Լրահոս
Օրվա լրահոսը

«Իր խոսքով ասած՝ Տիգրան Ավինյանը հողի գող է»․ Արթուր Չախոյանը հաղորդում է ներկայացրել դատախազություն

Դեկտեմբեր 17,2025 13:08

«Ուզում եմ հերթով, հստակ փաստերով ներկայացնել, որ Տիգրան Ավինյանը, ինչպես ինքն է հայտարարում, որ փողի գողը գող է, հողի գողը գող չէ՞, հողի գողն էլ է գող, հրապարակային հայտարարում եմ՝ Տիգրան Ավինյանի հայտարարության և իր անգործության համապատասխան՝ Տիգրան Ավինյանը հողի գող է»,- ՀՀ գլխավոր դատախազության առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ակտիվիստ Տիգրան Չախոյանը։

Նա հաղորդում ներկայացրեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից ցուցաբերված անգործության արդյունքում Երևան քաղաքից շուրջ 700 հազար ԱՄՆ դոլարի գույք հափշտակելու վերաբերյալ՝ պաշտոնական սուտ և կեղծ տեղեկատվություն տրամադրելու միջոցով ու ասաց․ «Հաղորդում եմ ներկայացնում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն՝ ԶԼՄ-ներում հրապարակված առերևույթ հանցանքի մասին։ Հրապարակված նյութը հիմք է հանդիսանում քննիչների համար քրեական վարույթ նախաձեռնելու համար։ Ամեն ինչ օրենքի համաձայն, որ չասեն եկել է PR լինի, գնա։ Մոտ երկու ամիս առաջ տեսանյութ եմ հրապարակել, որը վերաբերվում է Բաղյան 2/5 հասցեում իրականացված ապօրինի շինարարության, համայնքային հողազավթման դեպքին, որի առիթով հայտնել են, որ Տիգրան Ավինյանը զրպարտության համար ինձ պատրաստվում է դատի տալ և չակերտավոր հաստատել, որ նման ապօրինություն կա»։

Այնուհետև նաև հեռախոսով միացրեց Տիգրան Ավինյանի հայտարարությունը, որում նա մասնավորապես ասում է․ «Նոր Նորքում ինքնակամ շինության հետ կապված կարող եմ ասել հետևյալը՝ Երևանի քաղաքապետարանը յոթ անգամ ծանուցել է շինարարին, մերժել ինքնակամ շինության օրինականացման՝ իրենց հայտը»։

Արթուր Չախոյանը վստահեցրեց՝ փաստաթղթով էլ է հավաստվում, որ Երևանի քաղաքապետարանն օրինականացումը մերժել է ժամկետների համար, որ կադաստրի կոմիտե չեն ներկայացրել օրինականացնելու համար․ «Հարցը Տիգրան Ավինյանի անգործությունն է։ Շատերդ կհիշեք, որ ամիսներ առաջ ինչ հնչեղ ապամոնտաժման աշխատանքներ էին իրականացվում Երևանում՝ Հյուսիսային պողոտայում, Սարյան փողոցում, որից հետո Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ համայնքային հողի վրա կառուցված ապօրինի շենք-շինությունը, եթե դիմում է օրինականացման, և քաղաքապետարանը մերժում է դա, արդեն համապատասխանաբար թողարկում ենք քանդման որոշում»։

 

