Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարների շահերը եւ «ժողովրդավարության պաշտպանությունը»

Դեկտեմբեր 17,2025 10:00

Մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, պե՞տք է, վերջապես, իմանանք, թե ով է Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմ» վարում, ով է մեր երկրի դեմ տեղեկատվական արշավներ կազմակերպում, ով է սպառնում մեր ժողովրդավարությանը: Իշխանության քարոզիչները, ՔՊ պատգամավորներից ոմանք, ՔՊ արբանյակ կուսակցությունները, ինչպես նաեւ հ/կ-ականները պնդում են, որ այդ ամենն անում է Ռուսաստանը, Կրեմլը, Պուտինը: Բայց դրանք պաշտոնական հայտարարություններ չեն:

Ես սպասում եմ, որ դա կանի Փաշինյանը. որ նա կասի՝ Ռուսաստանն այդ ամենն անում է մեր երկրի դեմ, իսկ հետո բացահայտի, որ դա արվում է ահա այս եւ այս եղանակով: Քանի որ դա ուղիղ չի ասվում եւ, ըստ երեւույթին, չի էլ ասվի, ես հակված եմ մտածելու, որ դա սեփական հարթուղեղ զանգվածին ուղղված քարոզչություն է եւ նպատակ ունի հակառուսական հիստերիայի, վհուկների որսի եւ պարանոյայի միջոցով շիկացնել նախընտրական մթնոլորտը, արդարացնել ընդդիմության դեմ բռնաճնշումները եւ ներքին քաղաքական դիվիդենդներ շահել:

Եվրամիության չինովնիկները ձեւ են անում, որ լուրջ են վերաբերվում այդ անհասցե, երեւակայական մեղադրանքներին, եւ իբր դրա հիման վրա որոշել են օժանդակել «բոցավառ ժողովրդավար» Փաշինյանին, որ նա մնա իր աթոռին: Նրանք, իհարկե, գիտեն, որ Հայաստանում մարդիկ հետապնդվում են իրենց քաղաքական հայացքների համար, որ մեր երկրում տասնյակ քաղբանտարկյալներ կան, ինչպես նաեւ գիտեն, որ Փաշինյանին Ռուսաստանից ոչ մի սպառնալիք չկա: Պարզապես իրենց շահերից է բխում՝ «հավատալ» այդ ամբողջ դիցաբանությանը եւ պաշտպանել իրենց «սրտի թեկնածուին»՝ համեմելով մեր ներքին գործերի մեջ միջամտությունը ամպագոռգոռ հայտարարություններով:

Այստեղ խնդիրը, բնականաբար, այն չէ, թե ով է ավելի պարկեշտ եւ անկեղծ. նման կատեգորիաներ քաղաքականության (առավել եւս՝ արտաքին քաղաքականության) մեջ գոյություն չունեն: Անձամբ ինձ համար ԵՄ-ն, իր ցինիկ երեսպաշտությամբ հանդերձ, ավելի ընդունելի է, քան Պուտինը, որն արդեն գրեթե 4 տարի արյունալի պատերազմ է վարում Եվրոպայում:

Խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանավորները՝ իրենց աթոռները պահելու համար դիմում են արտաքին օգնությանը, կարեւոր չէ՝ ՌԴ-ի, թե ԵՄ-ի (պետք կլինի՝ ՌԴ-ին էլ կդիմեն): Այստեղ կա մի դրական երանգ՝ Փաշինյանն այնքան անվստահ է, որ կվերարտադրվի, կասկածում է, որ դա «սեփական ուժերով» հնարավոր է, որ վազում է օտարների մոտ՝ աջակցություն խնդրելու: Փաստացի ասում է՝ «փրկեք ինձ, մի բան դզեք-փչեք, ինչպես Մոլդովայում արեցիք»:

Դա կասկածի տակ է դնում Փաշինյանի իշխանության «անսասան լինելու» միֆը:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ձեր ընտրությունը նկարների գերազանց է:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031