Aravot.am-ին հասած տեղեկություններով, քիչ առաջ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին Շիրակի մարզպետի պաշտոնից ազատել են։
Մենք այս տեղեկությունը փորձեցինք ճշտել անձամբ Դավիթ Առուշանյանից, նա մեր հեռախոսազանգը թողեց անպատասխան, իսկ Շիրակի մարզպետարանում նման տեղեկատվության չէին տիրապետում։
Նկատենք, որ այսօր կայանալու էր Շիրակի մարզպետի պաշտոնավարման մեկ տարվա հաշվետու ասուլիսը։ Մարզպետը, ըստ տարածված հայտարարության, ամփոփելու էր աշխատանքային գործունեության 1 տարին, 2025 թվականին իրականացրած աշխատանքներն ու ձեռքբերումները, ներկայացնելու էր ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները:
Եվ մինչ լրատվամիջոցները պատրաստվում էին գնալ ու հարցեր ուղղել նրան, Շիրակի մարզպետի աշխատակազմի պաշտոնական էջում հայտարարություն տեղադրվեց՝ ասուլիսի հետաձգման մասին։
Կարդացեք նաև
«Սիրելի՛ գործընկերներ, հայցում ենք բոլորիդ ներողամտությունը, Շիրակի մարզպետի ասուլիսն այսօր չի կայանալու` անհետաձգելի գործեր առաջանալու պատճառով։
Ասուլիսի նոր օրվա մասին լրացուցիչ կտեղեկացնենք»-գրված է հայտարարության տեքստում։
Մենք տեղեկացանք, որ նրան շտապ գործով կանչել են մայրաքաղաք, որտեղ էլ քննարկել մարզպետի պաշտոնից ազատման հարցը։
Նշենք, որ տևական ժամանակ է՝ խոսվում է այն մասին, որ Գյումրի քաղաքում հնարավոր իշխանափոխության դեպքում ՔՊ-ն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակի Դավիթ Առուշանյանին, իհարկե, եթե իշխանությունն ընդդիմությունից վերցնելու սցենարը դառնա իրագործելի։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
















































