործակցում ենք, եւ դա ապատեղեկատվությանը եւ արտաքին միջամտությանը հակազդելն է»: Կոսի խոսքով՝ կողմերն ընդլայնելու են համագործակցությունը այլ ոլորտներում եւս, մասնավորապես՝ տնտեսական. ԵՄ-ն աջակցելու է Երեւանին տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ու ներդրումների հարցում, արդիականացման, նաեւ վիզային ռեժիմի ազատականացման հարցերում։ «Մենք միասին աշխատում ենք Հայաստանի համար վիզաների ազատականացմանը հասնելու ուղղությամբ։ Անցած ամիս մենք ականատես եղանք վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի փոխանցմանը [Հայաստանին]։ Եվ ինչո՞վ է սա այդքան կարեւոր։ Եվրոպայում ապրում են շատ հայեր, եւ մենք ցանկանում ենք, որ ձեզ համար ավելի հեշտ լինի ճանապարհորդել Եվրոպա, այցելել հարազատներին, գալ որպես զբոսաշրջիկներ, եւ նաեւ որպես ընկերներ», նշել էր եվրոպացի պաշտոնյան։
Փաստաթուղթն ավելի քան 70 էջից է բաղկացած եւ դառնալու է ճանապարհային քարտեզ Երեւան-Բրյուսել հարաբերությունների համար:
Փաստաթղթի ստորագրումից հետո ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասից հետաքրքրվել էին, թե կոնկրետ ինչ կարիքներ է ներկայացրել Հայաստանը պաշտպանության եւ անվտանգության ոլորտում, եւ ինչ տեսակի համագործակցություն եւ ֆինանսավորում է դա ենթադրում, արդյոք այդ գործակցությունը ներառում է նաեւ սպառազինության ոլորտում հնարավոր աջակցություն։ Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը նշել էր. «Մենք քննարկել ենք սահմանային կառավարման հարցում օգնություն տրամադրելը, ինչպես նաեւ նախկին հակամարտությունների եւ անվտանգության հետ կապված ականազերծման գործողությունների, ականազերծման հետ կապված վարժանքների, ինչպես նաեւ ականազերծման հետ կապված սարքավորումների տրամադրման հարցերը, եւ մենք քննարկել ենք նաեւ գործիքներ, որոնք վերաբերում են ընթացիկ եւ ինտենսիվացող ապատեղեկատվական արշավներին հակազդելուն: Սա նաեւ այն գործիքակազմն է, որ մենք ունեցել ենք Մոլդովայում, որով Հայաստանը եւս հետաքրքրված է»:
Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի ավարտից հետո Կալլասը նաեւ նկատել էր. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնությունները, որոնք մեկնարկեցին օգոստոսին, շատ կարեւոր են: Դրանցով ավարտվեց տարիներ շարունակ տեղի ունեցող կոնֆլիկտը: Դուք ունեք ԵՄ-ի աջակցությունն այս հարցում: Այսօր ես հայտարարում եմ 15 մլն եվրոյի մասին, որն ուղղվելու է խաղաղությանը եւ ավելի դիմակայուն Հայաստանին»: Կալլասը նաեւ նկատել էր. «Իհարկե, Հայաստանը նաեւ այլ մարտահրավերներ ունի. Ռուսաստանը եւ իր պրոքսիներն ապատեղեկատվական արշավներ են իրականացնում Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Մենք տեսնում ենք նույն ցանցերը, որոնք օգտագործվել են Մոլդովայում, շատ ակտիվ աշխատել են Մոլդովայում: Այսինքն՝ սցենարը նույնն է: ԵՄ ֆինանսավորումը կօգնի հայտնաբերել եւ արձագանքել արտասահմանյան ազդեցություններին»:
ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի շրջանակներում ստորագրված «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթղթին անդրադառնալով Միրզոյանն իր խոսքում նշել էր. «Մենք ընդունեցինք նոր՝ Հայաստան-ԵՄ ռազմավարական օրակարգը, որը լրացնում է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) եւ մեր գործընկերության օրակարգը բարձրացնում ռազմավարական մակարդակի։ Հայաստան-ԵՄ գործընկերությունը մտնում է նոր եւ ավելի հավակնոտ փուլ՝ ընդհանուր տեսլականով եւ պատասխանատվությամբ՝ միտված մեր քաղաքացիների համար կոնկրետ արդյունքների շարունակական ապահովմանը»։
Այսպիսով, արձանագրվեց, որ Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը երկու կողմերի միջեւ հարաբերությունների զարգացմանն ուղղված կարեւոր քայլ է։ Այն կառուցված է ՀԸԳՀ հիմքի վրա՝ «սահմանելով հավակնոտ առաջնահերթություններ մի շարք ոլորտներում»։ Օրակարգն ընդհանուր արժեքների ու փոխադարձ շահերի արտացոլումն է եւ Հայաստանի, եւ ԵՄ-ի կողմից բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու հանձնառության վկայությունը։ Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգն արտացոլում է նաեւ Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումները, ինչպես նաեւ` «Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ սոցիալ-տնտեսական դիմակայունությանն աջակցելու ԵՄ-ի հանձնառությունը»։ Ասվում էր, որ ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի հավատարմությունը եվրոպական արժեքներին եւ եվրոպական ընտանիքի հետ ինտեգրումը խորացնելու նրա ձգտումը։
Այսինքն, պաշտոնապես արձանագրվեց, որ Հայաստան-ԵՄ գործընկերությունը գտնվում է առանցքային փուլում։ Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգով սահմանվեց ապագայի վերաբերյալ Հայաստանի տեսլականը։
Իսկ թե ինչպե՞ս են Հայաստանի իշխանությունները իրենց ստանձնած հանձնառություններն իրականացնում` ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների պաշտպանության, մամուլի ազատության ուղղությամբ` եվրոպացի պաշտոնյաների դիրքորոշումը եւս ակնհայտ է:
Հետաքրքրական էր, որ ԵՄ-ն վերահաստատեց իր սկզբունքային դիրքորոշումը Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի պատերազմի վերաբերյալ, սակայն Ադրբեջանից Հայաստանի ուղղությամբ հնչող ագրեսիվ հավակնությունների, եւ այդ երկրի կողմից հնարավոր ագրեսիայի մասին մտահոգություններ չհնչեցին: Ավելին, դեկտեմբերի 3-ին ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Բրյուսելում հանդիպել էր Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ: X-ում արված գրառմամբ՝ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը նշել էր. «Մենք կակտիվացնենք աշխատանքները՝ աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրին»: Ապա Կոսը հավելել էր. «Թուրքիան Հարավային Կովկասի, Միջերկրածովյան եւ Սեւծովյան տարածաշրջանների կայունության կարեւոր գործընկեր է»:
2020թ. 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից միասնական ագրեսիայի փաստն, ինչպես նկատում ենք, կամաց-կամաց մոռացվեց: Մեր տարածաշրջանում այս երկրների ազդեցությունն ավելի ու ավելի է մեծանում: Իհարկե, նաե՝ւ` Հայաստանի գործուն աջակցությամբ:
Ամփոփումը` վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.12.2025


















































