Ծննդյան հոբելյանի առիթով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժնի վարիչ, պրոֆեսոր Գայանե Գեղամյանն օրերս Կամերային երաժշտության տանը հրավիրել էր գործընկերներին, նախկին ու ներկա ուսանողներին և, իհարկե, հանդիսատեսին։
Երգչուհու բեմական ու մանկավարժական գործունեությանը մենք հաճախ ենք անդրադարձել։ Արժե մեկ-երկու հիշարժան դեպք ու դիպված կրկնել նրա գործունեությունից։
Կարդացեք նաև
Օպերային ժանրում արվեստագետի առաջին քայլերը մեր կոնսերվատորիայի Ղ․ Սարյանի անվան օպերային ստուդիայում բեմադրված Մասկանիի «Գեղջկական ասպետություն» օպերայում Սանտուցայի դերերգն էր։ Հատկապես նշենք, որ դեռևս ուսանող երգչուհուն այն առաջարկել էին մեծանուն օպերային ռեժիսոր Վահագն Բագրատունին, մաեստրո Ռաֆայել Մանգասարյանը։
1993-ից երգչուհին բեմ բարձրացավ Երևանի օպերային թատրոնում՝ համաշխարհային օպերային գրականության այնպիսի դերերգերով, ինչպիսին են՝ Իոլանտան, Լիզան՝ Չայկովսկու «Իոլանտա», «Պիկովայա դամա» օպերաներում, Նեդդան՝ Լեոնկավալոյի «Պայացներ» օպերայում, Ամելիան, Լեոնորան ու Աիդան՝ Վերդիի «Պարահանդես դիմակահանդես», «Տրուբադուր», «Աիդա» օպերաներում, Մադամ Բաթերֆլայը՝ Պուչինիի համանուն օպերայում, Դոննա Էլվիրան՝ Մոցարտի «Դոն Ժուանում» և այլն։
Իբրև մանկավարժ (դասավանդում է 1995 թ.-ից) Գայանե Գեղամյանի գործունեությունն առանց որևէ կոչում նշելու վաղուց ունի իր վաստակն ու ճանաչումը։ Երևանի և արտասահմանյան հեղինակավոր թատրոնների ցանկալի հյուրերն են նրա երբեմնի ուսանողները՝ Հրաչուհի Բասենց, Հասմիկ Թորոսյան, Պերճ Քարազյան, Մերի Մկրտչյան, Լուսինե Մակարյան, Լուսինե Ղազարյան, Նարինե Միլիտոնյան, Արտավազդ Զաքարյան…
Հոբելյարի աշխատանքի անբաժան մասն են նրա կողմից անցկացվող վարպետության դասերը, խորհրդատվությունները, բազմաթիվ մրցույթներում ու փառատոներում (Ռուսաստան, Բելառուս, Իտալիա, Ֆինլանդիա և այլն) ժյուրիի նախագահի կարգավիճակը։
Արվեստագետի կյանքում մի առանձին շրջան էր (շուրջ 25 տարի) մենահամերգները երջանկահիշատակ կոնցերտմայստեր Աննա Մանդալյանի ընկերակցությամբ։ Երաժիշտների այս դուետը հյուրախաղերի ժամանակ փնտրում էր, գտնում նոր ու հազվադեպ կատարվող ստեղծագործություններ, դրանք ներկայացնում նաև Երևանում։
Միառժամանակ շարունակական դարձան կոմպոզիտորներ Էդուարդ Սադոյանի և Յուրի Հայրապետյանի համատեղ հիմնած կազմակերպության («Liga Mi») նախաձեռնությամբ ամերիկացի կոմպոզիտորների նոր գործերի երգչուհու մեկնաբանումը։ Նա Հայաստանում առաջին անգամ հնչեցրեց 15 նոր ստեղծագործություններ, այդ թվում՝ Իսկուհու դերերգը (Յոզեֆ Մատեյ, «Մուսալեռան 40 օրը» օպերա), Պասկալ Դյուսապենի «Niobe ou le Rocher de Sypile» օրատորիայում սոպրանոյի պարտիան, Անահիտ դիցուհու դերերգը (Հայկ Վարդան, «Պրոմեթևս 12» օպերա), Աշխեն թագուհու դերերգը (Էդուարդ Սադոյան, «Գրիգոր Լուսավորիչ» օպերա)։
