Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոտոգունդը լինելու է ամենասիրված համարը». Գեւորգ Վարդանյան

Դեկտեմբեր 17,2025 12:30

Վարդանյան եղբայրների կրկեսը երեխաներին հրավիրում է «WONDERLAND»՝ իրենց ստեղծած հրաշքների աշխարհ, որտեղ հետաքրքիր շոու է խոստանում: «Առավոտի» հետ զրույցում եղբայրներից Գեւորգ Վարդանյանը նշեց, որ իրենց շոուի առանձնահատկությունը բազմաժանր համարներն են, որոնք հետաքրքիր են թե երեխաների, թե  ծնողների համար։

Ինչ վերաբերում է իրենց էքստրեմալ համարներին, նա առանձնացրեց մասնավորապես Մոտոգունդ կոչվածը. «Այս համարն իր մեջ ներառում է մոտոներով տարբեր հնարքներ։ Արագություն, հնարքներ երկաթե շրջանակի ներսում, սուր զգացողություններ եւ անհավանական պահեր են սպասվում հսկայական մետաղյա գնդի ներսում»:

Հարցրինք նաեւ, թե որն է իրենց այցեքարտային համարը:  «Մեր այցեքարտային համարները մի քանիսն են, բայց կարող եմ վստահաբար ասել, որ մոտոգունդը լինելու է բոլորի կողմից ամենասիրվածը»,- նշեց Գեւորգ Վարդանյանը: Նա նաեւ հիշեցրեց, որ շոուն կկայանա Հաղթանակի զբոսայգում՝  Մայր Հայաստան հուշարձանի մոտ, դեկտեմբերի 20-ից:

Վարդանյան եղբայրները քանիցս նշել են, որ ժամանակին ոգեշնչվելով կրկեսի արտիստ իրենց հորեղբոր օրինակից՝ փոքր տարիքից օգնել են արտիստին «10 աթոռանոց բուրգ» վտանգավոր ներկայացման ընթացքում։ Բուրգը կառուցվում էր շշի ծայրին եւ կատարվում էր խորանարդներով ձեռնածություն։ Այդ ժամանակվանից ի վեր Վարդանյան եղբայրները տարվել են կրկեսով ու հարթել իրենց դժվարին, բայց վառ ուղին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.12.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031