Հարցազրույց վարելու տեխնիկան
Լավ հարցազրույցները տեղեկատվություն են տալիս, իսկ հիանալի հարցազրույցները՝ անհամեմատ ավելին։ Հարցազրույցը խոսակցություն է, ոչ թե հարցաքննություն։ Այն նպատակ չունի հաղթել։ Նպատակն է խնդիրը հասկանալ եւ բացահայտել ճշմարտությունը։ Հարցազրույց վարելուց առաջ պետք է բազմակողմանի ուսումնասիրել խնդիրը եւ տեղեկատվություն ստանալ այն անձի վերաբերյալ, որի հետ պետք է հարցազրույց վարեք։ Հարցազրույց վարելու հմտությունը կարեւոր է կյանքի բոլոր ոլորտներում։ Շփում, նոր հնարավորություններ, նոր ընկերներ, գործընկերներ եւ իհարկե՝ հասարակություն։
Ինչքան լավն է հարցը, այնքան պատասխանը լավ կլինի։ Չպետք է փախչել բարդությունից։ Երբեմն ամենաանհարմար հարցերը կարող են դառնալ ամենակարեւորը։ Երբեմն պետք է տալ շատ բարդ, խիստ անձնական, ինչու չէ՝ նաեւ առաջին հայացքից անտակտ թվացող հարցեր, սակայն որոնք հանգեցնում են երբեմն շատ անկեղծ զրույցի։ Երբեմն առաջին հայացքից խիստ հավասարակշռված պաշտոնյան անհարմար հարցից կարող է իրեն այնքան ոչ ադեկվատ պահել, որը կբացահայտի իր ով լինելը, նաեւ թե ինչից է նա ամենից շատ վախենում։
Եթե չփորձեք թափանցել PR պատից ներս, ստի, պրոպագանդայի, ավտոմատ սպասելիքների, կասկածի տակ դնել պետական պարադիգման, շաբլոնը, այդ դեպքում դուք չեք կարողանա հարցազրույցի ընթացքում բացահայտել ինչ-որ նոր բան։ Ինչ մասնագիտություն էլ ունենաք, երբեմն անհրաժեշտ է խիզախ լինել եւ անդրադառնալ ամենախորքային, ամենավիճահարույց հարցերին։ Այդ հարցերը չպետք է հնչեցնել որպես մեղադրանք, այլ պետք է ձեւակերպել մոտավորապես այսպես. «Օգնեք ինձ հասկանալ…» կամ «Այսինչ բանն է կատարվել, սակայն Դուք պնդում եք այլ բան, տեսնում եք, ինչ շփոթմունք է»…
Կարդացեք նաև
Հարցազրույցը միշտ չէ, որ սենսացիաների մասին է։ Բայց եթե դուք ունեք հարց, որը շատերի մտքում է, այդ հարցն անպայման պետք է տալ։ Այդ հարցին սպասում է հասարակությունը եւ այն անձը, որի հետ հարցազրույց եք վարում: Այդ հարցը պետք է տալ ուղիղ, առանց ակնարկների կամ ենթադրությունների։ Անարդար է ինչ-որ մեկին հարցեր տալ այլ անձի մասին, եթե ինքդ չես հարցրել։ Եթե դուք ունեք որեւէ հարց այդ անձի մասին, դուք պարտավոր եք դա ուղիղ նրան հարցնել բաց եւ թափանցիկ։
Ամերիկացի ռադիոհաղորդավար Այրա Գլասն ասում է. «Եթե պատրաստվում ես մեկի մասին ինչ-որ տհաճ բան ասել, ասա դա հենց նրա երեսին»։
Կարողանալ տալ բարդ հարց ոչ միայն ժուռնալիստին է անհրաժեշտ։ Հոգեթերապեւտը գործում է զգացմունքներով, մինչեւ հասնում է խնդրի արմատին։ Իրավաբանը միշտ խնդրում է պարզաբանել հակասական փաստարկները։ Բժիշկը հարցնում է, թե ինչպես է, օրինակ, այրվածքն առաջացել։ Եթե այս հարցերին պատասխաններ չկան, ապա զրույցից ոչ մի նոր, օգտակար կամ հետաքրքիր բան չի ստացվի։
Բայց ի՞նչ տարբերություն կա դժվար հարցի եւ մեղադրական ապացույցներ գտնելուն ուղղված հարցի միջեւ։ Երկրորդ տարբերակի դեպքում նպատակն է բացահայտել սենսացիոն որեւէ բան, ապացուցել զրուցակցին եւ հասարակությանը, որ դուք քաջ մեկն եք, առանց վախի եւ նախատանքի դուք փնտրում եք անհամապատասխանություններ եւ բացահայտում եք կեղծավորությունը։ Դա կապված է ոչ միայն հարցի հետ, այլ հենց հարցազրույց վարողի հետ, ասելով, որ դուք լրագրող եք եւ պետք է բացահայտեք ճմարտությունը։ Սակայն պետք է հասկանալ, թե այդ ճշմարտությունը ինչ կտա հասարակությանը։
Մայք Ուոլեսն ասում էր, որ շատ մեծ տարբերություն կա հարցերի միջեւ. կրակ է վառում կրակի համար, թե կրակ է վառում լույսի համար։ Եթե դուք հարց եք տալիս միայն նրա համար, որ զրուցակցին դնեք անհարմար դրության մեջ, ապա դա, մեղմ ասած, ընդունելի չէ։ Իսկ եթե դուք բարդ հարց եք տալիս, որպեսզի թափանցեք որեւէ երեւույթի բուն էության մեջ, ապա դա արդարացված է։