Aravot.am-ի հետ զրույցում երգչուհու գործընկեր, արվեստագիտության թեկնածու, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Օլյա Նուրիջանյանը մեզ մեկ-երկու հիշարժան պատմություններ ներկայացրեց Գայանե Գեղամյանի կյանքից։
«Դեռևս կոնսերվատորիական տարիներից են նրան նկատել։ Օրինակ՝ Տիգրան Մանսուրյանը զարմացել է, թե ինչպիսի հմտությամբ է կարողանում մեներգչուհին կարդալ ժամանակակից պարտիտուրներ։ Մեր հոբելյարը հայ ժամանակակից կոմպոզիտորական դպրոցը հանրահռչակող երաժիշտ է ու մասնագիտական խմբագիր։ Գայանե Գեղամյանի ներկայությամբ են տպագրվել Մանսուրյանի 7 երգերը, ինչպես նաև Հայաստանում առաջին անգամ հրատարակված ժամանակակից ամերիկյան կոմպոզիտորների 9 ռոմանսները։ Նրա կատարողական արվեստի կարևոր վավերագրություն են 6 ձայնասկավառակները… Ըստ էության՝ Մաշտոցի ու Կոմիտասի գործով ամրանալով ու անվերջ լսելով Բախի ստեղծագործությունները, երգչուհին շարունակում է սիրել իր ժամանակի դինամիկան ու ազատությունը», — հայտնեց երաժշտագետը։
Վերջինս մտաբերեց նաև փոքրիկ Գայանեի կյանքից հետևյալ դիպվածը. «Եթե այս երեխային չտաք երաժշտության, մեծ հանցագործություն կանեք», — այդ օրը Տիգրան Մանսուրյանը իր պոետ ընկերոջ՝ Գևորգ Կարապետյանի ընտանիքում լսեց փոքրիկ երգչուհուն, ում մեծերը հաճախ էին խնդրում երգել։ Երեք տարեկանից աղջնակը ուժգին ոգևորությամբ կատարում էր հեռուստացույցով լսած բոլոր երգերը, իսկ հետո նրան ընդհատելն անհնար էր։ Երբեմն նույն մեծերը խնդրում էին չերգել (ժպտում է Ս. Դ.)…
Տիգրան Մանսուրյանի գնահատականին հավատալով՝ Գայանեի ծնողներն ավելի լուրջ են վերաբերվում դստեր շնորհին։ Աղջնակի առաջին երաժշտական դպրոցը Կոնստանտին Սարաջևի անունը կրող դարբնոցն էր, հետո՝ Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանը, որն ավարտում է 1982 թ., իսկ 1988 թ. ստանում է կոնսերվատորիական դիպլոմ։ Իսկապես բախտավորություն է երգչուհու ուսանողական տարիները, երբ նա ուսանել է, մասնագիտացել մեծանուն մանկավարժ Աննա Սարաջևայի դասարանում։ Ի դեպ, պրոֆեսորն առաջինն է նկատում ու պնդում, որպեսզի բեմական գործով հմայված իր սանը սկսի դասավանդել։
Մենք էլ հավելենք, որ տարիներ անց Գայանե Գեղամյանի հետազոտական ուսումնասիրության երկու անդրադարձները՝ «Կյանքը և գործունեությունը», «Ա. Սարաջևայի վոկալ մեթոդիկան», նվիրվեցին իր պրոֆեսորին։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարներում՝ Գայանե Գեղամյանի հոբելյանական երեկոյից

























































