Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարզվել է, որ Կճոյանին պատկանող հողատարածքում շինարարական աշխատանքներ չեն իրականացվում»․ ի՞նչ է պահանջում դատախազությունը դատարանից

Դեկտեմբեր 17,2025 13:54

Հակակոռուպցիոն դատարանում այսօր տեղի ունեցավ դատախազությունն ընդդեմ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի գործով դատական նիստը։ Այս տարվա սեպտեմբերին դատախազությունը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ եւս մեկ հայց էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան։ Այս հայցով դատախազությունը պահանջում է հարկադիր դադարեցնել Կճոյանի՝ հողամասի կառուցապատման իրավունքը։ Հողամասը գտնվում է Արաբկիր վարչական շրջանում։ Կճոյանը հողամասի կառուցապատման թույլտվությունը ստացել է դեռեւս 13 տարի առաջ՝ 2012 թվականին։

Այսօրվա նիստում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց, որ դատական նիստն անցկացվի դռնփակ ռեժիմով։ Սակայն դատավոր Կարապետ Բադալյանը թույլատրեց նիստն անցկացնել դռնբաց։ Դատավորը որոշեց, որ միայն Կճոյանի փաստաբանին չեն տեսանկարահանի լրատվամիջոցները։

Կճոյանի պաշտպանները հայցի վաղեմության ժամկետի կիրառման միջնորդություն էին ներկայացրել։

Այսօր միջնորդություն ներկայացրեց հանրային մեղադրողը՝ նշելով, որ Գլխավոր դատախազությունը դիմել է Երեւանի քաղաքապետարանին՝ պահանջելով տրամադրել տեղեկություն Երեւանի Սուրբ Աբգար թագավորի փողոց 77/2 հասցեում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատում իրականացնելու փաստի վերաբերյալ։

«Եվ ի պատասխան տվյալ գրության՝ Երեւանի քաղաքապետարանը 2025 թվականի օգոստոսի 21-ի դրությամբ նշել է, որ իրավասու ստորաբաժանման աշխատակիցների կողմից կատարված ակնադիտական տեղազննության արդյունքում պարզվել է, որ Սուրբ Աբգար թագավորի փողոց 77/2 հասցեում շինարարական աշխատանքներ չեն իրականացվում։ Միաժամանակ նշվել է նաեւ, որ տվյալ հասցեի վերաբերյալ քաղաքաշինական փաստաթղթերի դիմումներ առկա չեն։ Այսպիսով՝ Գլխավոր դատախազությունը՝ որպես հայցվոր, Սուրբ Աբգար թագավորի փողոց 77/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կառուցապատում իրականացրած չլինելու փաստի մասին հաստատապես իմացել է իրավասու մարմնին հասցեագրած հարցման պատասխանը ստանալու պահից, այն է՝ 2025 թվականի օգոստոսի 21-ից»,- ասաց նա՝ խնդրելով դատարանին այս գործով հայցի վաղեմության ժամկետի կիրառման միջնորդությունը մերժել։

Կճոյանի պաշտպանը չպատասխանեց հանրային մեղադրողի ներկայացրած միջնորդությանը՝ ասելով, որ այս պահին հարցեր չունի։

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը կկայանա 2026 թվականի հունվարի 16-ին։

Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը դեռեւս 2024թ սեպտեմբերի 6-ին մերժել է Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցն ընդդեմ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի: 

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ. Գ. Ուշագրավ է հետևյալ հանգամանքը. Կճոյանի այս գործը դատական տեղեկատվական համակարգում՝ «Դատալեքսում» փակ է, նշված է՝ «ինֆորմացիան սահմանափակված է»: Սա այն դեպքում, երբ օրեր առաջ գործը բաց էր, հնարավոր էր մուտք գործել համակարգ, ծանոթանալ մանրամասներին: Դատական դեպարտամենտից «Ազատությանը» փոխանցեցին, որ գործը փակել են հենց Կճոյանի դիմումի հիման վրա:

«Ի պատասխան Ձեր հարցի՝ նշենք, որ Դատական դեպարտամենտը՝ ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի առաջին մասի, Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի և ԲԴԽ որոշման հիմքով բավարարել է Սամվել Ռուբենի Կճոյանի դիմումը, որի համաձայն նա խնդրել է սահմանափակել Հակակոռուպցիոն դատարանում առկա՝ իր վերաբերյալ քաղաքացիական գործի հասանելիությունը datalex.am տեղեկատվական հարթակում։ Դատական գործի հասանելիությանը վերաբերող և դատական գործի վիճակագրական էլեկտրոնային քարտի հասանելիության սահմանափակումն իրականացվում է Դատական դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությամբ։ Նշենք նաև, որ Դատական դեպարտամենտը 2018 թվականից ի վեր բազմաթիվ նմանօրինակ դիմումներ է ստացել դատավարության կողմերից, որոնց ընթացք է տրվել, ընթացք չի տրվում միայն դատավարության կողմ չհանդիսացող անձանց դիմումներին»:

Ըստ դատական դեպարտամենտի, հատկապես քաղաքացիական գործերով կողմերը կարող են դիմել իրենց, խնդրել փակել իրենց անձնական տվյալները: Դեպարտամենտը, ստացվում է, ոչ միայն անձնական տվյալներն է փակում, այլ՝ ողջ գործը:

Ընդ որում՝ գործի քննությունը դռնբաց է, այսինքն՝ այդ անձնական տվյալները այսպես, թե այնպես, հրապարակվելու են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031