Ինչպես ընտրել հարմար պահը բարդ հարց տալու համար։ Ամենեւին կարեւոր չէ լինել էքստրավերտ մեկը կամ մի սրիկա, որ տալիս է անհարմար, բարդ հարցեր։ Դուք կարող եք իրականում լինել լռակյաց, չերեւացող մեկը։ Սակայն դուք ձեր ելման կետից չեք շարժվի առաջ, եթե չտաք այդ բարդ հարցերը, որոնց սպասում է հասարակությունը, երբեմն անգամ զրուցակիցը։ Բարդ հարցերը միշտ չէ, որ զայրացնում եւ հունից հանում են զրուցակցին, երբեմն դրանք օգնում են նաեւ, որ ձեզ հարգեն։
Հանրաճանաչ ժուռնալիստ, գրող Ստիվ Վայնբերգն ասում է, որ մինչ հրապարակումը իր հոդվածը նա ուղարկում է զրուցակցին, սակայն ոչ թե նրա հավանությանն արժանանալու համար, այլ այդ միջոցով նա երաշխավորում է իսկությունը։ Ստիվ Վայնբերգն ասում է. «Մենք շատ հաճախ ճիշտ չենք հասկանում մեր ամուսիններին, կանանց, երեխաներին, ծնողներին։ Ինչպես կարելի է սպասել, որ մի մարդ ձեզ լիովին կհասկանա, եթե նրան համարյա չեք ճանաչում»։
Ճշգրիտ մեջբերումը լավ հարցազրույց վարողի հմտություններից մեկն է։ Եթե դուք ճիշտ չեք մեջբերում կամ կոնտեքստից դուրս է մեջբերումը, ապա ստացվում է սխալ պատմություն, եւ վտանգվում է հեղինակությունը։ Իսկ գրողների, ժուռնալիստների համար շատ կարեւոր է հեղինակությունը։ Եթե հեղինակությունն ընկնում կամ վնասվում է, ապա շատ դժվար է այն վերականգնել։
Ձայնագրիչը միացնելուց առաջ միշտ թույլտվություն հարցրեք։ Լավագույն քաղաքականությունը փոխադարձ համաձայնությունն ու իրազեկվածությունն է։ Անգամ եթե զրուցակիցը դեմ է, ասեք նրան, որ դրանով երկուսդ ապահովագրվում եք սխալվելուց։ Անգամ եթե ձայնագրող սարք եք օգտագործում, անպայման գրառումներ կատարեք՝ կարեւոր մտքերը եւ մեջբերումները գրի առնելով։
Հիմա անդրադառնանք այն հարցին, թե ճիշտ է, արդյոք, խմբագրել զրուցակցի խոսքը։ Դա կապված է տվյալ իրավիճակից եւ այն նպատակից, թե ինչ եք ուզում ասել հասարակությանը։
Պետք է արդյոք ներկայացնել ինֆորմացիայի աղբյուրը։ Ավելի լավ է մնալ առանց նյութի, քան առանց հասարակության վստահության։ Տեղեկատվության աղբյուրի վերաբերյալ Associates Press-ը առանձնացրել է հետեւյալ կանոնները.
- Նյութը ինֆորմացիա, տեղեկատվություն է, կարծիք, ենթադրություն չէ, այն բացարձակ արժեք է։
- Այդ տեղեկատվությունը հնարավոր չէ ստանալ որեւէ այլ եղանակով՝ միայն այն դեպքում, եթե աղբյուրը մնա անանուն։
- Աղբյուրը հուսալի է եւ կարելի է ստանալ ճշգրիտ տեղեկատվություն։
«The Washington Post» թերթի գլխավոր խմբագիր, ամերիկացի ժուռնալիստ Բենջամին Կրաունինշիլդ Բրեդլին ասում է, որ եթե երիտասարդ լրագրողը ցանկանում է կապ հաստատել անանուն աղբյուրի հետ, նա պարտավոր է իր զրուցակցին տեղեկացնել, որ իր ինքնությունը հայտնի կլինի եւս մեկ անձի։ Դա կարող է լինել թերթի գլխավոր խմբագիրը կամ լրագրության ն ուղղորդողը։
Հարցազրույցին լավ պատրաստվելու համար դուք պետք է մտածեք ոչ միայն հարցեր, այլ նաեւ ձեր իսկ դերն այդ հարցազրույցում։ Հարցազրույցը հաջողված կլինի՝ կախված զրուցակցի հետ ձեր փոխազդեցությունից, փոխհամագործակցությունից։ Դուք պետք է մի կողմ թողնեք այն փաստը, թե զրուցակիցը ձեր սրտով է, հավանում եք նրան, թե ոչ։ Դժվար իրավիճակներում հիշեք, թե որն է ձեր հարցազրույցի նպատակը։ Դա այն վայրը չէ, որտեղ պետք է ձեզ ցուցադրեք եւ ցույց տաք ձեր առավելությունը զրուցակցի նկատմամբ, հիշեք, որ հարցազրույցը ձեր մասին չէ։ Կարեւորը, որ զրուցակիցը ունենա իր առանձնահատուկ կարծիքը, որի մասին հասարակությունը պետք է իմանա։ Եվ դուք պետք է օգնեք, որ հասարակությունը բացի աչքերը եւ իմանա կոնկրետ իրավիճակի մասին, այ դրան պետք է հասնեք…
Ամալյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.12.2025


















