Արթուր Չախոյանը հարցնում է՝ եթե յոթ անգամ Նոր Նորքում գտնվող Բաղյան 2/5 հասցեում կառուցվող շինության համար դիմել են Երևանի քաղաքապետարան, յոթ անգամ մերժվել է օրինականացման հայտը, այդ դեպքում Երևանի քաղաքապետարանը քանդման որոշում ինչո՞ւ չի թողարկել․ «Տիգրան Ավինյանի անգործությունը դրանում է։ Երբ տվյալ շինությունը՝ գյուղմթերքի շուկան, 2024-ին դեռ նոր էր սկսել աշխատանքներ իրականացնել, ես գրավոր դիմումով Երևանի քաղաքապետարան եմ դիմել, հարցրել՝ տվյալ շինության աշխատանքները, որ իրականացվում են, շինթույլտվություն ունե՞ն, թե՝ ոչ։ Երևանի քաղաքապետարանից պաշտոնական գրությամբ հայտնել են, որ տվյալ աշխատանքների կատարման համար կա շինթույլտվություն։ Մեկ տարի անց շուկան կառուցվել է, և ես բացահայտել եմ, որ ապօրինի է եղել։ Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ շինաշխատանքներն իրականացվում են առանց շինթույլտվության։ Երևանի քաղաքապետարանը պաշտոնական գրությամբ սուտ տեղեկություններ է տրամադրում, որ իրավական խոչընդոտներից խուսափեն, որ ես հաղորդում չներկայացնեմ, որ շինաշխատանքները չդադարեցվեն։ Ստացվում է՝ այդ ամենն իրականացվել է բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորության ներքո, հակառակ դեպքում սուտ տեղեկություններ չէր կարող տրամադրել։ Միևնույն ժամանակ, շինարարությունն իրականացվում է, վնասել են համայնքային գույքը՝ մայթը։ Միայն շուկայի հատվածի՝ շինարարի կողմից քանդված մայթը Երևանի քաղաքապետարանն է վերականգնում։ Մեկը մյուսի հետ փոխկապակցված է»։

Արթուր Չախոյանը նաև ասաց, որ նոյեմբերին դեռ դիմում է ներկայացրել դատախազություն, որ քրեական գործ հարուցեն, սակայն այն մերժվել է, քանի որ դրանում եղել է Տիգրան Ավինյանի անունը։ Նա երկու ծրարներ ցույց տվեց ու վստահեցրեց՝ նույն բովանդակությամբ հաղորդումներ են, որոնցից մեկը մերժվել է, մյուսը՝ ոչ, քանի որ Տիգրան Ավինյանի անունն արդեն հանել է հաղորդման միջից․ «Տիգրան Ավինյանի անունը մանդա՞տ է պողպատե»։

Նա, օրինակ բերելով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործը, նշեց․ «Հիմքերն այն էր՝ առանց շինթույլտվություն Գյումրիում կառուցել են շուկա՝ հասարակական շինություն։ Եվ դա ենթակա է քանդման։ Տվյալ գործի պարագայում ըստ տեղեկությունների՝ կար կաշառք ստանալու գործառույթ։ Նույն բանն է՝ Տիգրան Ավինյանի կողմից նույն քանդման ենթակա շինությունը չի քանդվում, ինչո՞ւ չի քանդում։ Ուրիշ դեպքում Հյուսիսային պողոտայի, Սարյանի շինությունները քանդում են, բայց տվյալ դեպքում չեն քանդում, այդ գյուղմթերքի շուկան կառուցվում է կեսից շատը համայնքայի հողատարածքի վրա՝ 6-րդ գոտում։ Երևանի քաղաքապետարանի աճուրդների ցանկում մեկնարկային գինը արժի 350․000 դրամ, առնվազն 500 քմ եմ ասում, հաշվեք, թե ինչ գումարի մասին է խոսքը։ Այդ ամենն իրականացվում է Նոր Նորքի թաղապետարանի գրեթե դիմաց։ Անհնար է, որ այդ ամենին Երևանի քաղաքապետարանը տեղյակ չլինի, որ առանց շինթույլտվության շինարարություն են իրականացնում»։

Տիգրան Չախոյանը վստահեցնում է՝ այս ամենի հետևում կանգնած է Տիգրան Ավինյանը և հովանավորում է․ «Գրություն եմ ուղարկել Երևանի քաղաքապետարան, հարց ուղղել՝ ինչո՞ւ քանդման որոշում չեք թողարկում։ Չեն պատասխանել դիմումիս։ Ըստ մամուլի տվյալների՝ սեփականատերերն անմիջապես կապ ունեն Տիգրան Ավինյանի հետ․ իր մտերիմներն են․ «Այդ ամենը հաստատվում է Տիգրան Ավինյանի անգործությամբ։ Պատկերացնենք, որ Երևանի քաղաքապետարանն այդ ապօրինությունը չի տեսել, որ ապօրինի շուկա են սարքում՝ ո՞նց է լինում, որ Երևանի քաղաքապետարանը կառուցված շուկայի մայթը չի ասում՝ դու ես քանդել, դու էլ վերականգնի, ինչի՞ է այդ մայթը կառուցապատում երևանցիների գումարով։ Ակնհայտորեն այդտեղ կա հովանավորչություն»։

Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031